Լոռու մարզում կանանց վերարտադրողական առողջության խնդիրների պատճառներից մեկը հանքարդյունաբերությունն է

Լոռու մարզում կանանց վերարտադրողական առողջության խնդիրների պատճառներից մեկը հանքարդյունաբերությունն է

ԷկոԼուր

Լոռու մարզում կանանց վերարտադրողական առողջության խնդիրների պատճառներից մեկը հանքարդյունաբերությունն է: Այս մասին են վկայում  Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության դպրոցի կողմից 2013թ-ին իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շնորհիվ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ապրող կանանց շրջանում մեռելածնության հավանականությունը բարձր է 2,38 անգամ, բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման հավանականությունը բարձր է 2,67 անգամ, վաղ մանկական մահացության հավանականությունը բարձր է 2,67 անգամ` համեմատած Շիրակի մարզի Արթիկ քաղաքի: Ուսումնասիրության նպատակն էր որոշել, թե արդյոք կապ կա ծանր մետաղներով ու ծծմբի երկօքսիդով աղտոտման ազդեցության և կանանց վերարտադրողական խնդիրների առկայության միջև: Ուսումնասիրության համար ընտրվել է Ալավերդի քաղաքը, որտեղ գործում է Ալավերդու պղնձաձուլարանը եւ Շիրակի Արթիկ քաղաքը, որտեղ մետաղական հանք չի շահագործվում:

Ուսումնասիրությանը մասանակցել են 18-ից մինչեւ 49 տարեկան 370 կին Ալավերդիից եւ նույն տարիքի   370 կին Արթիկից: «Հավաքված և վերլուծված տվյալների հիման վրա տրամաբանական է ասել, որ Ալավերդի և Արթիկ քաղաքներում ապրող կանանց վերարտադրողական առողջություն հարցում տարբերությունները կարող են կապված լինել այն բանի հետ, որ Ալավերդի քաղաքում ապրող կանայք կրել են պղնձաձուլարանից արտանետված ծանր մետաղների և ծծմբի երկօքսիդի պատճառով առաջացած աղտոտման ազդեցությունը»,- մասնավորապես նշված է Հայաստանի Ամերիկյան Համալսարան Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխումների նախաձեռնության ղեկավար Կարեն Նազարյանի հոդվածում: 

Ըստ Միացյալ Նահանգների  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների` ծծմբի երկօքսիդը այն գործոններից է, որը կարող է հանգեցնել պտղի մահացման, վաղահաս ծննդաբերության, վիժումների և մեռելածնության: Ծանր մետաղների, ինչպես օրինակ՝ մկնդեղի, կապարի, կադմիումի ազդեցությունը նույնպես կարող է հետևանք ունենալ կանանց վերարտադրողական ֆունկցիաների վրա՝ հանգեցնելով վերարտադրողական խնդիրների:

Հոդվածը պատրաստվել է Կովկասի Բնապահպանական Հասարակական Կազմակերպությունների ցանցի  և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում:

Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

15:35 Հունիս 01, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news