Փոքր ՀԷԿ Ջերմուկի մոտ` արդյոք հասարակայնությունը կկարողանա՞ կանխել անտառահատումը

Փոքր ՀԷԿ Ջերմուկի մոտ` արդյոք հասարակայնությունը կկարողանա՞ կանխել անտառահատումը

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Ջերմուկի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանից, որ Կեչուտի ջրամբարի հարեւանությամբ սկսվել է փոքր ՀԷԿ-ի շինարարություն, եւ արդեն բերվել է ծանր տեխնիկա: «Եթե անգամ համակերպվենք բուն ՀԷԿ-ի շենքի տեղադրման վայրի հետ, որը Արփա գետի` Կեչուտի ջրամբար թափվելու վայրում է, ապա նրա խողովակաշարի անցկացումն իսկական աղետ կլինի Արփայի կիրճի այդ գեղատեսիլ վայրի համար: Մենք կարծում ենք, որ ծառեր կհատվեն, քանի որ այլ կերպ հնարավոր չէ խողովակներն անցկացնել: Սա դեռ բոլորը չէ. ճանապարհի եւ ջրագծի անցկացումը շատ մեծ վտանգ է պարունակում կիրճով անցնող ավտոճանապարհի համար, որը մի քանի տարի առաջ է նորոգվել, բայց դրանից հետո էլ նստվածքներ ու փլվածքներ են առաջացել: Այնպես որ, սպասվող շինարարական աշխատանքները, որոնք, չգիտես թե ինչպես, պետք է անցնեն գետի տեղ-տեղ ուղղաձիգ ափով, պատճառ կդառնան ավտոճանապարհի նորանոր փլվածքների ու ավերումների»,- ասաց Մակեդոն Ալեքսանյանը: Նա նշեց, որ այդ հատվածում փոքր ՀԷԿ-ի կառուցումը պետք է դիտարկել նաեւ կառավարության` Ջերմուկ առողջարանային գոտու զարգացման ծրագրի տեսանկյունից հատկապես անտառի պահպանման առումով: «Դուք գիտեք, թե ինչ դժվար է անտառն աճում 2000 մ բարձրության վրա: Դա գործնականում անհնար է: Մեզ մոտ այն աճել է, եւ այն պետք է պահպանել: …Ոչ ես, ոչ շրջակայքից որեւէ մեկն այդ նախագծի մասին չգիտեր, եւ նախագծի վերաբերյալ հասարակական լսումների չենք մասնակցել: Ես տեսել եմ, թե ինչպես է վերջերս  հայտնվել տեխնիկան: Դեռ ծառ չեն հատել: Միգուցե մենք կարող ենք ինչ-որ բան անել եւ թույլ չտալ անտառի ոչնչացումը»,- ասաց. Մ. Ալեքսանյանը` անհանգստություն հայտնելով նաեւ, որ այդ տարածքը կարող է ընդգրկված լինել «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի կազմում:

«ԷկոԼուր»-ը խնդրում է տեղեկացնել`

  • արդյոք Կեչուտի ջրամբարի հարեւանությամբ կառուցվող փոքր ՀԷԿ-ի (Արփա գետի վրա` Կեչուտի ջրամբարից մոտավորապես 2-3 կմ հեռավորության վրա) նախագիծն ունի՞ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն
  • նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացվե՞լ են
  • եթե նախագիծը ստացել է դրական եզրակացություն, ապա խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն նախագծի ՇՄԱԳ-ի վերաբերյալ եւ հասարակական լսումների արձանագրությունը
  •  այդ տարածքն ընդգրկվա՞ծ է «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրի տարածքում:

Լուսանկարները` Մակեդոն Ալեքսանյանի

Հունիս 18, 2012 at 19:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր