Կովկասյան ազնվացեղ եղջերուն վերադարձել է Հայաստան

Կովկասյան ազնվացեղ եղջերուն վերադարձել է Հայաստան

ԷկոԼուր

Երկար տարիներ Հայաստանի լեռնաշխարհից բացակայած կովկասյան ազնվացեղ եղջերուն վերադարձել է: Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում այս տարվա մարտին Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերու տեղափոխվել է «Դիլիջան» ազգային պարկ, այնտեղ կառուցված եղջերուների բազմացման կենտրոն: Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ներմուծված կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ արու։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխումը նախատեսվում է 2018 թ-ի երկրորդ կեսին։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է ՀՀ Տավուշի մարզ` ծանոթանալու կենդանիների պահպանման պայմաններին:

«Այսօր շնորհիվ ՀՀ կառավարության, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասնյակի (WWF), Կովկասի բնության հիմնադրամի (CNF) արդեն ունենք եղջերուների առաջին խմբաքանակը և նախատեսվում է նրանց թիվը շատացնել ոչ միայն բնական՝ բազմացման ճանապարհով, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից լրացուցիչ խմբաքանակներ բերելու շնորհիվ։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ՝ եվրոպական եղջերուների էգ առանձնյակներ ներմուծելու գործընթաց սկսելու վերաբերյալ», - Արծվիկ Մինասյանի խոսքերն է փոխանցում նախարարության պաշտոնական կայքը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտնել է, որ եղջերուների բազմացման կենտրոնը զբաղեցնում է 1 հեկտար տարածք, այստեղ պահպանվելու է եղջերուների մայրական կազմը՝ 3-4 արու և 10-11 էգ։ Ակնկալվում է, որ ամեն տարի կենտրոնում կունենան 9-10 ձագ, որոնք կտեղափոխվեն 9 հեկտար տարածքով ազատավանդակ, որտեղ կբացառվի նրանց շփումը մարդկանց հետ և մոտ 3 տարուց եղջերուների վրա կտեղադրվեն ռադիոորսակներ և նրանք բաց կթողնվեն վայրի բնություն։ Կարեն Մանվելյանը նաև նշել է, որ ազատավանդակները Էլեկտրական ցանկապատ ունեն՝ գիշատիչներից պաշտպանելու համար։

Նշենք, որ «Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» 2013 թ-ին նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը։

 

Ապրիլ 16, 2018 at 12:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր