ԷկոԼուր
Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Առաքելյանն իր էջում տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում էին գետի մեջ բազմաթիվ սատկած ձկներ:
«Հարգելի բնապահպաններ, Ձեր և բոլորի ուշադրությունն եմ հրավիրում Կապան համայնքի Աճանան գետի նկարներն ու վիդեոները...այս խայտառակ պատկերը հետևանքն է այն բանի, որ Քաջարանի կոմբինատի թափոնատար խողովակաշարից թափոնաջրերը թափվում են Աճանան գետ`ոչնչացնելով ոչ միայն ձկներին, այլև անտանելի դարձնելով մեր` տեղի բնակիչներիս, կյանքը... Բացի անտանելի հոտից, մենք զրկված ենք ոռոգման ջրից, և Աճանան համայնքում ապրելն այլևս անիմաստ է...
Հ.Գ.հիմնականում թափոնաջրերը գետն են թափվում գիշերային ժամերին և քանի որ տունս գտնվում է գետից 50 մ հեռավորության վրա, անտանելի հոտից նույնիսկ չենք կարողանում քնել...», - գրել էր նա սոցիալական ցանցում:
Aysor.am-ի լրագրող Անի Վարդանյանի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանը նշել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իրականացնում է պարտադիր շաբաթական բնապահպանական մոնիթորինգ և 2015-ից մինչև 2018 թվականի հունվարի վերջ իրականացված կենսաբազմազանության լայնածավալ ուսումնասիրություններում, որտեղ ներգրավված է նաև տեսանյութի հատվածը, երբևիցե չեն հանդիպել նման երևույթի։
Հասմիկ Մկրտումյանի խոսքով՝ առհասարակ, ձկների սատկելը ուղղակիորեն կապել մեկ ազդեցություն ունեցող օղակի հետ՝ առնվազն ոչ պրոֆեսիոնալ է, այն դեպքում, երբ քննարկման առարկա հանդիսացող հատվածում առկա են բազմաթիվ այլ ազդեցության օղակներ`լքված հանքեր, արդյունաբերական այլ սուբյեկտներ, այսինքն՝ դա գետի ամենաակտիվ ազդեցություն կրող գոտին է։
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը հայտնել է, որ նկարահանումը տեղի է ունեցել ամիսներ առաջ և նկարահանվել է ոչ թե Արսեն Առաքելյանի, այլ՝ այլ անձի կողմից: Ավելին, տեսանյութի հրապարակման օրն իրենք գնացել էին Աճանան գետի տարածք, ջրի նմուշ վերցրել և պարզել, որ աղտոտվածություն չկա: Պետրոսյանը նաև հավելել է, որ պատրաստվում են հանդիպել տեսանյութը նկարահանած քաղաքացուն՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Հետք»-ի հրապարակման համաձայն` դեռ 2018թ-ի օգոստոսին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված պարզվածքը Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ (Աճանան) գետ թափվելու փաստի առթիվ: Գետից նմուշառում էր արվել և ուղարկվել Երևանի լաբորատորիա: Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը «Հետքին» հայտնել էր, որ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պարզվածքում մի շարք մետաղների սահմանային թույլատրելի խտությունը գերազանցվել է: Նա նշել էր, որ մանրամասները պարզ կդառնան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեսչական ստուգումներից հետո: ԶՊՄԿ-ում ստուգումների ավարտի օրը` 2019թ-ի հունվարի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվեց աշխատանքից: Տեսչական ստուգումների ու վարչական վարույթի արդյունքների մասին հանրությանը պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրվել:
Մեր կողմից նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի 2018 թ-ի սեպտեմբերի տվյալների համաձայն` Աճանան գետն ունի 5-րդ՝ ամենաբարձր դասի աղտոտվածություն: Հիմնական աղտոտիչներն են` մոլիբդենը, վանադիումը, կալիումը, ծարիրը, սուլֆատ իոնը:
Հունվար 30, 2019 at 18:57