Վարչական դատարանը մասնակի բավարարեց «Լիդիան Արմենիա»-ի հայցը. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկելու է դատարանի որոշումը

Վարչական դատարանը մասնակի բավարարեց «Լիդիան Արմենիա»-ի հայցը. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկելու է դատարանի որոշումը

ԷկոԼուր

ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարեց «Լիդիան Արմենիա»-ի հայցն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտի 8 կետերը:

Դատարանն արձանագրել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման ակտի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը կայացվել են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի «ա» կետի խախտմամբ, հետևաբար, կազմված ակտն այդ մասով ենթակա է անվավեր ճանաչման, իսկ ստուգման ակտի 2-րդ և 6-րդ կետերն իրավաչափ են, և այդ մասով ներկայացված հայցը ենթակա է մերժման:

Ակտի 2-րդ կետով արձանագրվել էր, որ ընկերության կողմից լիազոր մարմնին չեն ներկայացվել «Օգտակար հանածոների հարստացման, մետաղական վերափոխման, մակաբացված ապարների և արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» տարեկան վարչական վիճակագրական ամփոփ հաշվետվությունները, որով պայմանավորված ներկայացված տվյալները հավաստի չեն կարող համարվել:

Իսկ ակտի 6-րդ կետով արձանագրվել է, որ ընկերությունը սահմանված կարգով չի կազմել, չի հաստատել և պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրերը, չի իրականացրել առաջացող, տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում և գույքագրում, չի կատարել ընդերքօգտագործման թափոների կառավարման և ընդերքօգտագործման թափոների վերամշակման պլաներով նախատեսված պարտավորությունները:

Ակտի անվավեր ճանաչած կետերը վերաբերում են ապօրինի ընդերքօգտագործմանը, հողային ռեսուրսների բնապահպանական նորմերի խախտմանը, ջարդիչ կայանի տեղակայմանը, մթնոլորտային օդի աղտոտմանը, կարմիրգրքյան տեսակներին, վտանգավոր թափոնների պահման համար լիցենզավորմանը:

«Լիդիան»-ի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը, ողջունելով դատարանի որոշումը, ասել է. «Սա ևս մեկ վճիռ է, որով Հայաստանի դատական համակարգը փաստում է «Լիդիանի» գործունեության համապատասխանությունը օրենքին: Նախորդ մի շարք վճիռներով ևս Հայաստանի դատարանները պարզել էին, որ «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը ապօրինաբար խոչընդոտվել է: «Լիդիանը» լուրջ ֆինանսական կուրսուտներ է կրել Ծրագրի դեմ ապօրինի գործողությունների արդյունքում, որոնց չի միջամտել ՀՀ կառավարությունը: Կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակում են բացասաբար ազդել «Լիդիանի» բոլոր շահառուների վրա՝ ներառյալ հարյուրավոր աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև հազարավոր բաժնետերերի և ներդրողների: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջնորդվել Վարչական դատարանի վճռով և վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը»:

Իսկ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, չմասնակցելով դատական նիստերին,  դատարանի վճիռը համարում է ոչ իրավաչափ և պատրաստվում է բողոքարկել:

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ Վարչական դատարանի կողմից 2020 թվականի փետրվարի 26-ի թիվ ՎԴ/11628/05/18 վարչական գործով կայացված վճիռը ոչ իրավաչափ է և մեր կողմից այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի», - նշված է տեսչական մարմնի հայտարարության մեջ:

Դատարանը նաև անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության վարչական բողոքը մերժելու մասին 15.11.2018թ. թիվ 30/1 որոշումը: Այստեղ դատարանն արձանագրել է, որ որոշումը կայացվել է շահերի բախման իրավիճակում՝ մեջբերելով Գրիգորյանի հասարակական ակտիվությունը Ամուլսարի ծրագրի շուրջ:

Արթուր Գրիգորյանը դատարանի վճիռը որակում է «խայտառակ անօրինական, որով պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել»։

«Սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ բնապահպանական տեսչության բացահայտումները։ Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը՝ ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ, «մաքրվելու» են ընկերության «իմիջի» համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է և իմ տեղեկություններով՝ նույնիսկ վճարել պատճառած վնասի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 2018 թ-ից «Լիդիան Արմենիա»-ի կողմից Ամուլսարի հանքավայրից օգտակար հանածոների առերևույթ ապօրինի արդյունահանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցված:

18:37 Մարտ 02, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news