«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրություն. մաս երկրորդ

«Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրություն. մաս երկրորդ

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է հոկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընթացի լիարժեք մասնակիցներ» թեմայով աշխատանքային քննարկման արձանագրության երկրորդ մասը: Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ ազդակիր համայնքների ներկայացուցիչները բարձրաձայնեցին հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները և առաջարկությունները: Հիմնական պատասխանները և մեկնաբանությունները տրվեցին ԱՃԹՆ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամների, շահագրգիռ նախարարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից:

Քննարկման այս հատվածը նվիրված է «Հանքարդյունաբերական ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հատկացրած գումարներով իրականացված ծրագրերի համապատասխանությունը համայնքային կարիքներին» թեմային:



Լոռու մարզ, «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյան. «Վնաս կրող բնակավայրերի թիվը մեծացել է: «Նահատակ» պոչամբարն անմիջապես գտնվում է Մեծ Այրում բնակավայրի մեջ: Մինչդեռ Արտակարգ իրավիճակների նախարարության փաստաթղթերում նշված է, որ պոչամբարը գտնվում է գյուղից 6,5 կմ հեռավորության վրա: Ախթալա խոշորացված համայնքում 7 բնակավայրից միայն երկուսն են ազդակիր` Ախթալան և Շամլուղը: Պետական մարմիններին նոր հետազոտություններ կներկայացնենք պատճառահետևանքային կապի մասին»:



Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան. «Կապանը համարվում է երկու հանքարդյունաբերական կազմակերպությունների՝ «Չաարատ Կապան»-ի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՊՄԿ) համար շահառու համայնք։ Այդ երկու հանքարդյունաբերող կազմակերպություններից համայնքային բյուջե է մուտք գործում այսօրվա դրությամբ մոտ 170 միլիոն դրամ կառուցապատման իրավունքով տրված հողերից և սերվիտուտի իրավունքով տրված հողերի վարձավճարներից, ինչը կազմում է մեր ընդհանուր բյուջեի 10 տոկոսը: Կապան համայնքում կա 37 գյուղ: Պոչամբարին հարակից գյուղերը 5-ն են։ Հիմա պատկերացնենք մի երևույթ, որ 170 միլիոն դրամը բաշխվի միայն այդ 5 գյուղերի համար: Ինչ վերաբերում է բնապահպանական վճարների մասհանումներին` իրականում դրանք փոքր գումար են կազմում: 2018 թ․ համար 16 միլիոն դրամ էր»։



ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) փոխնախարար, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Լիլիա Շուշանյան. «Արդյո՞ք այդ 16 միլիոն դրամը շատ փոքր գումար է ինքնին: Եթե ավելի շատ բնակավայրերի մեջ է բաշխվում, շատ ավելի փոշիանում է այդ գումարը: Հնարավոր է ներքին ընթացակարգով համայնքի ղեկավարները կազմակերպեն, որպեսզի մասհանումները գնան ազդակիր համայնք-բնակավայրերին: Կարծում եմ` մինչև օրենսդրական փոփոխությունն այդ հարցը կլուծվի»։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան. «Նպատակահարմար ենք համարում, որ գումարը ոչ թե ազդակիր համայքնին ուղղվի, այլ` Կապան խոշորացված համայնքում այդ գումարով կոնկրետ խնդիր լուծվի»:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան. «Քաջարանի այս տարվա բնապահպանական վճարը կազմել է 22 միլիոն դրամ, իսկ 2018 թ.` 0 դրամ։ 2020 թ․ կրկին 0 դրամ է: Չգիտենք հաշվարկման մեխանիզմը։ Կոմբինատը նույն տեմպով աշխատում է: Ինչո՞վ է պայմանավորված, որ 0 դրամ է»։

ՏԿԵՆ փոխնախարար Լիլիա Շուշանյան. «Այս տարի հարկային փոփոխության հետ կապված խնդիր կար։ Զուտ փաստացի, միասնական հաշվարկի անցնելու խնդիրն է, որ այս տարի գումար չի եղել»։



ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյան. «Նախարարության նախաձեռնությամբ կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարեցինք մետաղական հանքարդյունաբերության վարձակալության հողերի մասով: Բայց բնապահապանական վճարները շատ փոքր են։ Պետք է դիտվի ոչ թե որպես ազդակիր համայնք, այլ`ազդակիր տարածք։ Այդ հարցը եթե չենք լուծում, մյուս հարցերը ածանցյալներ են, չենք կարողանալու լուծել»։

Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյան. «Բնապահպանական գումարները մեր համայնքում նույնպես շատ քիչ են։ 2018 թ. նույնիսկ ծրագիր չենք ներկայացրել, մտածելով, որ 2019 թ․ գումարը կավելանա և ծրագիր կներկայացնենք: Բայց 2019 թ. էլ չկարողացանք ծրագիր իրականացնել։ Ազդակիր համարել միայն Ախթալա և Շամլուղ քաղաքները ճիշտ չէ, որովհետև պոչամբարը գտնվում է Ճոճկան, Մեծ Այրում գյուղերի անմիջապես մեջտեղում: Մեր ամբողջ խոշորացված համայնքը պետք է ազդակիր համարվի»:

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյան. « 10-15 տարի հետո ցանկացած հանքարդյունաբերող ընկերություն կարող է թողնել-գնալ: Գիտենք, որ կան ռեկուլտիվացիայի մասին որոշումներ: Ինչպե՞ս պետք է դա արվի: Հնարավո՞ր է բանկային երաշխիքով դա լինի, քանի որ ընկերությունը կարող է այդ ամենը թողնել պետության վրա»։



Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Արամայիս Ավագյան. «Ռեկուլտիվացիայի հետ կապված ընդերքի օրենսգրքով և կառավարության որոշմամբ կա շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ հասկացությունը։ Պարզ է, որ նախկինում այդ գումարները քիչ են հաշվարկված եղել։ Հիմա դրան ուշադրություն ենք դարձնում։ Ես գտնում եմ, որ 5 անգամ պետք է ավելացվեն այդ գումարները: Բացի ֆիզիկական ռեկուլտիվացիայից իրականացվի նաև կենսաբանական ռեկուլտիվացիա»։

ՏԿԵՆ փոխնախարար Լիլիա Շուշանյան. «Թափոնների կառավարման համար նույնպես ներկայացվում է օրենսդրությամբ սահմանված ֆինանսական երաշխիք։ Ընկերությունների համար սահմանվել է 60-ամսյա ժամկետ, որպեսզի իրենք կազմեն և ներկայացնեն թափոնների կառավարման պլանը»։

Ախթալա համայնքի բնակիչ Լեռնիկ Ճիճիլյան. «Ընկերությունները կոորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում համայնքներ փոխանցում են որոշակի հատկացումներ, որը հաճախ դիտվում է որպես բարի կամքի դրսևորում։ Չի նշվում, թե այդ հատկացումները որ ուղղություններով պետք է ծախսվեն, բացի այդ, նաև նպատակաուղղվածությունը և հաշվետվողականությունն է բացակայում։ Հատկացված գումարների ծախսը պետք է ունենա նպատակային ուղղվածություն: Կոորպորոտիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ընկերության կողմից տրամադրված գումարները պետք է տրամադրվեն օրենքով»:

ՏԿԵՆ փոխնախարար Լիլիա Շուշանյան. «Այո, ճիշտ եք, այսօր պետք է հստակ որևէ կանոն լինի, թե ինչ է նշանակում սոցիալական պատասխանատվություն։ Ձեր բոլորի կարծիքը հաշվի կառնենք, որոշակի գործիքակազմ սահմանելիս կփորձենք, որ բոլորի համար, այդ թվում` համայնքի ղեկավարների, բնակչության, կառավարության և տարբեր լիազոր մարմինների համար ընդունելի լինի, որովհետև սոցիալական պատասխանատվության առաջին հասցեատերը պետք է լինի տվյալ համայնքի բնակիչը»։

Սյունիքի մարզ, «Կապան ին» նախաձեռնության անդամ Բորիս Սարգսյան.
«Այդ սոցիալական ծրագրերի մեջ պետք է ներառել օդի, ջրի մշտադիտարկումներ: Թեև Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է մշտադիտարկումներ, բայց պրակտիկան ցույց է տվել, որ կարող են վստահելի չլինել այդ տվյալները։ Պետք է առանձին և՛ հասարակական կազմակերպությունները կատարեն մշտադիտարկումներ պետական գումարներից, և՛ ազդակիր համայնքներին օդի, հողի ու ջրի մշտադիտարկում կատարող սարքավորումներ տրամադրվի»:



«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյան. «Կառավարության ներկայացուցչի կողմից բարձացված հարցը շատ տեղին է։ Իրոք, կողմ եմ բնակավայր հասկացությանը, որովհետև համայնքը շատ ընդհանրական բան է։ Բացի դրանից, այնտեղ խոսվում է բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին: Ոչ թե մի ծրագիր ներկայացնեն, ավագանու անդամով որոշեն, ուղարկեն կառավարություն, այլ` հիմնավորեն նախագծի բնապահպանական ուղղվածությունը»։



«Էկոիրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյան. «Սոցիալական կոորպորատիվ պատասխանատվությունն օրենսդրությամբ կարգավորված է։ Ընդերքօգտագործման պայմանագրում սահմանված է դրա ձևաչափը: Կան 5 հավելվածներ, որոնցից մեկը վերաբերում է սոցիալական պատասխանատվությանը։ Այնտեղ նշվում է, որ թույլտվություն տրամադրելիս և դրանից հետո պայմանագիր կնքելիս ինչ պատասխանատվություն է դրվում ընկերության վրա սոցիալական կոորպորատիվ կանոնների շրջանակում։ Որքան էլ ասեն, որ համայնքը պետք է պահանջատեր լինի, պայմանագիրը կնքելիս` համայնքի կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Պայմանագիրը կնքվում է պետական մարմնի և ընկերության միջև։ Իրենց միջև են համաձայնեցվում ընդերքօգտագործման պայմանագրի և դրան կից բոլոր հավելվածների պայմանները։

Դեռևս 2012 թ․ այս հարցը բարձրացրեցինք Թեղուտի կոնտեքստում: Համայնքում իրականացվում է գործունեություն, վճարվում է գույքահարկ. անշարժ գույքի համար վճարում են համայնքին, շարժական գույքի համար` Երևանին։ Շարժական տեխնիկան աշխատում էր համայնքում, աղտոտում օդը, բայց քանի որ ընկերությունը հաշվառված է Երևանում, շարժական գույքի համար գույքահարկը վճարում էր Երևանին։ Մինչև հիմա այդ խնդիրը կա։

Բազմաթիվ հարցեր կան խտանյութի բաղադրության, խտանյութի հարստացման և զտման ծախսերի, տրանսպորտային ծախսերի հետ կապված:



Արարատ համայնքի բնակիչ Վահե Հարությունյան. ««Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Արարատում հանրային լսումներ արեց ատադրողականության 75 տոկոս բարձրացման մասին։ Այդ մասին իմացել ենք հանրային լսումները սկսելուց մեկ ժամ առաջ։ Տեղեկացվածությունը շատ թույլ է մեզ մոտ։ Գնացել ենք, եղել են 2 համայնքապետ ու իրենց հետ ամեն մեկը բերել է 15 հոգի մարդ, ովքեր առանց հասկանալու, թե ինչ են ուզում, ձեռք են բարձրացնում, որ իրենք կողմ են»։



Ռուզաննա Գրիգորյան «Գեոպրոմայնինգ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ. «Օրենքով պահանջվում է 10 օր առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն տալ: Դա մեր խնդիրը չէ, մեկը կարող է կարդա, մեկը չէ: Եթե հնարավոր է ձևաչափեր փոխել, որպեսզի հանրային լսումների մասին տեղական կայքերը տան, եկենք ընդունենք և անենք, որպեսզի ավելի արդյունավետ լինի այդ ամենը»։

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն, ԱՃԹՆ ԲՇԽ անդամ Սոնա Այվազյանը, ամփոփելով քննարկումը, մասնավորապես ասաց. «Բավական հետաքրքիր առաջարկներ կձևավորվեն ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար։ Հուսով եմ, որ այս ձևաչափը կարող է կրկնվել հետագայում, և հետագայում իսկապես առանձին խնդիրների լուծումներ կառաջարկվեն»:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

 

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:26 Նոյեմբեր 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news