Մեկնարկեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ դատական գործը

Մեկնարկեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ դատական գործը

ԷկոԼուր

Ս. թ. փետրվարի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ջերմուկցիների և բնապահպանների՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված հայցի հիման վրա նշանակված դատական գործի առաջին նիստը: 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ հայցադիմում էին ներկայացրել 15 քաղաքացի՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, կանաչ ակտիվիստները, ովքեր պայքարում են Ամուլսարի ոսկու ծրագրի դեմ: Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունը: 

Տիգրան Ավինյանը 2019 թ. հոկտեմբերի 22-ին Թիֆլիսում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է․ 

«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»:

Հայցվորների փաստաբան Գուրգեն Թորոսյանը դատական նիստի ընթացքում պնդեց, որ Տիգրան Ավինյանը պարտավոր է բացահայտել այն անձանց անունները, ովքեր, ըստ նրա, ֆինանսավորվում են հանքարդյունաբերական ոլորտի գործարարների կողմից:

«Տիգրան Ավինյանն իր հայտարարության մեջ խոսել է երկու խմբի մասին: Անկեղծ ու ազնիվ մարդկանց և ֆինանսավորում ստացող: Տիգրան Ավինյանի դիրքորոշման մեջ ո՞ր կատեգորիայի մեջ են մտնում հայցվորները: Արդյո՞ք Ավինյանը տիրապետում է նման փաստերի, արդյո՞ք այդ հայտարարությունը վերաբերում է հայցվորներին: Հակառակ դեպքում մենք պատրաստ ենք հաշտություն կնքել»,- ասաց հայցվորների ներկայացուցիչը:

Տիգրան Ավինյանի փաստաբան Կարեն Կարապետյանն ի պատասխան ասաց. «Չեմ կարող ասել, թե Տիգրան Ավինյանը տիրապետում է նման փաստերի, թե ոչ: Մենք նաև չենք կարող ասել, թե այս կամ այն խմբի մեջ են դասվում այդ մարդիկ: Հայցը հիմնավոր չէ, քանի որ այդ անձանցից որևէ մեկը հայտարարության մեջ չի նշվել (խմբ.` անուն-ազգանուն չկա): Զրպարտության հիմնարար պահանջի առաջացման համար անհրաժեշտ է, որ զրպարտչական հայտարությունն ուղղված լինի կոնկրետ անձի: Գտնում ենք, որ հասցեականության էլեմենտը պետք է կոնկրետ դրսևորում ունենա: Թե ինչ է նկատի ունեցել նա իր մտքում՝ նշանակություն չունի գործում, այլ այն՝ թե ում է այն ուղղված»: 

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:

 
 


Փետրվար 06, 2020 at 17:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր