ԷկոԼուր
Անտառների միջազգային օրը Հայաստանում նշեցին համեստ, չնայած նրան, որ երկրում անտառների պահպանման խնդիրները մնում են չլուծված: Սակայն սկզբում Անտառների միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության ուղերձի մասին. «Օվկիանոսներից հետո անտառներն իրենց մեծությամբ ածխածնի երկրոդ ռեզերվուարն են եւ դրա համար կարեւորագույն դեր են խաղում շրջակա միջավայրի պահպանման գործում: Հենց դրա համար 2015թ-ի օրվա թեման դարձել է կլիմայի փոփոխության դեմ պայքարը»:
Իսկ այժմ անտառների հետ կապված մեր խնդիրների մասին: Ցավոք, պաշտոնական աղբյուրներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական www.minagro.am կայքում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի www.hayantar.am կայքում եւ Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի www.forest-monitoring.am կայքում բացակայում է տեղեկատվություն ներկայումս Հայաստանի անտառային սեկտորի մասին:
Հրապարակված չեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ իրականացված անտառների մոնիտորինգի արդյունքները: Դրա հետ մեկտեղ տարբեր աղբյուրներից ստացված հատվածական տեղեկատվությունը տագնապ առաջացնող է, իսկ վստահեցումներն այն մասին, որ Հայաստանում անօրինական հատումներն աստիճանաբար նվազում են, կասկածի տեղիք են տալիս (Հայանտառի տվյալներով` 2014թ-ին Հայաստանում ապօրինի հատվել 1300-1400 ծառ):
Այսպես, ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով, միայն 2014թ.-2015թ. հունվար ժամանակահատվածում կազմվել է 20 արձանագրություն` «Դիլիջան» ազգային պարկում անտառախախտումների եւ անտառի դուրս բերման վերաբերյալ:
Բայց թե ինչ իրավիճակ է իրականում այլ անտառային տարածքներում, որտեղ վերահսկողությունն ավելի թույլ է, անհայտ է, եւ դժվար է պատկերացնել, որ բոլոր խախտումներ իրականացնողները` որսագողերը, փայտանյութ դուրս բերող խմբերը եւ այլն, հանգիստ են թողել 19 անտառտնտեսություները եւ «հարձակում» են իրականացրել միայն բնության հատուկ պահպանվող տարածքի`«Դիլիջան» ազգային պարկի վրա:
Հատուկ ընդգծենք Թեղուտի անտառի ոչնչացման խնդիրը: «ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014թ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները» հաշվետվության մեջ նշված է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված պայմանագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի եւ Լալվարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են անտառապատման աշխատանքներ 13.0 հա տարածքում եւ լրացման աշխատանքներ 44.4 հա տարածքի վրա: Բայց չկան տվյալներ այն մասին, թե որքան անտառ է հատվել Թեղուտում: Իսկ նման ստուգումներն անհրաժեշտ են, քանի որ կան էական տարբերություններ հատված տարածքների վերաբերյալ «Թեղուտ» ՓԲԸ-ի տվյալների եւ անկախ փորձագետների տվյալների միջեւ:
«Թեղուտ» ՓԲԸ-ի տվյալներով պետք է հատվի 357 հա անտառ: Սակայն ներկայացնենք ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության իստիտուտի գլխավոր մասնագետ երկրաբանական գիտությունների պրոֆեսոր Հրաչյա Ավագյանի հաշվարկները: Նա գրում է. «…ընկերությանն է հատկացվել 1970 հեկտար հողատարածք, որից 1589,6 հեկտարը անտառային ֆոնդի հողերն են…ընկերությանը հատկացված հողատարածքն ամբողջությամբ դրվելու է Թեղուտի հանքավայրի շահագործման եւ շահագործման հետ կապված օժանդակ կառույցների տակ (հակառակ դեպքում ինչո՞ւ է հատկացվել), անտառահատման ու ոչնչացման է ենթարկվելու ոչ միայն 1589,6 հեկտար «անտառային ֆոնդը», այլ դրանից շատ ավելին,- գրում է Հրաչյա Ավագյանը եւ բացատրում,- եթե զառիթափ լեռնալանջերում անտառապատ բաց հանքի տարածքը զբաղեցնում է 240 հեկտար, ապա ոչնչացման ենթակա անտառները ոչ թե կարող են զբաղեցնել հենց այդքան, (240հա տարածք), այլ դրանից մոտ 3 անգամ ավելի: Բանն այն է, որ բաց հանքից լեռնալանջերով վերեւ ընկած անտառները եւս ենթակա են ոչնչացման. այդ տարածքի ծառերը սնուցող ջրերը, կորցնելով ներքեւի ապարների դիմադրությունը, ազատ եւ սրընթաց հոսելու են դեպի բաց հանքի դատարկ տարածքը, որի հետեւանքով էլ բաց հանքից վերեւ ընկած տարածքի (մակերեսով մոտ 2 անգամ ավելի, քան բաց հանքի տարածքն է) ամբողջ ծառերը չորանալու եւ ոչնչանալու են: Հետեւապես ոչնչացման ենթակա անտառների մակերեսը կազմելու է ոչ թե 1589,6 հա, այլ մոտ 2070 հա»:
Մարտ 26, 2015 at 11:59