«Թաթսթոուն» ՍՊԸ-ն դադարեցրեց Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն դադարեցրեց Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը

ԷկոԼուր

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն դադարեցրեց Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը: Խոսնակը նշեց, որ հանքավայրի շահագործման դադարեցման մասին ինֆորմացիան հաստատել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի պատասխանատուն, իսկ պատճառները դեռ հայտնի չեն: Հանքավայրի տարածքում տեխնիկայի որևէ շարժ չկա:

Հիշեցնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Լիճքի հանքավայրի և նոր հանքերի շահագործման դեմ: Պատրաստվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Հանրագիր, որում գրված է, որ Լիճքի հանքավայրը գտնվում է Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտում, և որ հանքավայրի շահագործումը կարող է որակական և քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: Հանքավայրի տարածքով է հոսում նաև տարածաշրջանը ոռոգման ջրով ապահովող Մեղրի գետը և Զվարագետը, որոնց աղտոտումը ծանր և վտանգավոր մետաղներով անխուսափելի է: Հանքավայրը գտնվում էլ Լիճք գյուղի բնակելի տարածքից անթույլատրելի հեռավորության վրա: Պայթեցումներից առաջացած ցնցումները խիստ վտանգում են գյուղի տների ամրությունը, գյուղը մշտապես գտնվում է պայթեցումներից առաջացած փոշու մեջ, գյուղից անընդհատ լսվում է աշխատող տեխնիկայի ձայնը: «Համոզված ենք, որ հանքավայրի շահագործումից համայնքի բյուջեին հատկացվող միջոցները և բացված աշխատատեղերը անհամեմատելի են այն վնասների հետ, որոնք այժմ կրում է Լիճք բնակավայրը և ամբողջ Մեղրի համայնքը: Հանքավայրի շահագործումն ընդմիշտ փակում է Լիճք բնակավայրում այլ ոլորտների զարգացման հեռանկարը. զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, պարզապես ապրելու հնարավորություն, ինչպես նաև իրական վտանգի տակ է առնում Մեղրիի ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությունը», - նշված է Հանրագրում:

Լիճքի հանքավայրի շահագործման հարցը քննվում է ՀՀ վարչական դատարանում: Հայցվոր «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն պահանջում է առ ոչինչ ճանաչել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը, քանի որ հանքավայրի մի մասը գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում: Իսկ ՀՀ հողային օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա դրանց գործառնական նշանակությանը և սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն արգելվում է:

17:06 Մայիս 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news