ՀՀ վարչական դատարանը կարճել է Վայոց ձորի մարզպետարանի դիմումի վրա Գլաձորի ավագանու դեմ հարուցված վարույթը

ՀՀ վարչական դատարանը կարճել է Վայոց ձորի  մարզպետարանի դիմումի վրա Գլաձորի ավագանու դեմ հարուցված վարույթը

ԷկոԼուր 

ՀՀ վարչական դատարանը կարճել է Գլաձորի ավագանու դեմ վարույթը, որը հարուցվել էր Վայոց ձորի մարզպետարանի դիմումի հիման վրա: Վայոց ձորի մարզպետարանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Գլաձոր խոշորացված համայնքի ավագանու՝ 2019 թ. ապրիլի 29-ի «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» թիվ 44 որոշումը:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի՝ գործի կարճման համար հիմք է հանդիսացել այն, որ տվյալ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության:

Հիշեցնենք, որ Գլաձոր խոշորացված համայնքի ավագանու վերոնշյալ որոշման համար հիմք է հանդիսացել Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչների՝ համայնքի ղեկավարին և ավագանուն 2152 ստորագրությամբ հանրագրի ներկայացումը, որտեղ նրանք  պահանջել էին արգելել և ապագայում բացառել Գլաձոր համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքների իրականացում։

Գլաձոր համայնքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Թարվերդյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ մարզպետարանը դիմել է Վերաքննիչ դատարան։ «Ներկայիս մարզպետը կարճման որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով: Այն, որ Վերաքննիչ ատյանում ևս պարտվելու եք, դա հաստատ։ Երկյուղեք վայոցձորցիների ցասումից!!! Չհամարձակվեք այլևս  խոսել ժողովրդավարությունից։ Վայոց Ձորի բնակչությունն ասում է՝ «Ո՛չ հանքարդյունաբերությանը»»,- գրել է նա:

Վայոց ձորի մարզպետարանը դիմումներ է ներկայացրել դատարան նաև Ջերմուկ, Արենի և Եղեգնաձոր խոշորացված համայնքների դեմ՝ պահանջելով այս համայնքների կողմից ընդունված՝ «էկո-տնտեսական տարածք դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» որոշումները նույնպես անվավեր ճանաչել։ 2019 թ. դեկտեմբերին ՀՀ վարչական դատարանը հետ էր վերադարձրել Վայոց ձորի մարզպետարանի՝ Ջերմուկի և Եղեգնաձորի ավագանիների դեմ ներկայացված դիմումները: Իսկ արդեն 2020 թ. հունվարին Վարչական վերաքննիչ դատարանը վարույթ ընդունեց Վայոց ձորի մարզպետարանի բողոքն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի որոշման, որով մերժվել էր մարզպետարանի դիմումն՝ ընդդեմ Ջերմուկ և Եղեգնաձոր համայնքների ավագանիների

18:35 Մայիս 19, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news