Նիկոլ Փաշինյան. ԶՊՄԿ-ի գերմանացի սեփականատերերի առջև երեք պայման եմ դրել

Նիկոլ Փաշինյան. ԶՊՄԿ-ի գերմանացի սեփականատերերի առջև երեք պայման եմ դրել

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. մարտի 10-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ երեք պայման է դրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գերմանացի սեփականատերերի առջև:

«Ես հանդիպել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գերմանացի սեփականատեր ընտանիքի հետ և ասել եմ, հարգելիներս, ես ձեր առաջ դնում եմ հետևյալ պայմանները:

Առաջինը. ասել եմ՝ ՀՀ-ում հանքարդյունաբերությունն ու, մասնավորապես, պղնձամոլիբդենային գործարանը պետք է աշխատեն այն ստանդարտներով, ինչ ստանդարտներով կաշխատեր Գերմանիայում: Այսինքն, եթե այդ ստանդարտով Գերմանիայում աշխատեր, չէր արգելի Գերմանիայի կառավարությունը, այդ նույն ստանդարտով պետք է աշխատի ՀՀ-ում:

Երկրորդը. ասել եմ՝ ես հասկանում եմ, որ եթե ձեզ հիմա ասեմ՝ գնացեք և մեկ ամսվա, կամ վեց ամսվա, կամ մեկ տարվա մեջ այդ գործարանը բերեք ամբողջությամբ գերմանական ստանդարտի, նշանակում է,  ես անուղղակիորեն ասում եմ ձեզ, որ փակում եք գործարանը: Ես ձեզ այդպիսի բան չեմ ասում, բայց ես ակնկալում եմ, որ դուք կմշակեք կոնկրետ ռազմավարություն, թե առաջիկա հինգ տարում ինչ է լինելու, հաջորդ հինգ տարում ինչ է փոխվելու, և գերմանական միջազգային ստանդարտին մենք ինչ ժամաակահատվածում ենք հասնելու: Ես ասել եմ, որ գերմանական ստանդարտ ասելով նկատի ունեմ ոչ միայն հանքարդյունաբերության բնապահպանական, արտադրական ցիկլի, անվտանգության հարցերը, այլ նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը: ՀՀ-ում հանքարդյունաբերական գործարանում աշխատող քաղաքացին պետք է նույնքան պաշտպանված լինի իր իրավունքներով, որքան պաշտպանված է Գերմանիայի քաղաքացին, և, ընդհանրապես, աշխարհի զարգացած երկրների քաղաքացիները:

Եվ երրորդ՝ ասել եմ, որ մենք կունենանք շատ լուրջ պրոբլեմ, եթե ես երբևէ իմանամ, որ գործարանի վարչակազմը քաղաքական որևէ նպատակով խոչնդոտում է գործարանի աշխատողների ազատ կամարտահայտությունը: Կլինի դա քաղաքապետի, ավագանու, Ազգային ժողովի պատգամավորների ընտրություն, ընդ որում, հատուկ եմ ընդգծում, հօգուտ իշխանության, հոգուտ մեր կառավարության և ընդդեմ մեր կառավարության, մենք շատ լուրջ պրոբլեմ կունենանք իրար հետ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

11:08 Մարտ 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news