Հերթական բացառիկ գերակա հանրային շահ` այս անգամ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի օգտին

Հերթական բացառիկ գերակա հանրային շահ` այս անգամ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի օգտին

ԷկոԼուր

Դեկտեմբերի 8-ին ՀՀ  կառավարությունը որոշեց Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմանում ընդգրկված «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետությունից 147.51 հեկտար պահպանության նպատակով անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով տրամադրել «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին։ Կառավարության` ընկերությանը նկատմամբ այս բարեհաճությունն այսքանով չի սահմանափակվում, քանի որ  2010 թ. փետրվարի 25-ին կառավարությունը Արտավազ համայնքի 95,8 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տվել հողերը նույն «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին` քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման համար: Գյուղատնտեսության նախարարության հիմնավորումից պարզ է դառնում, որ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված այդ հողատարածքը «շրջապատված է անտառներով և անտառային հողերով, եւ որ անտառի առկայությունը կարևոր նշանակություն ունի քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման համար»:

Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հողատարածքը շրջապատող անտառային հողերի պահպանության և բարելավման ուղղությամբ, ինչն իր հերթին ենթադրում է ներդրումների կատարում:

«ԷկոԼուր»-ն արդեն գրել է, որ Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ մերժել է Գյուղատնտեսության նախարարության տվյալ անտառային տարածքը «ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին անհատույց տրամադրելու նախագիծը: Նախարարությունը որպես հիմնավորում բերել էր ՀՀ անտառային օրենսգրքի 32-րդ եւ 33-րդ հոդվածները` փաստելով, որ նշված անտառային հողերը մտնում են Արզականի եւ Մեղրաձորի հատուկ պահպանվող տարածքների մեջ: ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքն արգելավայրերի անհատույց օգտագործման տրամադրում չի նախատեսում»,- ասված է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին ուղղված նամակում: Հիշեցնենք, որ այդ նամակ-մերժման մասին տեղեկատվության արտահոսքի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հեռացվեց բարձրակարգ մասնագետ:

Արտավազ գյուղի մի շարք բնակիչներ հրաժարվում են իրենց հողերը ընկերությանը տալուց: Խնդրի առնչությամբ դատական գործընթացներ են սկսել, 2011թ. հոկտեմբերի 5-ին դիմել են ՀՀ նախագահին: «...150 ծուխ ունեցող գյուղից 126 ընտանիքի պատկանող հողերը պետք է վերցվեն... գյուղը կամ մատնվելու է սովի կամ հարկադրաբար տարհանման է դիմելու: Փաստորեն գյուղական համայնքի հողային ֆոնդի մոտ 80 տոկոսը հատկացվելու է ձեռքբերողին և գյուղացին չի կարողանա նույնիսկ անասնապահությամբ զբաղվել, քանի որ պարզապես ազատ հողատարածք առկա չէ: …Այդ երևակայական կազմակերպությունը, որը ձեռքբերող է ճանաչվել, ստեղծվել է 25.02.2010թ., ինչը հաստատվում է կից ներկայացվող իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրությամբ: Այդ նույն օրը` 25.02.2010թ., կազմակերպությունը ներկայացրել է դիմում` 1300 հա հողամաս իրեն հատկացնելու խնդրանքով: Ընդ որում առավել քան ապշեցուցիչ էր նաև այն փաստը, որ ՀՀ կառավարությունը հասցրել էր նույն օրվա ընթացքում ուսումնասիրել երկտող հիշեցնող այդ դիմումը և նույն օրվա ընթացքում կայացնել որոշում»:

«ԷՅ ընդ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ին անտառային հողերից տարածք տրամադրելու մասին» որոշման նախագծի աշխատանքներում ընդգրկված նախարարությունների թվում է նաեւ Բնապահպանության նախարարությունը, որը սկզբում մերժեց այս նախագիծը «անընդունելի է» ձեւակերպմամբ:

Դեկտեմբեր 08, 2011 at 14:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր