«Չի աշխատի ու վերջ». Մելիքգյուղի բնակիչները հերթական անգամ մերժեցին Թուխմանուկի հանքավայրի ծրագիրը (Լուսանկարներ)

«Չի աշխատի ու վերջ». Մելիքգյուղի բնակիչները հերթական անգամ մերժեցին Թուխմանուկի հանքավայրի ծրագիրը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի ունեցան «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումները:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը, նախագծողներ Վռամ Թևոսյանը և Հովիկ Նիկողոսյանը, «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի վարչական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Բաղդասարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանը, համայնքի բնակիչներ և բնապահպաններ:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը հայտնեց, որ քննարկման առարկա հանդիսացող նախատեսվող գործունեությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով Ա կատեգորիայի գործունեություն է:

Նախագծի հեղինակ՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի տնօրեն Վռամ Թևոսյանը նշեց, որ նախագծի հիմնական մասը ջարդիչ կայանքի կառուցումն է:

«Ջարդիչ կայանքն իր մեջ պարունակում է բնապահպանական ռիսկ՝ կապված ջարդման ժամանակ առաջացող փոշու տարածման, արտանետումների հետ: Պարտադիր բոլոր ջարդիչ կայանքի մասերը առանձին պետք է ունենան տեղական քաշիչ սարքեր, որոնք անմիջապես կկլանեն արտանետվող փոշին և թույլ չեն տա, որ տարածվի: Ինչ խոսք, ինչ-որ մի փոքր մաս կտարածվի: Մեր խնդիրն է  հանդիսանալու հետագայում հաշվարկել  այդ տարածվող մասը, տեսնել արդյոք դա սանիտարական նորմերի խախտում կլինի, թե` ոչ», - ասաց Վռամ Թևոսյանը և նշեց, որ հարստացուցիչ ֆաբրիկայում ներքին փոփոխություններ լինելու են սարքավորումների հետ, բայց տեխնոլոգիայի փոփոխություն չի լինելու, որպես նյութեր մնալու են հին նյութերը:

Հայտի համաձայն՝ նախատեսվում է կառուցել միջանկյալ չոր պոչերի պահեստ ֆաբրիկայի հարեւանությամբ: «Ցանկացած հարստացուցիչ ֆաբրիկայի հիմնական բնապահպանական ռիսկը պոչամբարն է: Տվյալ դեպքում նախատեսվում է հրաժարվել այդ ձևից, չորացնել այդ պոչերը և չոր վիճակում պահեստավորել տեղանքում», - ասաց Վռամ Թևոսյանը:

Նախագծող Հովիկ Նիկողոսյանը նշեց, որ ներկայումս ընկերության երեք պոչամբարները վթարային վիճակում են, և հարկավոր է կառուցել պատնեշ՝ անվտանգության բարձրացման նպատակով:

«Երեք պոչամբարները, որոնք այսօր կան, դրանք պետք է կառուցել: Առաջին հերթին պետք է այնտեղից պոչերը հանել, տեղափոխել, սրանք դեմոնտաժ անել, ընդհանուր մի պատնեշ կառուցել ու սարքել նորմալ պոչամբար, ոչ թե այդ երեք պոչամբարները, որ այսօր կան, - ասաց Հովիկ Նիկողոսյանը, - երկու տարբերակ ենք նայել. առաջինը՝ կառուցել ժամանակավոր կուտակիչներ կողքը՝ 3 հեկտարի վրա, 3 մետր բարձությամբ պատնեշով, սա տանենք, ջրով բացենք ու տեղափոխենք այդ պոչամբար: Երկրորդը՝ հին պոչերը տեղափոխել նոր պոչամբար, որը նախատեսված էր կառուցել, նոր պատնեշները կառուցենք, դեմոնտաժ անենք, որ գյուղին վնաս չհասցնենք»:

Մինչ նախագծի հեղինակները շարունակում էին ներկայացնել նախատեսվող գործունեությունը, Մելիքգյուղի բնակիչները հիշեցնում էին «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ընկերության կողմից այս տարիների ընթացքում համայնքին և շրջակա միջավայրին հասցված վնասների մասին:

«3 տարի առաջ, երբ էտ լվացման ցեխը չէր աշխատում, այն ժամանակ որ ջուրը գալիս էր, էս մեր տարածքում 48 ընտանիք զրկվան կարտոֆիլ ցանելուց՝ լրիվ վառվում, թափում էր, չորանում էր, ջուրը գալիս էր տիղմ, դեղին տիղմ գալիս, նստում էր, իսկ էսօր չկա: Այսօր որ չի աշխատում, ես կարտոֆիլ ունեմ, կանաչ մնումա, հոյակապ: Ինչի՞ եք խաբում ժողովրդին, ինչ-որ ճիշտնա՝ ճիշտն ասեք», - ասաց Մելիքգյուղի բնակիչը:

«2-3 տարի մեղուները չէին աշխատում, բայց էս տարի աշխատում են, ինչի՞ համար, որ թույնը չկա, ծառերի վրա թույն էր նստում», - հավելեց բնակիչը:

Բացի բնակիչներից, իրենց վրդովմունքը հայտնեցին նաև քննարկման մյուս մասնակիցները:

«Դուք որպես անձնավորություն և նախկին նախարար նպատակահարմա՞ր եք գտնում այս նախագծի իրականացումը այս վայրում, այս բարձրության վրա, ջրային համակարգի և այլն», - հարց ուղղեց նախագծող Վռամ Թևոսյանին Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Մեր կազմակերպությանը դիմել են, և որպես տեխնիկական առաջադրանք մենք դա անում ենք: Նոր ֆաբրիկա չի կառուցվելու, ուղղակի հինը վերակառուցվելու է, որը բերելու է բոլոր բնապահպանական ցուցանիշների բարելավմանը», - պատասխանեց Վռամ Թևոսյանը: 

«Այսինքն, որ ծավալը մեծանում է՝ վիճակը լավանո՞ւմ է», - զարմացավ Հակոբ Սանասարյանը:

«Ձեր բոլոր նախագծերում դուք ներկայացնում եք հանքաքարի բաղադրությունը և դրա մեջ ներկայացնում եք մեկ տասնյակ միներալներ, բայց անկախ փորձագետների հետազոտությունները ցույց են տալիս, որ պոչամբարի պոչանքի մեջ կան մեծ քանակությամբ վտանգավոր մետաղներ: Հիմա դուք պոչամբարները միավորում եք, հանքաքարի վերամշակման ծավալները մեծացնում եք, բա այս ծանր մետաղները՝ մկնդեղ, ցինկ... մեկ տասնյակից ավել, որ թույլատրելի սահմանը գերազանցում է: Ո՞նց եք այս գյուղի, Ապարանի բնակիչներին զերծ պահելու այս բոլոր վտանգներից», - հարցրեց Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյա Մանուկյանը:

«Նոր համակարգը՝ չոր պոչանքները, թույլ կտան բացառել արտահոսքերը ջրերի, քանի որ այլևս հեղուկ չի, չոր պոչանքներ են, որոնք պահեստավորելու են, այդ համակարգը նախատեսում է ջրամեկուսիչ շերտ», - պատասխանեց Վռամ Թևոսյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը հարցրեց. «Եթե դուք չունեք կայուն ֆինանսներ և ունեք լուրջ ֆինանսական խնդիրներ, ունեք պարտքեր, և ոչ միայն աշխատողներին, դուք ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունը»:

«Բայց ովա ասել, որ չունենք», - ասաց ընկերության ներկայացուցիչ Տիգրան Բաղդասարյանը և հավելեց, որ իրենք վճարել են աշխատողների բոլոր պարտքերը: Բնակիչներն էլ իրենց հերթին նշեցին, որ դատարանի միջոցով են ստացել իրենց աշխատավարձերը:

«Դուք էստեղ թունավորում եք ժողովրդին, չեք թողնում ապրի մեր ժողովուրդը... բերեցին, ջրագիծը փակեցին, 60 ընտանիք էստեղից հրաժարվավ...ժողովրդին գցում եք թյուրիմացության մեջ, ոչ մի հատ չի աշխատի ու վերջ, - տեղից բղավում էին վրդովված բնակիչները, - էս 4 տարի ի՞նչ եք արել գյուղի համար, ոչ մի բան, խոստումներ եք տալիս, ոչ մի բան չեք անում...10-15 տարի օգտագործել եք հանքը, մի հատ ծառ տնկե՞լ եք գյուղի համար, մի մանկապարտեզ սարքել եք՝ չէ»:

Երբ «ՄԵԳՈ ԳՈԼԴ»-ի ներկայացուցիչ Տիգրան Բաղդասարյանը փորձեց ընդհատել, բնակիչներից մեկը վրդովված ասաց. «էս իմ պապական հողնա, գնա քո հողի վրա կառուցի, իմ հողից գործ չունես...Դու քո երեխուն ապահով նստեցրել էս էնտեղ, իմ երեխուն էստեղ թունավորում էս»:

«Գյուղը շատ վնասներա կրում, էսօր եսիմ ինչքան տարածք մնացելա իրանց ձեռքի տակ, որ դա մեր արոտավայրն էր: Չի աշխատելու, դեմ ենք», - ասաց մեկ այլ բնակիչը:

«Պոչամբարը, ֆաբրիկան՝ շատ վատա: Մեր երեխեքին, թոռներին, բոլորին թունավորում են: Քանի տարի որ աշխատել են, որևէ մի բան չեն արել, բացի վնասից. մեր սարերը քանդել են, մեր ճանապարհները քանդել են: Իմ հողից նմուշներ են տարել, մկնդեղ է եղել, մյուսն էլ, սաղն էլ եղել է: Միշտ էլ դեմ եմ եղել ու դեմ էլ պիտի լինեմ: Ես մտահոգ եմ, նամակ պետք է գրեմ, թեկուզ վարչապետին, շատ վատա մեր գյուղի վիճակը», - նշեց Մելիքգյուղի բնակիչը:

 
 
 
 


13:40 Սեպտեմբեր 10, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news