Գտնվել է անտառից համայնքների կախվածությունը մեղմելու բանաձևը

Գտնվել է անտառից համայնքների կախվածությունը մեղմելու բանաձևը

ԷկոԼուր

Անտառից կախվածության նվազեցման համար անտառամերձ համայնքները պետք է կայուն եկամուտ և էներգիայի այլընտրանքային աղբյուր ունենան: Այս կարծիքին են Տավուշի մարզի անտառամերձ Խաշթառակ և Դիտավան համայնքների ղեկավարները:

«Անտառը մեր ամենամեծ հարստությունն է, միշտ էլ օգտվել ենք: Մեր բնակիչները փայտով են տաքանում, գազը թանկ է: Ինչքան անտառտնտեսությունն է ուզում պաշտպանել անտառը, այդքան էլ գյուղացին, անգամ ավելի շատ. իրենց ջրերը, բնությունը անտառից են սկսվում», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը: Նա նշեց, որ լուրջ նպատակ ունեն զարգացնել արևային էներգիան: «Ֆրանսիական ֆոնդի միջոցով մեր համայնքում արևային էներգիայի կենտրոն է ստեղծվում: Դպրոցում, համայնքապետարանում, բոլոր պետական հիմնարկներում անվճար արևային ջրատաքացուցիչներ ենք տեղադրելու, բնակիչներին էլ սիմվոլիկ գումարով կտրամադրվեն: Եթե կարողանանք հոսանք էլ ստանալ արևային էներգիայով, սա կխթանի, որ անտառներն ավելի պաշտպանված լինեն: Այսօր պետք է այլընտրանքների վրա հենվել», - ասաց Խաշթառակի համայնքապետը:


Անդրանիկ Վիրաբյան` Խաշթառակի համայնքապետ

Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը համոզմունք հայտնեց, որ անտառից կախվածությունը հնարավոր է մեղմել միայն եկամուտների աճի շնորհիվ: «Օրենքով սահմանված 8 խմ թափուկը փոքր ընտանիքներին բավարարում է, մեծ ընտանիքներին չի բավարարում: Նրանց գոնե 10-12 խմ անհրաժեշտ է: Մենք զարգացման ծրագրեր ենք իրականացնում, որ ընտանիքների եկամուտներն ավելացնենք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մեր բարերարների միջոցով 21 անհատական ջերմատուն ենք կառուցել, նվիրատվություն է արվել համապատասխան ընտանիքներին, իրականացրել ենք կոոպերատիվի զարգացման ծրագիր, մեծ ջերմոց ենք կառուցել, որտեղ աշխատում է 6 ընտանիք: 4 ընտանիքի համար 3 հեկտար այգի ենք հիմնել, ևս 7.5 հեկտարը պլանավորում ենք հիմնել: Եկամուտների ավելացում է պետք, միայն այդպես կախվածությունը անտառից կթեթևանա», - ասաց Դիտավանի համայնքապետը:

Հակոբ Սարիբեկյան` Դիտավանի համայնքապետ

Անտառամերձ համայքների կախվածությունը անտառից մեղմելու համար ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագիրը համայնքների համար աջակցություն է նախատեսել: «Ծրագիրը ձեռք է բերել հակակարկտային ցանցեր: Դրանք տրամադրվել են անտառամերձ համայնքներին, որտեղ զբաղվում են պտղատու ծառերի մշակմամբ, որպեսզի բնակիչների մոտ ձևավորվի կայուն եկամուտ: Եթե բնակիչներն ունենան կայուն եկամուտ, հույս ունենք, որ նրանք կօգտագործեն ոչ թե վառելափայտ, այլ գազ: Այդպիսով և նրանց կենցաղը կբարելավվի, և անտառի վրա ճնշումը կթուլանա: Նախատեսում ենք նաև պասիվ արևային ջերմոցների ստեղծում, մրգերի չորանոցների տեղադրում: Իհարկե, սա բոլոր խնդիրները չի լուծի, բայց որոշ չափով կմեղմի կախվածությունը վառելափայտից», -ասաց Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը:

Հովիկ Սայադյան` ՄԱԶԾ-ԳԷՀ (UNDP-GEF) «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար

18:40 Հունիս 22, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news