Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է «Հայանտառ»-ը վերածել շահութաբեր կառույցի

Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է «Հայանտառ»-ը վերածել շահութաբեր կառույցի

ԷկոԼուր

«Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարություն կատարած այցի ժամանակ: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն:
Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, որով նախատեսված էր անտառները հանձնել ՀՀ բնապահպանության նախարարության պահպանությանը: Իսկ 2017թ-ի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ բնապահպանության նախարարության կազմում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիրը:

Սևանա լճի վերաբերյալ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեռ պահպանվում է լճի 13 մ թափանցիկությունը: Նշվել է, որ Սևանում որոշտեղերում ռիսկային ցուցանիշներ են գրանցվել: Հիշեցնենք, որ 2017թ-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, 100 մլն խմ ավելի օրենքով սահմանված ծավալից, և արդյունքում լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ եթե Սևանա լճի մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները մտահոգիչ ազդակներ են հաղորդում, պետք էհամապատասխան գործողություններ իրականացվեն: Վարչապետը բնապահպանության նախարարին հանձնարարել է տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ-ին մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի վերաբերյալ:

Արարատյան դաշտի վերաբերյալ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են, որ 2017 թ-ին լուծարվել է 1, կոնսերվացվել 16 և փականային ռեժիմի բերվել 150հորատանցք: Խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 4952 լ/վ, որը տարեկան կազմում է շուրջ 156 մլն/խմ: Միայն ձկնաբուծական տնտեսությունների մասովարձանագրվել է 23 տոկոս ջրախնայողություն:
էկոտուրիզմի ոլորտի վերաբերյալ զեկուցվել է. 2017 թ-ի ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելել է 549.128 զբոսաշրջիկ` 2016 թ-ի համեմատ 56.844-ով ավելի: Արդյունքում ստացված եկամուտը կազմել է 226,77 մլն դրամ` 2016 թ-ի համեմատ 47,37 մլն դրամով ավելի:

Վարչապետը նշել է, որ զբոսաշրջության զարգացման առումով պետք է ավելի հավակնոտ նպատակ դնել և ավելի լուրջ ցուցանիշների հասնել՝ հաշվի առնելով մեծներուժի առկայությունը: Նա հանձնարարել է շարունակել աշխատանքը «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության մշակման շուրջ,ինչպես նաև ներկայացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման ծրագիր: Նշենք, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածք ստեղծել:

Լուսանկարը՝ gov.am

15:21 Փետրվար 07, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news