ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 31-ին գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին եւ ուղարկեց ՀՀ ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով: Փոփոխություններով մասնավորապես առաջարկվում է թույլատրել կառուցապատումը անտառային տարածքներում, հանել անտառային տոմս հասկացությունը եւ այլն: Առաջադրած փոփոխությունները բացասաբար ընդունվեցին բնապահպան հասարակայնության կողմից: Սույն թվականի ապրիլի 15-ին՝ «ԷկոԼու» մամուլի ակումբում, տեղի ունեցած «Անտառի կայուն կառավարումը որպես կլիմայի քաղաքականության անբաժանելի մաս» թեմայով կլոր սեղանի ժամանակ հասարակայնության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին այդ փոփոխություններին: Ներկայացնում ենք «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի ելույթը կլոր սեղանի ժամանակ:
«Անտառային օրենսգրքում այսպիսի փոփոխություններ անելու մտահղացումը դեռ մեկ-մեկուկես տարի առաջ է առաջացել: Այս կապակցությամբ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել անտառային ոլորտի մասնագետների հետ, այդ թվում ինձ հետ, և քննարկել են նման փոփոխությունների նպատակահարմարությունը: Ես հստակ հայտնել եմ իմ կարծիքը, որ այսպիսի փոփոխությունները անթույլատրելի են և անօրինական: Այնուհետ, կազմակերպվել են երկօրյա աշխատանքային քննարկումներ Դիլիջանում, որտեղ բոլոր հրավիրված մասնագետները, այդ թվում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ գյուղնախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, դեմ են արտահայտվել և քննադատել առաջարկված նախագիծը, հիմնավորելով, որ այս փոփոխությունները կարող են լրիվ կործանարար ազդեցություն ունենալ մեր անտառների և ընդհանրապես բնապահպանական անվտանգության վրա: Տրամաբանական է, որ դրանից հետո պետք է այդ նախագծին ընթացք չտրվեր: Սակայն, սպասելով «ամենահարմար» պահի, երբ հայ ժողովուրդը կենաց և մահու պայքար է տանում արտաքին թշնամու դեմ, այստեղ փորձում են «լուռ» անցկացնել մի նախագիծ, որն ի սպառ կոչնչացնի, առանց այդ էլ անհետացման եզրին կանգնած մեր անտառները, նպատակ ունենալով հերթական անգամ բավարարել մի քանի պաշտոնյայի կամ օլիգարխի ընչաքաղցությունը: Անտառների նկատմամբ նման վերաբերմունքը անօրինական է և անբարոյական, իսկ մեր երկրի համար այս վտանգավոր և ծանր ժամանակաշրջանում նաև` հանցավոր:
Ես կփորձեմ, վերլուծելով «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի հիմնավորումները, ներկայացնել իմ կարծիքը և հիմնավորումները յուրաքանչյուր առաջարկի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է նշել, որ անդրադառնալով որոշ տեխնիկական հարցերի կարգավորմանը /օր. անտառային տոմս, վարձակալության պայմանգիր և այլ/, որոնք ըստ էության որևէ ազդեցություն չունեն անտառների վիճակի և պահպանման վրա, փորձ է արվել քողարկել մի կարևոր հարց` անտառներում կառուցապատման իրավունքի տրամադրումը, ինչը կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի անտառների վրա: Պատահական չէ, որ ԾԻԳ-ի հիմնավորումներում երկուսուկես էջ հատկացված է անտառային տոմսի վերացման հիմնավորումներին, սակայն անտառներում կառուցապատման մասին գետ մեկ խոսք չկա, սակայն որպես ակնկալվող արդյունք նշված է` «ՀՀ Անտառային օրենսգրքում ներդնել կառուցապատման իրավունքի ինստիտուտը» :
ԾԻԳ-ի հիմնավորումներում նշված է, որ հակասություններ կան ՀՀ հողային և ՀՀ անտառային օրենսգրքերում: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ անտառային օրենսգրքի 33-րդ հոդ. 1-ին մասից հանել «անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման պայմանով» դրույթը: Այս հոդվածում նշված է. «1. Պետական անտառային հողերը ոչ անտառածածկ և բնական վերաճ չունեցող տարածքներում կարող են տրամադրվել անհատույց օգտագործման անտառի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պայմանով, եթե օգտագործողներն իրենց սեփական միջոցներով, անտառապատման կանոններին համապատասխան, իրականացնում են անտառապատում, և դրանք փոխադրվում են անտառի շարք:» Ինչպես տեսնում եք, այս հոդվածում ընդհանրապես խոսք չկա անտառային հողերը կամ պետական անտառը սեփականության իրավունքով տրամադրելու մասին, հետևաբար, այն չի հակասում` ոչ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ, ոչ էլ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներին: Նշված նորմը նախատեսվել է ՀՀ Անտառային օրենսգրքում, որպեսզի խթանի մասնավոր, կամ միջազգային կազմակերպություններին տնկել անտառ, այն տարածքներում, որտեղ երբևիցե անտառ չի եղել կամ բնական վերաճ չկա և մեր պետությունը մոտակա մի քանի տասնամյակում այդ տարածքներում չի կարողանալու անտառ տնկել: Այս նորմը նախատեսում է, որ այդ անձը, որը ցանկություն է հայտնել նշված տարածքներում անտառ հիմնել, պետք է շուրջ 10-12 տարի հսկայական ծախսեր անի` հողի բերի շերտը վերականգնի, տնկիներ գնի, դրանք տնկի, ջրի, խնամի, անտառի շարք անցկացնի, որից հետո միայն կարող է դառնալ այդ անտառի սեփականատերը և պարտավոր է շարունակել ծախսեր անել անտառպաշտպանական և անտառպահպանական աշխատանքներ կատարելու համար: Այս նորմը ոչ մի կերպ չի կարող բացասական ազդեցություն ունենալ անտառների վրա, հակառակը, դրանից կշահի մեր հասարակությունը, ունենալով լրացուցիչ անտառային տարածքներ: ՀՀ Անտառային օրենսգիրքը ընդունելուց անցել է տասնմեկ տարի, այս ժամանակահատվածում որևէ մեկը չի դիմել, նշված հոդվածով նախատեսված կարգով անտառ հիմնելու խնդրանքով, որովհետև այդ գործընթացը մեծ գումարներ և ժամանակ է պահանջում, իսկ մեր մեծահարուստները սովոր են միայն պատրաստի արդյունքին տիրանալու:
Այնուհետ, ԾԻԳ-ը առաջարկում է ՀՀ Անտառային օրենսգրքից հանել «առանց հողի վարձակալության կողմնակի անտառօգտագործման իրավունքը` անտառօգտագործման պայմանագիրը և անտառային տոմսը»: Տվյալ դեպքում անտառօգտագործման իրավունքը նույնացվել է պայմանագրի և անտառային տոմսի հետ, հաշվի չառնելով, որ պայմանագիրը և անտառային տոմսը միայն իրավունք հաստատող փաստաթուղթ են, իսկ անտառօգտագործման իրավունքը գոյություն ունի անկախ այդ փաստաթղթերի առկայությունից: Հիմնավորումներում նշում են, որ հատապտուղներ, սնկեր և անտառաբույսեր հավաքելով, քաղաքացիները օգտվում են հողի պաշարներից՝ առանց վարձակալության: Առաջինը, դրանք հողի պաշարներ չեն, այլ անտառի պաշարներ են, երկրորդը, ինչու՞ է պետք կնքել հողի վարձակալության պայմանագիր, լրացուցիչ վճարներ անել և ժամանակ կորցնել նոտարական և կադաստրային ձևակերպումների վրա, եթե կա անտառօգտագործման պայմանագիր և այն բավարարում է բոլոր պահանջները: Բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում հատապտուղ կամ սունկ հավաքելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելը, եթե մի թուփը այստեղ է, մյուսը այնտեղ, ինչպե՞ս պետք է որոշվեն վարձակալության սահմանները: Ինչպես նաև, հաշվի չեն առնվել, որ նույն անտառային տարածքի համար կարող են կնքվել տարբեր անտարօգտագործման պայմանագրեր միաժամանակ /օր. հատկացնել անտառը մեղվափետակների տեղադրման համար և միաժամանակ կարող է այլ անձի տրվել նույն տարածքում հատապտուղ հավաքելու անտառային տոմս/, ինչը վարձակալության դեպքում անհնար է: Այս առաջարկը ԾԻԳ-ը հիմնավորում է նրանով, որ որ անտառօգտագործման թույլտվությունը լիարժեք չի ծառայում իր նպատակին, քանի որ սահմանված չեն հսկման հստակ մեխանիզմներ. որ 2013-14 թվականներին գյուղնախարարություն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ընդհանրապես անտառային տոմս չի հատկացրել, ինչպես նաև որ անտառային պաշարների հաշվառում չի արված: Ուրեմն փոխանակ անտառային պաշարները հաշվառեն և հսկման հստակ մեխանիզմ սահմանեն, առաջարկվում է հանել, նույնիսկ այն մեխանիզմը, որն այսօր առկա է: Հարց է առաջանում, եթե անտառային տոմսը և անտառօգտագործման պայմանագիրը հանենք, դրանից հսկման մեխանիզմը կբարելավվի՞, թե անտառի պաշարները կհաշվառվե՞ն, թե անտառի ոչ բնափայտային պաշարները կպահպանվե՞ն: Սա նման է նրան, որ եթե վերջին հինգ տարում որևէ սպանության կամ գողության գործ չբացահայտվի, համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով, առաջարկենք հանել Քրեական օրենսգրքից սպանության և գողության վերաբերյալ հոդվածները:
Այսպիսով, անընդունելի է ԾԻԳ-ի առաջարկը` անտառի ոչ բնափայտային անտառանյութի մթերումը` արդյունաբերական օգտագործման նպատակով, առանց անտառային տոմսի և անտառօգտագործման պայմանագրի, այն էլ այն դեպքում, որ վերջին տարիներին ավելացել են վայրի հատապտուղների, բույսերի վերամշակումը և արտահանումը: Դրանով մենք անդառնալի վնաս կպատճառենք անտառային կենսաբազմազանությանը, այդ թվում Կարմիր գրքում նշված բուսատեսակներին, կվատթարացնենք անտառամերձ համայքների բնակիչների, առանց այդ էլ ծանր, սոցիալական վիճակը, քանի որ իրենց մեծ մասը գոյատևում են հատապտուղների և այլ անտառանյութի վաճառքով:
Այս կապակցությամբ, ԾԻԳ-ը առաջարկում է նաև ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից հանել համապատասխան հոդվածները, որոնք նախատեսում են պատժամիջոցներ այդ իրավախախտումների համար: Անհրաժեշտ է նշել, որ այս նորմերի խախտման համար պարտադիր պետք է նախատեսված լինեն պատժամիջոցներ և այդ նորմերը նախատեսված են նաև ՀՀ Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի նախագծում, որն արդեն անցել է համաձայնեցումների փուլը և պետք է ներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
ԾԻԳ-ը նշում է. «ներկայումս բնափայտի մթերումն իրականացվում է առանց մրցույթի` առանց հողի վարձակալության»: Հարց է առաջանում` ինչու՞ է պետք հողի վարձակալությունը տվյալ դեպքում: Առաջարկություն անողները մոռանում են, որ անտառը ինքնուրույն բնության օբյեկտ է և կարգավորվում է անտառային օրենսդրությամբ: Այնուհետ, առաջարկում են հանել անտառտնտեսական աշխատանքների կատարման մասին պայմանագիրը և թողնել միայն անտառահատման տոմսը: Այս առաջարկությունը նույնպես ընդունելի չէ, քանի որ պայմանագրում մանրամասն սահմանվում են անտառտնտեսական աշխատանքների կատարման բոլոր պայմանները, կողմերի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, ինչը հնարավոր չէ մեկ էջից բաղկացած անտառահատման տոմսում ընդգրկել: Բացի այդ, այս առաջարկը նաև անիմաստ է, քանի որ պայմանագրի վերացումը որևէ իրավական, բնապահպանական կամ տնտեսական խնդիր չի լուծում:
Անհասկանալի նաև, թե ինչու են առաջարկում ՀՀ անտառային օրենսգրքի 34-րդ հոդվածից հանել անտառօգտագործողների իրավունքների վերաբերյալ բոլոր դրույթները, այն դեպքում, որ իրենց հիմնավորումներում ընդհանրապես դրա մասին չի խոսվում:
Վերջապես, ամենակարևոր հարցը, ինչի համար արվում են սույն փոփոխությունները, սակայն որի մասին հիմնավորումների մեջ բառ անգամ չկա, դա անտառներում պետական անտառային հողերի վրա կառուցապատման իրավունքի տրամադրումն է, այսինքն, նախատեսվում է անտառները հատկացնել կառուցապատման նպատակով: Այս առաջարկը ամբողջովին անօրինական է, քանի որ հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմերին: Այսպես, ՀՀ անտառային օրենսգրքի 34-րդ հոդ. 3-րդ մասում նշված է. «3. Անտառային հողերում անտառային տնտեսության կարիքների համար շինարարական աշխատանքները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով:» Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 25-րդ հոդ. 41 մասում նշված է. «41 . Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:» Սա նշանակում է, որ թույլ է տրվում կառուցել շենքեր և շինություններ միայն անտառային կարիքների համար /օրինակ, անտառապահի տնակ կամ հակահրդեհային կառույցներ/, այլ ոչ թե հյուրանոցներ, ռեստորաններ կամ այլ զվարճանքի տներ: Իսկ ամենակարևոր նորմը, որ ընդհանրապես անտեսվել է, դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202 հոդվածի 6-րդ մասն է , որտեղ ասվում է. «6. Հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:» Իսկ նույն հոդվածի 8-րդ մասում հստակ նշված է. «8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով»: Այսինքն, համաձայն այս նորմի չի կարելի վարձակալությամբ հանձնած պետական կամ համայնքային հողի վրա որևէ կառուցապատում անել: Ես կարծում եմ, որ այստեղ խորամանկություն են արել, նշելով «կառուցապատման իրավունքով տրամադրել», որպեսզի քննարկման փուլում մեծ աղմուկ չլինի, իսկ Ազգային ժողովում մեկ բառ փոխելով այն անցկացվի: Հողը պետք է տրամադրվի կամ վարձակալության կամ սեփականության իրավունքով, առանձին կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր օրենսդիրը չի նախատեսում, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդ. 8-րդ մասում հստակ նշված է, որ կառուցապատման համար հողամասը պետք է տրամադրվի միայն սեփականության իրավունքով, հետևաբար, ստացվում է այնպես, որ կառուցապատման իրավունք թույլ տալով, թույլ ենք տալիս անտառային հողերի սեփականաշնորհումը, ինչը արգելված է ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածով:
Հատկանշականն այն է, որ չի էլ թաքցվում այս փոփոխությունների հիմնական նպատակը: Հիմնավորումներում նշված է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման քաղաքականություն: Այսինքն, բիզնեսը և շուկան մտցնում են անտառ, որովհետև էլ տեղ չունեն զարգանալու, բոլոր քաղաքներում ավերել են այգիները, կանաչ գոտիները, մնացել է անտառը, որն արդեն հոգևարքի մեջ է: Ի՞նչ է նշանակում կառուցապատում: Դա միայն այն շենքերը չեն, որ կառուցվելու են , այնտեղ պետք է կառուցվեն նաև ճանապարհներ, մեքենաների կայանատեղեր, անցկացվեն ջրագիծ, կոյուղագիծ, էլեկտրականություն, ստեղծվի այդ շենքերը սպասարկելու ինֆրակառուցվածք: Ինչպե՞ս են պատկերացնում, որ անտառում այդ ամենը կառուցվելու է: Արդյո՞ք դրանից հետո մենք անտառ կունենանք:
Հիմնավորումների եզրափակիչ մասում նշվում է, որ այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել պետական համայնքային անտառներում հողային հարաբերությունների և անտառային օգտագործման ոլորտներում համապատասխան օրենսդրության փոփոխություններ, որպես արդյունք նշվում է, որ դա կնպաստի անտառային հողերի առավել արդյունավետ կառավարմանը: Աբսուրդ , ուրեմն առանց անտառների կառուցապատման մենք չե՞նք կարողանում անտառային հողերը կառավարել, ստացվում է այնպես, որ անտառն է խանգարում հողերի արդյունավետ կառավարմանը, դրա համար եկեք վերացնենք անտառը: Որպես փոփոխությունների արդյունք նշվում է նաև այն, որ դա կնպաստի փոքր բիզնեսի զարգացմանը, սա էլ է աբսուրդ: Փոքր բիզնեսը այդքան միջոցներ չունի, որ մտնի անտառ ու կառուցապատի, սա ուղղված է միայն խոշոր բիզնեսի զարգացմանը:
Այս ամենը ամփոփելով, չեմ հասկանում` թե ինչպես է այս նախագիծը քննարկվել տարբեր նախարարություններում և ստացել դրական եզրակացություն: Օրինակ, ինչպե՞ս ՀՀ բնապահպանության նախարարությունը որևէ առարկություն չի ունեցել այս նախագծի վերաբերյալ, թե՞ անտառը, անտառային կենսաբազմազանությունը, այդ թվում Կարմիր գրքում նշված բուսատեսակները այլևս բնական օբյեկտներ չեն կամ չեն գտնվում այդ նախարարության պահպանության ներքո: Ինչպե՞ս ՀՀ արդարադատության նախարարությունը չի անդրադարձել վերը նշված հակասություններին, ինչպե՞ս է նշում որ կոռուպցիոն ռիսկեր նախագիծը չի պարունակում, թե՞ կարծում է, որ անտառը գեղեցիկ աչքերի համար է տրամադրվելու կառուցապատման: Անհասկանալի է, թե ինչպե՞ս ՀՀ գյուղնախարարությունը որևէ առարկություն չի գրել անտառներում կառուցապատման, ոչ բնափայտային անտառանյութը անկանոն և անվերահսկելի օգտագործման առաջարկների վերաբերյալ: Ինչպե՞ս ՀՀ Առողջապահության նախարարությունը չի անդրադարձել այն հարցին, որ կառուցապատման արդյունքում հատվելու են անտառներ, ինչը բացասական ազդեցություն կունենա կլիմայի, մթնոլորտային օդի, ջրերի, քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, որն ուղղակի ազդեցություն կունենա մարդու առողջության վրա: Մնացած նախարարությունների մասին նույնիսկ չեմ ուզում խոսել: Վերջապես ամենակարևորը, որ բոլոր նախարարությունները և գերատեսչությունները հայտնում են իրենց հեղինակավոր կարծիքը և փորձում են անտառի ճակատագիրը լուծել, իսկ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին նախագիծը նույնիսկ չի տրամադրվել` կարծիք հայտնելու: Սա այն դեպքն է, որ «Հայանտառի» այս կարգավիճակը ուղղակի չի նպաստում Հայաստանի անտառների պահպանմանը և արդյունավետ կառավարմանը»:
Կլոր սեղանին մասնակցում էին «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի փորձագետ Սոնյա Հովսեփյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անտառային տնտեսության բաժնի պետ Արթուր Պետրոսյանը, ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, Հայաստանում ENPI FLEG ծրագրի հաղորդակցության եւ իրականացման խորհրդատու Սիրարփի Հայկազյանը, Հայաստանում ENPI-FLEG ծրագրի համակարգող Լյուբա Բալյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի անտառային բաժնի անտառագետ Վահե Մարտիրոսյանը, «Մայրի» հասարակական նախաձեռնության անդամ Արմենուհի Պետրոսյանը, «Խազեր» ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը, ԷկոԼուրի թիմը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:
Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Ապրիլ 25, 2016 at 16:34