Ո՞վ պետք է պատասխանատվություն ստանձնի հանքարդյունաբերական գոտիներում բնակիչների առողջության համար

Ո՞վ պետք է պատասխանատվություն ստանձնի հանքարդյունաբերական գոտիներում բնակիչների առողջության համար

ԷկոԼուր

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության բուռն զարգացումը շրջակա միջավայրի աղտոտմանը զուգահեռ ուղեկցվում է առողջապահական խնդիրներով: Շահագործվող հանքավայրերի և գործարանների հարակից տարածքների բնակիչները, մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են ծանր մետաղների թունավոր արտանետումների, ջրային, հողային ռեսուրսների աղտոտման հետևանքով առաջացող հիվանդությունների մասին, այդ թվում` քաղցկեղածին: Տեղի բնակիչները պահանջում են ուսումնասիրություններ անցկացնել իրենց բնակավայրերում, ներդնել առողջության ապահովագրության համակարգ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշում է, որ այսօր չկա մշակված մեթոդաբանություն, որով կապացուցվի հանքարդյունաբերության կապը հիվանդությունների առաջացման հետ:

«Առողջությունը մշտապես դիտարկման տակ է, այնպես չէ, որ դրա վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, բայց մենք պետք է հասկանանք, որ առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցությունը միանշանակ չէ: Այնպես չէ, որ եթե այդ գործոնը գոյություն ունի, ուրեմն ինչ-որմեկը դրանից մահացավ: Դա երկարատև է ազդում, դրա արդյունքը նույն հիվանդությունն է տալիս, ինչը կարող է պայմանավորված լինել միշարք գործոններով: Ամբողջ աշխարհում մինչ օրս քաղցկեղային հիվանդությունների պատճառը պարզաբանված չէ, դրա առաջացման վրա ազդում են մի շարք գործոններ: Որպեսզի առկա հիվանդությունների մեջ կարողանանք հասկանալ, քանիսը կարող է պայմանավորված լինելշրջակա միջավայրի աղտոտմամբ, անհրաժեշտ է մեթոդաբանություն և շրջակա միջավայրի վերաբերյալ շատ տվյալներ: Մեթոդաբանությունը հիմա մշակվում է», - ասաց Նունե Բակունցը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կազմակերպած «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ:
Անդրադառնալով բուն Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի առողջապահական ռիսկերին` Նունե Բակունցն ասաց, որ տվյալներ չկան:

Քննարկմանը ներկա Թեղուտ գյուղի բնակիչը նշեց, որ մինչ ծրագրի մեկնարկը ազդակիր համայնքներում չի անցկացվել մեկնարկային առողջապահական ուսումնասիրություն, որպեսզի հետագայում բացահայտվեր` հանքարդյունաբերությունը սկսելուց հետո հիվանդությունների աճի դինամիկա կա, թե` ոչ:

«Ցանկացած հանքարդյունաբերություն ունի հիվանդությունների շարք, որը վերականգնելու համար գումարներ են պետք: Ո՞վ է կրելու այդծախսը` բնակի՞չը, նախարարությու՞նը, պետությու՞նը թե՞ շահագործողը», - ասաց բնակիչը:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը հիշեցրեց, որ համաշխարհային վիճակագրության համաձայն 172 երկրների շարքում քաղցկեղի տեսակների մեծ մասից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջատար է:

«Դա սարսափելի վիճակագրություն է, պետք է ինչ-որ բան անել, հասկանալու համար` ինչով է դա պայմանավորված», - ասաց Լենա Մանվելյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանն էլ հիշեցրեց ՀԱՀ-ի կատարած ուսումնասիրության մասին, երբ Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքներում երեխաների արյան մեջ հայտնաբերվել էր կապարի բարձր մակարդակ:

«Շատ երևակայություն պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ դա պղնձի ձուլարանի արտանետումների հետևանք է: Առողջապահության նախարարությունը պետք է ընդունի, որ նման խնդիր կա: Հիմա հարց է առաջանում` ինչ կարող է անել պետությունը, որպեսզի երեխաներին զերծ պահի այդ վնասներից և ինչ է արել պետությունը մինչև հիմա», - ասաց Ալեն Ամիրխանյանը:

Նունե Բակունցը հարցրեց. «Իսկ քանի՞ հոգի է հիվանդ այդ երեխաների մեջ»:

«Նախարարությունը պետք է վազեր այդ ուսումնասիրության հետևից, երեխան չպետք է պառկի հիվանդանոցում, որ հետո դա համարվիվտանգավոր», - արձագանքեց Ալեն Ամիրխանյանը:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խոսեց UNISEF-ի պատվերով իրականացված ծրագրի մասին, որի արդյունքներով Հայաստանի ամենառիսկային գոտիները հանքարդյունաբերական Լոռին ու Սյունիքն են:

«Պետք է բացահայտեինք Հայաստանում ամենառիսկային գոտիները, առողջապահական հիմնական հիվանդությունները` նորագոյացություններ, ծնունդներ շեղումներով, արյան համակարգի, շնչառական հիվանդություններ և այլն: Ուսումնասիրեցինք և բոլոր տվյալները եկան, հավաքվեցին հիմնականում երկու մարզում` Լոռի, Սյունիք: Ուսումնասիրվել է ամբողջ շղթան` հող, ջուր, օդ, բույսեր, սնունդ: Այստեղ կասկածելու խնդիր մենք չենք տեսնում, նորագոյացությունները և շեղումներով ծնունդներն անկախության տարիներին մեզ մոտ աճելեն: Նախկին կառավարության օրոք առողջապահության նախարարությունը չընդունեց, որ հիմնական պատճառը հանքարդունաբերական օբյեկտներն են: Մենք հույս ունենք, որ նոր կառավարությունն այլ դիրքորոշումներ կունենա», - ասաց Կարինե Դանիելյանը` նշելով, որ այդ ինֆորմացիան փակ են պահում:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ առողջապահական բոլոր տվյալները պետք է հանրության համար բաց լինեն:

«Հանքարդյունաբերական ռիսկային գոտիներում մարդիկ` իրենք, են պահանջում, որ գան, ուսումնասիրություն անցկացնեն, դիմում են նախարարությանը, բայց ոչ մի արձագանք չեն ստանում: Այդ հետազոտություններն առողջապահության նախարարությունը չի կատարում: Առողջապահությունը միայն հիվանդի բուժում չէ, որը մեզ մոտ դարձել է բիզնես, առողջապահությունը հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերն էլ են, և այս ոլորտում ամբողջ ինֆորմացիան պետք է բաց լինի», - ասաց Ինգա Զարաֆյանը:

«Առողջապահության նախարարությունը շատ մեծ դերակատարում պետք է ունենա, և մենք պետք է փորձենք նախարարությանը համագործակցության դաշտ բերել, ոչ թե մեղադրել: Այն տվյալները, որոնք հավաքագրվել են տարբեր կազմակերպությունների կողմից, պետք է խնդրենք առողջապահության նախարարությանը, որպեսզի փորձի համակարգել: Բերենք ուսումնասիրությունները պաշտոնական դաշտ, որպեսզի պետությունը հիմք ունենա գործողություններ ծավալելու: Անհրաժեշտ է օբյեկտիվ պատկեր կազմել», - ասաց ՄԱԶԾ Կայուն աճի և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Հուլիս 06, 2018 at 17:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր