Միջազգային գործիքները` Հայաստանում աղտոտողներին հակազդելու համար

Միջազգային գործիքները` Հայաստանում աղտոտողներին  հակազդելու համար

ԷկոԼուր

«ԷկոԼուր» մամուլի ակումբում հայաստանյան հասարակական կազմակերպությունները չեխական «Առնիկա» կազմակերպության մասնագետների հետ` Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի մասնակցությամբ, քննարկեցին աղտոտողների նկատմամբ արդարադատություն իրականացնելու միջազգային գործիքները:

Քիմիական անվտանգության ոլորտում մասնագիտացված «Առնիկա» կազմակերպության և Պրահայի քիմիայի և տեխնոլոգիաների համալսարանի մասնագետները Հայաստանում ուսումնասիրում են հանքարդյունաբերական Ալավերդի, Շնող, Ախթալա համայնքների տարածքների աղտոտվածությունը ծանր մետաղներով և դրա ազդեցությունը մարդու առողջության վրա:

«Մեր խնդիրն է գտնել մեխանիզմներ կառավարության հետ արդյունավետ երկխոսության համար, որպեսզի մեր բարձրացված հարցերը լուծում ստանան», - բացման խոսքում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: «Այս ծրագիրն իրականացվում է Չեխիայի կառավարության և Չեխիայի արտաքին գործերի նախարարության տրանսֆորմացիոն համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանը միայն այս տարի առաջին անգամ դարձավ ծրագրի առաջնային երկրներից մեկը: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի ներգրավումը ծրագրի մեջ համընկավ Թավշյա հեղափոխության հետ, որը նոր հնարավորություններ է ստեղծում: Մեր խնդիրն է ոչ միայն հասնել ծրագրի նպատակների իրագործմանը, այլ նաև խորացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության և կառավարության միջև: Կառավարությունը հասկանում է, որ այս ծրագիրն իրեն օգնում է և հետագայում էլ կօգնի: Սա հաստատեց և վարչապետը, ում հետ ես հանդիպել եմ, և արտաքին գործերի նախարարը:

Ծրագիրն առնչվում է այն հիմնախնդիրներին, որոնք ներկա պահին առկա են հանքերի շրջակայքում գտնվող համայնքներում և նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը, տրամադրում է բազում հնարավորություններ և գիտելիքներ աշխատանքային տարբեր փուլերում կառավարության հետ աշխատելու առումով», - ասաց Պետր Միկիսկան:

Սեմինարի ժամանակ ցուցադրվեց «ԷկոԼուր»-ի նկարահանած «Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրում են Ալավերդու աղտոտվածությունը» տեսահոլովակը: Այնուհետև փորձագետներն ամփոփեցին նմուշառող խմբի կատարած աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղված միջազգային գործիքները:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ հետազոտության արդյունքների համաձայն` հանքարդյունաբերության առաջացրած խնդիրները համայնքներում բացի բնապահպանական աղետ լինելուց կրում են նաև սոցիալ-տնտեսական բնույթ, մասնավորապես խոսքը գնում է Ալավերդի արդյունաբերական քաղաքի մասին, որն ունի միգրացիայի աճող մակարդակ:

«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտում գոյություն ունի հստակ ընթացակարգ, ըստ որ հանքի շահագործումն ու աշխատանքային մյուս գործընթացները սկսելուց առաջ ընկերությունը պետք է իրականացնի շրջակայքում բնակվող բնակչության մեկնարկային բուժզննում, որը կհանդիսանա հիմք հետագա ուսումնասիրությունների համեմատության համար: «Թեղուտ ընկերությունն այդ քայլը բաց է թողել», - ասաց Աննա Շահնազարյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց. «Պարզվել է, որ անկախության տարիների ընթացքում ուռուցքային հիվանդություններով մահացության ցուցանիշը Հայաստանում աճել է 3 անգամ, բնածին արատներով ծնված երեխաների քանակը նույնպես աճել է 3 անգամ: Աղտոտվածության ցուցանիշներ ունեն հանքարդյունաբերական շրջանները: Առաջին հորիզոնականում է Լոռու մազը, այնուհետև Սյունիքի մարզը և Երևան քաղաք: Սակայն այս տեղեկությունները պաշտոնապես չհրապարակվեցին: Առողջապահության նախարարությունը բացատրում է այդ ցուցանիշներն այլ փաստերով», - հայտնեց Կարինե Դանիելյանը:

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի խորհրդատու Արամ Գաբրիելյանի խոսքով` Ալավերդիում 1 տարվա ընթացքում արտանետումները կազմում են 30.000 տոննա: «Այսինքն, 1 օրվա ընթացքում 8 վագոն ծծմբական թթու է իջնում ազդակիր համայնքների վրա: Ազդակիր համայնքներն այս տեսանկյունից 10-ն են: Եվրասիական տարածաշրջանում նման արտանետումների նման չափաքանակներ գոյություն չունեն: Ալավերդու մետաղաձուլական կոմբինատի ծխնելույզի կառուցման հետ կապված կա ստանդարտների մեծ անհամապատասխանություն:

Ընկերությանը հաջողվել է ժամանակավոր չափաքանակների մասին օրենքը Ազգային ժողովում քննարկել, այնուհետև` ընդունել: Ըստ այս օրենքի`ձեռնարկությանը թույլատրվում է իրականացնել արտանետումներ ժամանակավոր չափաքանակներով: Օրենքում նշվում է նաև, որ ժամանակավոր արտանետումները թույլատրելի են ցանկացած քանակությամբ: Օրենքում չի նշվում նորմերի մասին: Եվ այս օրենքի միջոցով էլ ձեռնարկությունը կարողանում է կատարել ցանկացած քանակության արտանետում ժամանակավոր չափաքանակի անվան տակ` վճարելով բավականին քիչ գումար:

Օրենքով թույլատրված 30.000 տոննա արտանետումների դիմաց ձեռնարկությունը վճարում է 150 միլիոն դրամ 2,5 միլիարդ դրամի փոխարեն», - ասաց Արամ Գաբրիելյանը:

Անկախ փորձագետ Ռոզա Ջուլհակյանն առաջարկեց. «Հավաքագրել բոլոր խնդիրները, որոնք հայտնաբերվել են մեր կոլեգաների կողմից, ներկայացնել կառավարությանը և առաջարկությունով դիմել՝ փոփոխել համապատասխան օրենքը կամ նորմը»:

Մարտին Սկալսկին ասաց. «Երբ պատրաստ կլինեն մեր կողմից կատարված հետազոտության պատասխանները, մենք դրանք համեմատելու ենք հայկական, ռուսական, եվրոպական ստանդարտների/նորմերի հետ: Եվ, իհարկե, անհրաժեշտ է լինելու ներկայացնել նաև արդյունքների պատճառահետևանքային կապը ձեռնարկության աշխատանքների հետ, որն էլ կարող է հիմք հանդիսանալ օրենքը վերանայելու համար», - ասաց Մարտին Սկալսկին:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարինե Նալբանդյանի խոսքով` ներկայում մթնոլորտային արտանետումների քանակով Լոռու մարզը առաջատար է: «Այս տարածաշրջանի օդի աղտոտվածությունը մեծ ազդեցություն է թողնում է Դեբեդ գետի վրա, մասնավորապես, թթվային անձրևների տեսքով», - ասաց նա:

«Մենք ականատես եղանք, թե ինչպես են վնասվում բույսերը թթվային անձրևների ազդեցության պատճառով: Խոսեցինք նաև տեղաբնակների հետ, տեղեկացանք, որ նրանք ունեն շնչառական խնդիրներ, գլխացավեր, մարսողական խնդիրներ: Ամենացավալին այն է, որ Ալավերդիում ծուխն արտանետվում է ամեն օր` 24 ժամ: Նմուշառում կատարեցինք երեխաների խաղահրապարակների և մանկապարտեզների հողային հատվածներից, տեղաբնակների մազերից և տարածքում բազմացվող հավերի ձվերից: Նաև վերցվել է գետափնյա հատվածից նստվածքային զանգված: Ուսումնասիրեցինք Ախթալայի պոչամբարը, որը չուներ ցանկապատ, և այդ պոչամբարին հեշտությամբ մոտենում էին թե մոտակայքում արածող անասունները, թե մարդիկ: Այն գտնվում է բնակելի տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա, որի հետևանքով բնակիչներն անխուսափելիորեն կրում են պոչամբարի բացասական ազդեցությունը», - ասաց «Առնիկա» կազմակերպության փորձագետ Նիկոլ Կրեյցովան:

«Արդեն կարելի է դիմել բնապահպանության նախարարին, որպեսզի ստեղծենք արտանետումների և աղտոտվածության ռեգիստր, քանի որ աղտոտումների մասին տեղեկությունները շատ դժվար է ձեռք բերել Հայաստանում, - առաջարկեց Մարտին Սկալսկին, - մեր հոկտեմբերյան հանդիպմանը, որտեղ ներկայացվելու են այն խնդիրները, որոնք մեր կողմից հայտնաբերվել են, կարելի է հրավիրել ԵՄ-ի ներկայացուցչին և դիմել նրանց օգնությանը»:

Օգոստոս 13, 2018 at 15:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր