ԷկոԼուր
Հունվարի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ հասարակայնության ներկայացուցիչների և Ֆիոլետովո համայնքի բնակիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի ՇՄԱԳ-ի փորձաքննության գործընթացի վերաբերյալ հարցերը:
«Ամբողջ գյուղը դեմ է այդ հանքին: Եթե հանքը բացվի և բաց եղանակով շահագործվի, ինչպես մեզ տեղեկացրել են, լինելու է 100 մետր խորության վրա, իսկ մեր տարածքը լեռնային տարածք է, նախ և առաջ կկորի մեր ջուրը, մենք չենք կարողանա ոռոգել մեր այգիները, կզրկվենք խմելու ջրից: Հաջորդ գլոբալ խնդիրը՝ մեզ մոտ ժողովուրդը զբաղվում է անասնապահությամբ, դրանով ենք մենք այս դժվարին ժամանակներում պահպանում մեր գոյությունը, իսկ հանքը գտնվում է հենց մեր արոտավայրերի վրա: Կողքով անցնում է երկաթուղի, երկաթուղուց պետք է 100 մետր անցնեն, վերևում կա նաև գազատար խողովակ, այդ խողովակը տեղափոխելու են, իսկ այնտեղ արդեն լեռներն են: Ստացվում է՝ մենք այլևս տեղ չենք ունենա հոտը արածացնելու համար: Ես ուզում եմ դիմել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով՝ աջակցել և ուշադրություն դարձնել մեր խնդրին», - ասաց Ֆիոլետովո համայնքի ներկայացուցիչ Վասիլի Դեսյատովը:
Նա նշեց, որ հանքավայրի շահագործումը կվնասի ոչ միայն իրենց համայնքին, այլ նաև հանքավայրից 7 կմ հեռավորության վրա գտնվող Դիլիջանի միջազգային դպրոցին:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն ասաց, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին Ֆիոլետովոն հայտնի է եղել իր մաքուր օդով, ջրով, էկոլոգիապես մաքուր սնունդով և հանդիսացել է առողջարանային գոտի, որտեղ մեկնում էին հանգստանալու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները և բուժվելու թոքերի և շնչառական խնդիրներ ունեցողները:
«Այս առողջարանային գոտին կարելի է այլ կերպով օգատգործել: Հայաստանի այլ վայրերում, որտեղ օդը, ջուրը, սնունդը մաքուր է, մարդիկ գնում են հանգստանալու և ապրում են մասնավոր վարձով տրված տներում: Նույը կարելի է այստեղ անել. և համայքնը օգուտ կստանա, և տարածաշրջանը կօգտագործվի որպես առողջարանային գոտի», - ասաց Սիլվա Ադամյանը:
Նա նշեց, որ հանքավայրի շահագործումը լուրջ վտանգ կառաջացնի նաև Դիլիջան քաղաքի համար: «Նախագահն` ինքն է հայտարարել, որ Դիլիջանը իր հարակից տարածքներով հանդիսանում է մաքուր, էկոլոգիական, աղողջարանային գոտի: Դիլիջանում բացի համաշխարհային դպրոցից գտնվում է նաև Մաքսային գործի վերապատրաստաման կենտրոնը: Անթույլատրելի է այդ գոտում նման գործունեություն իրականացնելը», - ասաց Սիլվա Ադամյանը:
Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասաց, որ իրենք հանդիպել են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների հետ, և վերջիններս նույնպես մտահոգված են հանքավայրի խնդրով: «Իրենք խնդիրը կներկայացնեն իրենց դպրոցի ղեկավարությանը, նաև ցանկանում են դպրոցի երեխաների անունից նամակ գրել և ուղարկել Ռուբեն Վարդանյանին», - ասաց Լևոն Գալստյանը:
Նա նշեց, որ հանքավայրի շահագործման դեպքում նախ և առաջ կաղտոտվեն տեղի ջրային աղբյուրները: «Խմելու ջրի աղբյուրները կաղտոտվեն, այդ տարածքից առաջացող բոլոր ջրերը կաղտոտվեն, որոնք հետո Աղստևի հետ միասին կտեղափոխվեն դեպի Դիլիջան քաղաք: Դա բոլորին պարզ է, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, իսկ ամբողջ աշխարհում ամենակարևոր խնդիրը ջրերի աղտոտման խնդիրն է», - ասաց Լևոն Գալստյանը:
Հասարակության ներկայացուցիչներն իրենց վրա պարտավորություն վերցրեցին աջակցել բնակիչներին տեղեկատվության տարածման և գործընթացն օրինական դաշտ բերելու հարցերում եւ ուրվագծեցին գործողությունների պլան:
Հունվար 14, 2015 at 14:52