ԷկոԼուր
2012 թ. Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքը հավանություն տվեց Սոտքի ոսկու բաց հանքի վերազինման ծրագրին: Համայնքը Սոտքի հանքը շահագործող «GeoProMining Gold» ընկերությանը 1047 հա հող է տվել վարձակալության:
Գյուղը հանքի ազդեցության անմիջական կրողն է: Գյուղի տարածքում են լցվում Սոտքի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացած դատարկ ապարները և լցակույտերը:
Տեղի մթնոլորտային օդն աղտոտված է հանքի և լցակույտերի տարածքից բարձրացող թունավոր փոշով:
Գյուղի միջով է հոսում հանքի տարածքից դուրս եկող Սոտք գետը, աղտոտված ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով: Այս ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:
2016թ. Սոթք համայնքը ընկերության կողմից վարձակալված հողերի դիմաց 68 միլիոն դրամ էր ստացել: Համայնքային խոշորացումից հետո` 2017թ-ին Սոտքն ընդգրկվեց Գեղամասար համայնքի կազմում 17 այլ գյուղերի հետ միասին: Եվ այդ 68 միլիոն դրամը, ինչպես և հանքում աշխատատեղերը, տեղի բնակիչների ներկայացմամբ, նույնպես սկսեցին բաշխվել մյուս գյուղերի միջև:
68 միլիոն դրամի կռիվ՝ Սոթքին միանալու համար
«Մինչ խոշորացումը այդ գումարը թույլ էր տալիս զարգացնել Սոթք համայնքը, լուծել սոցիալական խնդիրներ: Խոշորացումից հետո, հաշվի առնելով խոշորացման սկզբունքը, 18 համայնքների բյուջեն միավորվել է մեկտեղ և հավասարաչափ բաշխում է իրականացվում: Որ գյուղում ավելի հրատապ խնդիր կա, այնտեղ ենք առաջնահերթ աշխատանքներ իրականացնում: Հիմա Սոթքի բնակիչները բողոքում են, թե ինչու այդ 68 միլիոն դրամը միայն իրենց չի տրվում», - ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակում ԷկոԼուրի թիմի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ համայնքապետի` մինչ խոշորացումը Սոթքին հարակից շատ այլ համայնքներ պայքարում էին, որպեսզի Սոթքը հենց իրենց միանա: «Բոլորն այս 68 միլիոն դրամի կռիվն են անում», - ասաց նա: Նա նշեց, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերն արվում են միայն Սոթքում: «Այս տարի նախատեսում են Սոթք համայնքի դպրոցի, մանկապարտեզի և հանդիսությունների սրահի շենքերն ապահովել ջեռուցմամբ», - ասաց համայնքի ղեկավարը:
Համայնքապետի խորհրդական Դավիթ Շահնազարյանի խոսքով` այս տարի սուբվենցիոն ծրագրով 150 միլիոն դրամ է հատկացվել Սոթքի ոռոգման ցանցի կառուցման համար: «Մեր ամենախոշոր ծրագիրն է: Այս տարվա սուբվենցիոն ծրագրերը 320 միլիոն դրամ են կազմել, որից 150 միլիոնից ավելին իրականացնում ենք Սոթքում: 11 համայնքում ծրագիր ենք անում, գումարի կեսից ավելին Սոթքին է հատկացվել: Հասկանում ենք, որ վարձակալությամբ հանձնված հողը Սոթքինն է և աշխատում այնպես անել, որ ծրագրերի մեծ մասը Սոթքում լինի: Բայց խոշորացման հիմնական շարժառիթներից մեկը համայնքների համաչափ զարգացման ապահովումն է», - նշեց Շահնազարյանը:
Համայնաքապետարանից նաև տեղեկացրին, որ 2018 թ. ամռանը «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից Սոթք համայնքում անվճար բուժհետազոտություններ են անցկացվել, որից հետո որոշ հիվանդներ ուղեգրվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Ազդակիր պետք է լինի, ոչ թե ամբողջ համայնքը, այլ՝ միայն Սոթքը
Գեղարքունիքի մարզում ակտիվ գործունեություն ծավալող «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի անդամ Եղիազար Դավթյանը, անդրադառնալով Գեղամասարի խոշորացումից հետո 68 միլիոն դրամի ընդհանուր բյուջե ուղղվելուն, ԷկոԼուրին ասաց. «Որքանո՞վ այդ գումարից մաս կգա, կհասնի Սոթք համայնքին, խնդիր կլուծվի՞, թե՞ ոչ: Գեղամասար համայնքի փոխարեն որպես ազդակիր պետք է լինի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրը»:
Եղիազար Դավթյանը չի կիսում Գեղամասարի համայնքապետարանի կարծիքն այն մասին, թե Սոթքը մինչ խոշորացումը ինքնուրույն զարգանում էր: Նրա խոսքով, համայնքում որոշակի փոփոխություն նկատվեց միայն 2017 թ. Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի գործարկումից հետո: «Դա հանքի հետ կապ չուներ: Մայրուղու կառուցումից հետո սկսեցին բացվել խանութներ, ավտոմեքենաների սպասարկման կետեր, աշխուժություն նկատվեց», - նշեց նա:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանն էլ հավելեց, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Սոթքին ոչ միայն հողի վարձավճար պետք է վճարի, այլև՝ իր եկամուտների զգալի տոկոսը:
«Հանքի տարածքը համայնքինն է: Եկել են, ոսկի են հանում, դրա հետ էլ ջուրն են օգտագործում: Ասում են եկամտահարկ են վճարում երկրին: Սոթք համայնքին նա պետք է տա իր եկամտի տոկոսը», - նկատեց Անահիտ Գևորգյանը:
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Ապրիլ 30, 2019 at 17:22