ԷկոԼուր
Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգ է տարածել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ցիանային պոչամբարում թռչունների անկման վերաբերյալ:
Ահազանգում նշված է.
«Մեզ տեղեկություն են փոխանցել, որ Արարատի ցիանիդային պոչամբարում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Մեծ քանակությամբ թռչուններ նստել են դրա մակերևույթին և մահացել։ Ըստ ստացված տեղեկությունների՝ թռչուններին հավաքել և թաղել են ռուսներին պատկանող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները՝ անվտանգության ռուս աշխատակիցների խիստ հսկողության տակ, որ ոչ մեկը չկարողանա ինչ-որ բան նկարել։ Ի՞նչ անել այսպիսի դեպքերում ու ո՞ւմ դիմել՝ պարզ չէ»։
ԷկոԼուրի հետ զրույցում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ տեսչական մարմինն ուսումնասիրում է Լևոն Գալստյանի հրապարակած տեղեկատվությունը, և հանգամանքները պարզելու նպատակով կդիմի իրավապահ մարմիններին:
Նշենք, որ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և ցիանային պոչամբարը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն:
Լուսանկարը՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան խմբից
Ապրիլ 28, 2020 at 15:08