Արդյո՞ք «Թեղուտ» ՓԲԸ-ն կառուցելու է նոր պոչամբար. հարցում «Վալլեքս»-ին

Արդյո՞ք «Թեղուտ» ՓԲԸ-ն կառուցելու է նոր պոչամբար. հարցում «Վալլեքս»-ին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Թեղուտի պոչամբարի վերաբերյալ հարցում է ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին:

«ԷկոԼուր»-ի նամակում նշված է.

««Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված նամակում, որն ընթերցվեց «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, մասնավորապես նշված է. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև դրանց հիման վրա նախագծերի պատրաստում և թողարկում: Դրանք տևական գործընթացներ են՝պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների և աշխատանքների բարդությամբ և ծավալով: Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը, այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանեցվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին»: Անուհետև Շնող համայնքի բնակիչները էկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ խոսակցություն կա նոր պոչամբար կառուցելու մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի և Օրհուսի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` խնդրում ենք տրամադրել մեզ տեղեկատվություն.

1. Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար արդյո՞ք իրականացվում են երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ և դրանց հիման վրա ի՞նչ նախագծեր են կազմվում:

2. Արդյո՞ք «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է նոր պոչամբար կառուցել, եթե այո, ապա խնդրում ենք տեղեկացնել, թե նոր պոչամբարը որտեղ եք նախատեսում կառուցել, այն քանի հեկտար տարածք է զբաղեցնելու, ինչ տարողունակություն է ունենալու, քանի տարվա համար է նախատեսված լինելու և արդյոք նախատեսվում են ծառահատումներ նոր պոչամբարի
համար:

3. Նոր պոչամբարի կառուցման դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում ներկայիս պոչամբարին:

4. Խնդրում ենք տրամադրել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և շահագործման, ինչպես նաև Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանները:

5. Արդյո՞ք Թեղուտի պոչամբարն ունի անվտանգության անձնագիր: Եթե այո, խնդրում ենք տրամադրել պատճենը և Թեղուտի պոչամբարի շահագործման տեխնիկական հրահանգները»:

Օգոստոս 13, 2018 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր