ԷկոԼուր
Սույն թվականի մարտի 31-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով մասնավորապես պետական անտառային տարածքներում թույլատրվում է կառուցապատում իրականացնել: Կառուցապատման առանձնահատկությունները և կառուցապատման իրավունքի տրամադրման կարգը կսահմանի կառավարությունը: Օրենսգրքի մեկ այլ փոփոխությամբ վերացվում է անտառային տոմս հասկացությունը, ինչը նշանակում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է առանց թույլատրող փաստաթղթի անտառում իրականացնել ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերում, ինչպես նաև մեղվանոցների, փեթակների տեղադրում: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առարկել է Անտառային օրենսգրքից անտառային տոմս հասկացության հանման կապակցությամբ՝ հիմնավորելով, որ առանց անտառային տոմսի ոչ բնափայտային անտառանյութի անսահմանափակ և չկարգավորված օգտագործման արդյունքում կարող են վնաս պատճառել անտառային կենսաբազմազանությանը, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակներին: Սակայն առարկությունը չի ընդունվել:
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ անտառային օրենսգրքում կառուցապատման իրավունքի ինստիտուտի ներդրումը կնպաստի անտառային հողերի առավել արդյունավետ կառավարմանը և պահպանմանը: Քաղաքացիների և բիզնեսի համար կառաջարկվեն անտառօգտագործման ազատ ռեժիմներ, ինչը կխթանի փոքր բիզնեսի զարգացումը:
Ապրիլ 07, 2016 at 14:50