Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԱնտառ

Անտառը հատվում է. ոչ ոք դրան չի խանգարում

Illegal Logging Continues in Armenia's "Unprotected" Forests
13:30 Օգոստոս 19, 2011

Լարիսա Փարեմուզյան, Հետք

Վերջին ամսվա ընթացքում թեև «Հետքը» անդրադարձել է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի «Ջիլիզա» և «Լալվար» անտառտնտեսությունների տնօրենների կողմից վերահսկվող անտառների անօրինական  ծառահատումներին և վառելափայտի յուրացումներին, այսուհանդերձ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության Թումանյանի տարածաշրջանի անտառներում անօրինական ծառահատումները շարունակվում են:

Այստեղ, փաստորեն, անտառից փայտանյութը տեղափոխվում է հիմնականում առանց անդորրագրերի: Օգոստոսի 14-ին «Հետքը» անօրինական փայտի տեղափոխման նոր փաստերի հանդիպեց  «Դսեղի անտառտնտեսության» Լորուտի անտառապետության տարածքում: 

Ահնիձոր գյուղ մտնող  ճանապարհին ժամը 18-ի սահմաններում կանգնած 4 բեռնատարներից 3-ը բեռնված էին փայտով: Ավտոմեքենաները նոր էին դուրս եկել անտառից, քանի որ ընդամենը ժամեր առաջ լրագրողներիս ավտոմեքենան Ահնիձոր գյուղ մտնելու ժամանակ դրանց այդտեղ չէր հանդիպել:

Ավտոմեքենայի մոտ կանգնած վարորդներից խնդրեցինք փայտի տեղափոխման օրինականությունը հաստատող փաստաթուղթ ցույց տալ. «Իմ ավտոն ա: Իմ անունս, զապի՞ս ես անում, անունս Գրիգորյան Գրիգոր է: Ունենք թույլտվություն: Հա, հմի տենաս,  հլա բի քու թուղը ես տենամ, սռազու իմ թղթիցս ես խոսում: Վա~յ ցավդ տանեմ, էս սարերում, ձորերում, օֆ է~...»,- ասաց 05 SL 042 փայտով բեռնված բեռնատարի վարորդը:

«Ասում ես ազգանունդ ի՞նչ է»,- կրկին հարցեցի վարորդին և կրկին խնդրեցի նրա ավտոմեքենային բեռնված վառելափայտի օրինականության փաստաթուղթը. «Տո ազիզ, ջան, ինչիդ ա պետք, թույլտվություն ունենք ազիզ ջան, առանց թույլտվության ըստի ով ա գալի: Էսա մեր նաչալնիգը, եկավ»,- կանգնած ավտոմեքենաներից մեկից իջնող մի երիտասարդի ցույց տվեց վարորդը:

«Դուք ո՞վ եք»,- նրան հարցրի: «Գեղացի տղա եմ էլի: Ես կապ չունեմ սրա հետ»,- պատասխանեց:

Բեռնատարներից մեկի վարորդը ներկայացրեց փաստաթուղթը. «Բեգլարյան Գագիկ, Մոտկորի վառելափայտ, Դսեղի անտառտնտեսություն, 13 խ.մ. փայտ»,- գրված էր անդորրագրում: Մեզ չէր հաջողվում ստանալ մյուս երկու ավտոմեքենաներին բեռնված փայտի օրինականության փաստաթուղթը:

«Արա հլա մի իրան ասա դու ներկայացրու քո փաստաթուղթը, տենանք ո՞վ է, ի՞նչ է: Սաղ Աղվանստանի հմա կռված, Նոյեմբերյանի հմա կռված տղա եմ, այ էդ զապիս արա: Արա, ոնց կարանք թուղթ չունենանք, թուղթ չունենանք ` էնա ոնց որ մեռելը դագաղ չունենա, արա»,- ասում էր իրեն Գրիգոր անվանողը:

Հավաքվածներին ներկայացրի լրագրողական վկայականս. «Վերևից ասում են` կտրում ենք, ժուռնալիստ ես, մենք քիր ու ախպեր ենք, շոֆերներին նեղացնում ես: Իրար հետ պտի հարմարվենք» ,- ասաց իմ զրուցակից վարորդը, ով ինձ նաև մեկնեց վարորդական իրավունքի իր փաստաթուղթը:

Պարզվեց, որ նրա ազգանունը ոչ թե Գրիգորյան Գրիգոր, այլ, Մելսիկ Այվազյան է. «Սա պռավես ա, ցավդ տանեմ: Ջահել վախտվա պռավես ա: Հմի նոր եմ գրաժդանին դառել, նոր եմ Ռուսաստանից եկե: Կնիկս մի ամիս է երեսս չի տեսել, բերում ես ինձ նկարում ես, որ տելեվիզր գցես»: Բեռնատարների մոտ «Դսեղի անտառտնտեսության» որևէ աշխատակից չկար, սակայն վարորդները ասացին, որ զանգահարել են անտառապետին, ով էլ շուտով կգա. «Սօր մեզ հմա պռազնիկ ա, դու էլ ասում ես խմած ես, հմի կարող է մի բան էլ դու ըլես խմած: Սխա՞լ եմ ասում, բա ցավտ տանեմ, քիր ջան, մենք ձերոնք ենք, դու քո լոռեցու մասին ինչը տես գրի, էնա սաղս քաշված լոռեցի ենք էլի: Դու մեր քիրն ես, պարզ ասեմ, լավ էլ գիտես դու դա,- շարունակում էր ինձ հետ բանակցել Մելսիկը. «Էդ խի չես տելեվիզրով խոսում, ասում` գազը էժանացրեք, որ էս անտառը թլանենք ոչ: Բա տանենք ոչ, երեխանցը ցրտիցը ջարդենք»,- ասաց փայտ տանողներից մեկը, ով մարցեցի էր:

«Օրինական պետք է տանել փայտը, ով է ասում մի տարեք»,- պատասխանեցի ես:  «Չես կարա օրինական տանես, ձև չկա: Չի կարա դա լինի»,-կրկին մեջ ընկավ գինովցած Մելսիկ Այվազյանը:

Մինչ մենք զրուցում էինք հավաքվածների հետ, ավտոմեքենայով մեզ մոտեցավ Լորուտի անտառապետը` Թոմ Մաթևոսյանը. «Լրիվ օրինական են տանում փայտը: Ո՞նց չկա անտառտնտեսության ներկայացուցիչ, բա ես ո՞վ եմ, 15 հազար հա անտառ ա, ես ո՞ր մի տեղը կարամ ըլեմ»,- ասաց անտառապետ Թոմը: Վերջինս ասաց, որ վերևից եկած բանա, էս փայտի տեղափոխումը. «Գյուղնախարարության և Հայանտառի հրամանով է: Սիրուն չի ուղղակի, որ ձայնագրում եք, ես Ձեզ հարգելով եկել եմ, հասել են ստեղ եք, եկել եմ»,- ասաց Թ. Մաթևոսյանը:

Թե ինչու երկու ավտոմեքենաներ փայտ են տեղափոխում օրենքի խախտումով` առանց փայտանյութի տրամադրման անդորրագրի, անտառապետը պատասխանեց. «Ունեն նրանք փաստաթուղթ, կարաք օրենքով ճշտեք, կարաք Դսեղով ճշտեք»: Անտառապետը փորձում էր շրջանցել, որ օրենքով սահմանված կարգով անդորրագիրը դեռ անտառ մտնելուց առաջ պետք է տրվեր փայտը ստացողներին. «Փաստաթղթերը ես եմ տալիս իրենց, առանց իմ ստորագրության չի կարա լինի: Հիմնարկում է, եթե Ձեզ հետաքրքրում է, կարամ գնանք, հիմնարկից տանք: Ավտոմեքենաներին բեռնված փայտը բոխի և հաճարի է, 4 հատատեղ ունենք»,- ասաց Թոմ Մաթևոսյանը:

Վերջինս ադորրագրի մասին խոսքը անընդհատ «կտուրն էր գցում». «Մեկն ունի, մնացածներն էլ կունենան»,- ասում էր նա: Թ. Մաթևոսյանը բացատրեց, որ փայտը անտառից հանվում է ինքնապատրաստումով, եթե ինքնապատրաստումով է փայտով բեռնված, ավտոմեմենան անտառից պետք է դուրս գա անդորրագրով: Թոմն ասաց, նաև որ փայտի օրինականության փաստաթուղթը տեսնելու համար պետք է իր հետ գնանք Դսեղ: «Երկու ինստիտուտ, եթե ավարտել եմ, 10 տարի էլ Երևան մնացել եմ, երևի մի բան էլ ես եմ հասկանում,-ասաց անտառապետը, ում լրագրողներով առաջարկեցինք իր հետ միասին գնալ «Դսեղի անտառտնտեսություն» և տեղում տեսնել իր առաջարկած փաստաթղթերը. «Բա որ Ձեզ հետ գամ, ում հետ ետ գամ, որ էս մարդկանց գործը լրիվ ավարտին հասցնենք»,- ասաց նա:

Հետո անտառապետը առաջարկեց մեկ ժամ սպասել, հետո հիշեց, որ օրն աշխատանքային չէ: Նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Լորուտ- Մարց ճանապարհին հարող անտառում «Հետքը» հանդիպեց AM 17 OS 280 համարանիշով փայտով բեռնված մեկ այլ բեռնատարի: Երբ մեր ավտոմեքենան կանգնեց, բեռնատարի մոտ կանգնած 4 տղամարդիկ ավտոմեքենայի մոտից վազելով փախան: Ամեն ինչ օրինական լինելու դեպքում նրանք հազիվ թե փախչեին: Մեզ մնում էր նկարել անօրինական հատված փայտով բեռնված նաև նրանց բեռնատարը:

Ոչ այնքան հեռվից` անտառի խորքից, լսվում էր բեռնված մեկ այլ ավտոմեքենայի «հևոցը», որը փայտահատների փախչելուց հետո կտրուկ լռեց: Մոտկորում էլի շրջելու դեպքում անտառից դուրս եկող անօրինական փայտով բեռնված դեռ շատ բեռնատարների կարող էինք հանդիպել: Այստեղ դժվարը անօրինական անտառահատումները կասեցնելուն կոչված իրավապահների հանդիպելն է: