Երեւանի հանքերի շահագործման համար տրամադրված է 29 լիցենզիա

Երեւանի հանքերի շահագործման համար տրամադրված է 29 լիցենզիա

էկոԼուր

Եւս մեկ բաց հանքի նախագիծ Երեւանում: Այն տեղադրված է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկանքում, որտեղ բերվում է հանքավայրերի հետախուզման լիցենզիաների ցանկը, այդ հանքավայրը կոչվում է «Երեւան քաղաքի Ջրվեժի գիպսատար ապարների եւ բազալտների հանք»: Այնուամենայնիվ, Բնապահպանության նախարարությունը հասարակական լսումների անցկացման վայրը որոշել է` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ: Շահագործող ընկերությունը «Գաջ» ՓԲԸ-ն է:

Նշենք, որ հոկտեմբերի 24-ին Բնապահպանության նախարարության կայքում հայտնվեց Երեւանում` Սարի թաղում, գիպսատար կավի հանքավայրի բաց եղանակով շահագործման մեկ այլ նախագիծ: Շահագործողը «Գաջեգործ» ՓԲԸ-ն է: Տվյալ նախագծի հասարակական լսումների մասին հայտարարություն չկա: Ավելին, Սարի թաղը, թեպետ համարվում է խիտ բնակեցված բնակավայր, նշված չէ հանքավայրի ազդեցության գոտու նկարագրության մեջ: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը «Ա1+»-ի նկարահանող խմբի հետ եղավ Սարի թաղում:  «Ա1+»-ի տեղեկություններով մի քանի տարի առաջ ձեռնարկությունը ստացել է այդ բնակավայրի բնակչության ստորագրությունները, ովքեր կողմ են եղել հանքի շահագործմանը: Եւ «Ա1+»-ը, եւ «ԷկոԼուր»-ը կարճ հարցում անցկացրեցին բնակավայրում: Բնակիչները ոչինչ չգիտեին ոչ հանքավայրի մասին, ոչ ստորագրահավաքի մասին եւ շատ զարմացած էին:

Եղանք նաեւ «Գաջեգործ» ՓԲԸ-ի տարածքի մոտ: Մենք չտեսանք ոչ մի ջրցան մեքենա: Գործարանի մոտ թափոններ են, 50 սանտիմետրանոց փոշու կույտեր: «Գաջեգործ» ՓԲԸ-ի աշխատակիցները հերքեցին, որ այդ արդյունաբերական թափոններն իրենց ձեռնարկությանն են պատկանում: «Մենք առանց թափոնի ենք աշխատում: Իսկ այստեղ իրենց թափոնները բերում են բոլոր նրանք, ովքեր չեն ալարում, բայց ոչ մենք»,- ասացին նրանք: Իսկ ինչ վերաբերում է Սարի թաղի հանքավայրին, ապա նրանց խոսքերով, այն շահագործվում է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության` «Օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված հանքային իրավունքների մասին առ 01.10.2012թ. դրությամբ» տեղեկանքի համաձայն` «Գաջեգործ» ՓԲԸ-ն Երեւանում ունի Սարի թաղի գիպսատար կավի եւ բազալտի 3 հանքի լիցենզիա եւ Ջրվեժի գիպսատար կավի հանքի լիցենզիա, իսկ «Գաջ» ՓԲԸ-ն`է Ջրվեժի գիպսատար կավի հանքի 2-րդ տեղամասի լիցենզիա: Ջրվեժի գիպսատար կավեր եւ բազալտ հանքի շահագործման լիցենզիա ունի նաեւ «Հանքարդ» ՍՊԸ-ն: Նույն տեղեկանքի համաձայն` Երեւանում  օգտակար հանածոների արդյունահանման համար հանքային իրավունք է տրամադրված 29 լիցենզիաներով:

«ԷկոԼուր»ը դիմում է Բնապահպանության նախարարությանը`

1. Արդյո՞ք վերոնշյալ ընկերությունները բոլոր շահագործվող հանքերի համար ունեն բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, ո՞ր համարով եւ ե՞րբ է տրվել

2. Տվյալ նախագծերի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացվե՞լ են Եթե այո, ապա խնդրում ենք տրամադրել արձանագրությունների կրկնօրինակները:

3.Խնդրում ենք Երեւանը ճանաչել ազդակիր համայնք, որի վրա անմիջականորեն ազդեցություն կունենան Բնապահպանության նախարարության կայքում տեղադրված Ջրվեժի եւ Սարի թաղի հանքերի բաց շահագործման նախագծերը եւ ապահովել այդ նախագծերի հասարակական լսումները Երեւանում:

4.   Խնդրում ենք նաեւ տրամադրել տեղեկատվություն, թե արդեն շահագործվող Սարի թաղի եւ Ջրվեժի հանքավայրերը փոշու ինչպիսի ծանրաբեռնվածություն են առաջացնում շրջակա միջավայրի համար:

Հոկտեմբեր 26, 2012 at 14:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր