ԷկոԼուր
Մայիսի 7-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները տապալեցին «Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ի Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասում 2018-2021 թթ-ին երկրաբանական ուսումնասիրությունների հայտի հանրային լսումները։
«Հեռացեք», «Մենք ենք տերը մեր երկրի» բացականչություններով բնակիչները բոյկոտեցին հանրային լսումները: Նրանք թույլ չտվեցին ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին մտնել Մեղրիի համայքնապետարանի շենք:
Մեղրեցիների տեսակետն ամփոփեց համայնքապետարանի ներկայացուցիչը. «Հայտարարում եմ համայնքի ղեկավարության որոշումը: Հաշվի առնելով համայնքի ղեկավարի և ավագանու քննարկումները, ինչպես նաև մեդիա դաշտում մեր ժողովրդի կողմից տեղ գտած ակտիվությունը` հայտարարում եմ, որ նշված հանրային լսումը բոյկոտվում է և չի կայանում»:
Ըստ հայտի` Թաղամիրի ոսկու հանքերևակման տարածքը զբաղեցնում է 290 հեկտար, ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Լիճք գյուղի տարածքից երկու տեղամաս:Հայցվող տարածքի 79 հեկտարը գտնվում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի «Արևիք» ազգային պարկում:
Նշենք, որ «Նիգ Մայնինգ» ՍՊԸ-ն դրական եզրակացություն է ստացել 2018-2020 թթ-ին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար Խդեբանցի հանքերևակման դաշտում` 529.2 հեկտարի վրա, ՀՀ Սյունիքի մարզի Շվանիձոր և Ծավ գյուղերի տարածքներում: Այս հանքերևակման դաշտը սահմանակից է «Արևիք» ազգային պարկի տարածքին:
Լուսանկարը` Meghri News
Մայիս 07, 2018 at 18:30