ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թ. ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է եղել թվով 250 տնտեսվարող սուբյեկտում ստուգում իրականացնել։ Մինչդեռ տեսչական մարմնի կողմից 31.12.2018 թ. դրությամբ իրականացվել է 85 ստուգում, որից 48-ը ստուգումների տարեկան ծրագրով, 37-ը՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով, ՀՀ պետական այլ մարմիններից ստացված գրությունների և դիմում-բողոքների հիմքով: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` 2020թ. տարեկան գործունեության ծրագրից: Տեսչական մարմինը ս. թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ իրականացրել է ՀՀ վարչապետի հանձնարարականով, ՀՀ պետական այլ մարմիններից ստացված գրությունների և դիմում-բողոքների հիմքով թվով 100 ստուգում:
Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ 2018-2019 թթ. ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է ավելի քան 3,6 միլիարդ դրամ: 2018 թ. ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 1,618,899,340 դրամի չափով վնաս, իրավապահ մարմիններին ուղարկվել է թվով 210 նյութ, որոնցով հաշվարկված վնասը կազմել է 841,962,420 դրամ։ 2018 թ. պետական բյուջե մուտքագրվել է 172,623,380 դրամ գումար: 2019 թ. ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է 2,053,769,090 դրամի չափով վնաս, որից իրավապահ մարմիններին ուղարկվել է թվով 471 նյութ, հաշվարկված վնասի գումարի կազմել է 807,850,247 դրամ։ 2019 թ. պետական բյուջե է մուտքագրվել 450,649,726 դրամ գումար:
2018 և 2019 թ. տեսչական մարմնի կողմից արձանագրվել է 2522 իրավախախտում: 2018 թ. ընթացքում հայտնաբերված թվով 1089 իրավախախտումից առավել ռիսկային է համարվել բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ուղղությունը՝ 767 իրավախախտմամբ: 98 իրավախախտում է հայտնաբերվել սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացման համար, 65 իրավախախտում` մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության, 59 իրավախախտում` կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության, 36 իրավախախտում` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության, 36 իրավախախտում` հողերի օգտագործման և պահպանության, 18 իրավախախտում` ընդերքօգտագործման և պահպանության, 6 իրավախախում` ՇՄԱԳ և 4 իրավախախտում` վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների ոլորտներում:
2019 թ. նույնպես առավել ռիսկային է համարվել բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ուղղությունը՝ 830 իրավախախտմամբ: 210 իրավախախտում է հայտնաբերվել սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացման համար, 38 իրավախախտում` մթնոլորտային օդի պահպանության վերահսկողության, 210 իրավախախտում` կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության, 67 իրավախախտում` ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության, 32 իրավախախտում` հողերի օգտագործման և պահպանության, 13 իրավախախտում` ընդերքօգտագործման և պահպանության, 7 իրավախախում` ՇՄԱԳ և 2 իրավախախտում` վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների ոլորտներում:
Նշենք, որ տեսչական մարմնի և իրավապահ մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում բուսական աշխարհի պահպանության ոլորտում իրականացված վերահսկողական աշխատանքների շրջանակներում 2018 թ. ընթացքում հայտնաբերվել է թվով 12,821 հատ հատված ծառ և 892 խմ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք, իսկ 2019 թ. ինն ամիսների ընթացքում՝ թվով 11,767 հատ հատված ծառ և 1356 խմ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք։
Դեկտեմբեր 02, 2019 at 16:57