Առաջարկություններն ընդունվում են, բայց փող չկա

Առաջարկություններն ընդունվում են, բայց փող չկա

ԷկոԼուր

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդունել «ԷկոԼուր»  տեղեկատվական ՀԿ-ի «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի հետ համատեղ մշակած` անտառային ոլորտի բարեփոխումներին ուղղված  գրեթե բոլոր առաջարկությունները: Այս մասին 13.12.2011թ. թիվ ԱՊ03.3/6418-11 նամակով

«ԷկոԼուր»-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանը` նշելով նաեւ. «Ինչպես Ձեր, այնպես էլ միջազգային փորձագետների առաջարկություններն ու Անտառի ազգային ծրագրի եւ Անտառի ազգային քաղաքականության եւ ռազմավարության դրույթներն ամբողջությամբ հնարավոր է իրականացնել միայն համակարգի տեխնիկական վերազինման եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, մարդկային ռեսուրսների հզորացման, ինչպես նաեւ ֆինանսական երկարատեւ ներդրումների արդյունքում»:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ կառավարությանն ուղղված «ԷկոԼուր»-ի առաջարկությունները:

 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ անտառային ոլորտի վիճակի բարելավման և ապօրինի հատումները կանխելու վերաբերյալ

Շատ ցանկանալու դեպքում անտառը կարելի է փրկել: Այսպես են կարծում անկախ փորձագետները, այսպես են կարծում մարդիկ, ովքեր ապրում են անտառի կողքին:

Անտառի կառավարմանն առնչվող բոլոր հարցերը լուծվում են Երեւանում, բայց ոչ այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր կանգնած են խնդրի առաջ` կտրել ծառը եւ պատժի ենթարկվել, թե սառել եւ մնալ սոված:  Եւ նման ընտանիքները տասնյակ հազարավոր են:  Միայն Տավուշի մարզում (չճշտված տվյալներով) 30 հազար ընտանիքներ տարեկան վառում են ամենաքիչը 7խմ վառելափայտ:

Տեղական բնակչությունը շահագրգռված չէ անտառի պահպանմամբ: Նրանց մուտքն անտառ սահմանափակ է: Նրանք չեն մասնակցում անտառկառավարմանը: Անտառ են գալիս օտարները (իրենց համար) եւ հատում են անտառն այն վայրերում, որոնք կարող էին օգտագործվել համայնքի համար: Օգտագործում են նրանց ճանապարհները, ոչնչացնում են հատապտուղների թփերը եւ այլն: Տարածքի, ճանապարհների, արոտավայրերի օգտագործման եւ վնասի համար համայնքը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ նաեւ ստիպված է, օրինակ, հողի հարկ վճարել նույնիսկ այն դեպքում, եթե այդ տարածքը անտառօգտագործման պատճառով անպետք է դարձել:

Բնակիչներն ընդհանրապես չեն մասնակցում հատատեղիների ընտրության գործընթացին: Նրանք բողոքում են, որ իրենց թափուկների համար ուղարկում են հեռավոր վայրեր, երբեմն նույնիսկ գյուղից 10-12 կմ հեռու: Թե ինչպես եւ ինչքան փայտանյութ կարելի է դուրս բերել անհասանելի վայրերից, հայտնի չէ: Հարց` որտեղի՞ց է անտառը վերցվում տեղի բնակչության կարիքների համար, եթե, ըստ անկախ փորձագիտական գնահատականների, պահանջարկը կազմում է 500-700 հազար խմ: Արդյո՞ք այստեղ բարձր կոռուպցիոն ռիսկեր չկան: Անտառի կողքին ապրող մարդիկ պետք է դառնան անտառի ամենալավ պահապանները: Նրանց պարզապես պետք է տալ այդ հնարավորությունը:

Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ անտառի կառավարման հարցում: Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ: Բայց, գլխավորը, քաղաքական կամք է պետք, որպեսզի այդ բարեփոխումներն իրականացվեն:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն անկախ փորձագետ «Հայաստանյան անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի հետ միասին ներկայացնում են անտառային ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկություններ:

Անհրաժեշտ է.

1.նախատեսել պետական բյուջեում բավարար գումար անտառի կառավարման, պահպանության, պաշտպանության, խնամքի. վերականգման և նոր անտառների հիմնման համար

2.կատարելագործել անտառի կառավարման և վերահսկողության համակարգը, կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ`

  • բարձրացնել «Հայանտառ»-ի իրավական կարգավիճակը /տալ նախարարության կան պետական կոմիտեի կարգավիճակ/
  • ստեղծել «Հայանտառ»-ի կազմում անտառի պահպանության պետական ծառայություն` օժտելով ծառայության աշխատողներին /անտառապահներին/ լայն իրավազորություններով /օր.` իրավախախտողներին պատասխանատվության ենթարկելու, տեխնիկական միջոցները, գործիքները և անօրինական ճանապարհով ստացված փայտանյութը առգրավելու և այլն/, ապահովելով անհրաժեշտ միջոցներով  /զենք, համազգեստ, տրանսպորտային, կապի և այլ միջոցներ/ և նախատեսելով անտառխախտումների հայտնաբերման համար խրախուսման միջոցներ /օր.` լրացուցիչ վճարել անտառապահին իր կողմից հայտնաբերված խախտումների համար գանձված տուգանքի որոշակի տոկոսի չափով/
  • ստեղծել անտառպաշտպանության ծառայություն` ապահովելով վերջինիս անտառը վնասատուներից, հիվանդություններից և հրդեհներից պաշտպանելու բոլոր անհրաժեշտ միջոցներով /ինքնաթիռ, ուղղաթիռ, տրանսպորտ, սարքավորումներ, թունաքիմիկատներ և այլն/
  • ստեղծել սերմնային, տնկարանային տնտեսություններ
  • տարանջատել անտառի կառավարման և օգտագործման գործառույթները

3.կատարելագործել անտառի վերահսկողության համակարգը`

  • ունենալ պետական վերահսկողության մեկ մարմին` արգելելով այլ պետական կազմակերպություների վերահսկողություն կատարել
  • կիրառել անտառի հասարակական վերահսկողության ինստիտուտը

4.կատարելագործել անտառի մոնիտորինգի համակարգը` նպատակ ունենալով ճշգրիտ, թափանցիկ և ժամանակին ապահովելու անտառային ոլորտը անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությամբ և վերլուծությունների արդյունքներով

5.անցկացնել անտառի գույքագրում և հաշվառում` օգտագագործելով առաջատար տեխնոլոգիաներ, այդ թվում տիեզերական նկարահանումներ

6.կազմել  գիտականորեն հիմնավորված անտառշինական պլաններ /երկարատև` 10 տարվա և կարճատև` 5 տարվա/` հաշվի առնելով իրական վիճակը` գույքագրման տվյալների հիման վրա, ներգրավելով անտառամերձ համայնքների ներկայացուցիչներին անտառշինական պլանների կազման գործընթացներին եւ հաշվի առնելով նրանց կարծիքը

7.ստեղծել անտառի գիտական և ուսումնական հաստատություններ /անտառային տնտեսության գիտական ինստիտուտ, անտառի միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, անտառային դպրոցներ և այլ/

8.բարձրացնել հասարակության իրազեկությունը, ապահովել տեղեկատվության մատչելիություն և որոշումների ընդունմանը հասարակության մասնակցություն, ստեղծել տեղեկատվական համակարգեր

9.իրականացնել համայնքային անտառային ծրագրեր`

  • ներգրավել համայնքներին անտառների կառավարման մեջ` մասնակից դարձնելով անտառկառավարման պլանների կազմանը, որոշումների ընդունմանը և հասարակական վերահսկողությանը
  • իրականացնել համատեղ ծրագրեր /օր.` հակահրդեհային միջոցառումների իրականացման նպատակով, անտառի ոչ փայտանյութային ռեսուրսների համատեղ օգտագործման, անտառվերականգնման և այլն/

10.բարձրացնել անտառամերձ համայնքների բնակչության  կենսամակարդակը`

  • ստեղծել պայմաններ անտառը տուրիզմի և հանգստի նպատակով օգտագործելու համար, ինչը իր հերթին կզարգացնի ենթակառուցվածքները և կավելացնի բնակչության եկամուտները
  • ստեղծել պայմաններ էներգիայի այլընտրանքնային աղբյուրներից /բիոգազ, արևային և քամու էներգիա/ օգտվելու համար /օր.` տրամադրել անտոկոս վարկեր, կամ սարքերի ապառիկ վաճառք, արևային կոլեկտորների ստեղծում, ջերմամեկուսացում և այլն/, երկիրը լրիվ գազաֆիկացնել
  • ներգրավել բնակչությանն անտառվերականգնման գործունեության մեջ /օր.` ստեղծել մասնավոր անտառտնկարաններ և գնել դրանցից տնկիներ, տրամադրել բնակիչներին տարածք անտառվերականգնում կամ անտառհիմնում անելու համար և վարձատրել դրա համար և այլն/
  • ստեղծել համայնքներում  անտառի պտուղների, դեղաբույսերի ընդունման, վերամշակման և իրացման կետեր
  • օժանդակել անտառամերձ համայնքներում ժողովրդական արհեստների զարգացանը /փայտից հուշանվերների պատրաստում, ծառի ճյուղերից կահույքի և կենցացային իրերի պատրաստում և այլն/
  • տրամադրել պետական դոտացիաներ բնակչության անապահով խավերին` օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը հատուցելու համար
  • գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծում /օր.` սահմանամերձ տարածքներում ազատ տնտեսական գոտիների ստեղծում/:

Դեկտեմբեր 23, 2011 at 16:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր