Նորաստեղծ աշխատանքային խումբը կուսումնասիրի Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցը

Նորաստեղծ աշխատանքային խումբը կուսումնասիրի Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ բուլղարական «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 8-ին ընդունված 546-Ա որոշման մեջ մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»։

16 անդամ ունեցող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» խումբը Թեղուտի պոչամբարի շահագործումը դադարեցրեց` հիմնվելով ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում գրանցված Global Resource Engineering ընկերության և ավստրալիական ATC Williams փորձագիտական ընկերության հետազոտությունների արդյունքներների վրա, ըստ որոնց` Թեղուտի պոչամբարի հետագա շահագործումը մեծ ռիսկային է և փլուզման վտանգ կար: «Վալլեքս»-ը մտադիր էր անգամ նոր պոչամբար կառուցել հանքը շահագործելու համար: Սակայն 380 միլիոն դոլարի վարկը մարել չկարողանալու պատճառով Հայաստանի երկրորդ ամենամեծ՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ-ն անցավ ռուսական VTB բանկին: Ընկերության նոր սեփականատերերը պնդեցին,որ պոչամբարի շահագործումն անվտանգ է: 2019թ-ի տարեվերջին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց. ««Թեղուտ» ՓԲԸ-ին առաջարկվել է կատարել նոր ուսումնասիրություններ պատվարի կայունության ուղղությամբ և ներկայում բուլղարական ընկերության կողմից իրականացվում է պատվարի անվտանգության նոր ուսումնասիրություններ: Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին, արդյունքները կամփոփվեն 6-7 ամսվա ընթացքում: Այս հարցը շատ է շահարկվել: Իրականում բոլոր հնարավոր մարմինները, որոնք ունեին առհասարակ Թեղուտի պոչամբարի հետ կապված ինչ-որ կարողություններ, գրեթե բոլոր մարմիններն այնտեղ եղել են, և նվազագույնը կարող եմ ասել, որ որևէ մեկը եզրակացություն չի տվել, որ իրականում վտանգ կա: Այս պահի դրությամբ, այնուամենայնիվ, բուլղարական ընկերությունը շարունակում է իրականացնել հետազորտությունները: Ենթադրում եմ՝ տարվա վերջ, կամ հաջորդ տարվա սկիզբ մենք վերջնական ամփոփված տեղեկատվությունը կունենանք»:

 

14:22 Մայիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news