Ամուլսար` ռիսկերը մնում են, EBRD-ի ազդեցությունը մեծանում է

Ամուլսար` ռիսկերը մնում են, EBRD-ի ազդեցությունը մեծանում է

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը մեծ  ռիսկեր է պարունակում ջրային ռազմավարական պաշարների, առողջարանային գոտու, կենսաբազմազանության, Հայաստանի պատմամշակութային ժառանգության համար: Այս ռիսկերը ներկայացված են պետական իրավասու մարմինների` ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի, ՀՀ բնապահպանության նախարարության եզրակացություններում եւ փորձագիտական գնահատականներում:

Նախագծի մասին կարծիքներ են հայտնել գիտնականներ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, առողջարանային բիզնեսի ներկայացուցիչներ 2012թ. մարտից հունիս ամիսներին անցկացված`  Ջերմուկ առողջարանի վրա ազդեցությանը, ջրային ռեսուրսների վրա ազդեցությանը եւ կենսաբազմազանության վրա ազդեցությանը նվիրված երեք գիտաժողովների ժամանակ:

Ամուլսարի նախագիծն իրականացնում է «Lydian International Limited» ընկերությունը` ի դեմս իր «Գեոթիմ» ՓԲԸ դուստր ընկերության: Հիմնական ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):

2012թ. ապրիլի 27-ին EBRD-ին հաստատեց Ամուլսարի նախագծի ֆինանսավորումը` կանոնադրական կապիտալին մասնակցության իրավունքով: Ներկայումս ֆինանսավորման չափը կազմում է 5,8 միլիոն դոլլար (CAD 5.8 million equity financing): Ամուլսարի նախագծի նկարագրության մեջ մասնավորապես ասված է, որ «… «Lydian International»-ը ձգտում է ընդունել  էկոլոգիական, սոցիալական, սանիտարահիգիենիկ նորմերի, կառավարման եւ չափանիշների թափանցիկության վերաբերյալ EBRD-ի պահանջները» (http://www.ebrd.com/english/pages/project/psd/2012/42182.shtml). Ուսումնասիրելով «Lydian International» (http://www.lydianinternational.co.uk/) եւ «Գեոթիմ» (www.geoteam.am) ընկերությունների կայքերում տեղադրված տեղեկատվությունը` տեսնում ենք, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության, առողջության եւ բնակչության բարեկեցության վրա ազդեցության մասին տեղեկատվությունն ընդհանուր է տրված, իսկ ռիսկերը ներկայացված չեն: Կայքում տեղադրված է կառավարության որոշումը Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին, սակայն տեղադրված չեն բացասական եզրակացությունները, որոնք մտնում են փաստաթղթերի փաթեթի մեջ, որոնց հիման վրա ընդունվել է կառավարության որոշումը:  Բացակայում է տեղեկատվությունը հասարակայնության անցկացրած գիտաժողովների  եւ այդ գիտաժողովների ընթացքում տրված գնահատականների մասին: 

Ջերմուկ քաղաքի ավագանու գնահատականը: «Գեոթիմ» ընկերությունը պնդում է, որ Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդեցության գոտում չէ: Բայց Ջերմուկը ներառվել էր 2009թ. Ամուլսարի նախագծի մեջ, որը հաստատվել էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Այսպես, նախագծի ազդեցության գոտում նշված էր Կեչուտ գյուղը, որն իրականում Ջերմուկ առողջարանի վարչական տարածքն է: 2012թ. Ամուլսարի ընդլայնված նախագծում Կեչուտն անհետացավ ցուցակից:

Ջերմուկ առողջարանային քաղաքի ավագանին բացասական գնահատական է տվել Ամուլսարի նախագծին: «… «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» կառավարության 18.09.2008թ. 1064-Ն որոշմամբ Ջերմուկը որոշել է իր զարգացման ուղին, եւ նման հանքարդյունաբերական օբյեկտը չի կարող վատ ազդեցություն չթողնել Ջերմուկի բրենդի վրա»,- ասված է Ջերմուկի ավագանու նամակում:

Հարց EBRD-ին 1: Ի՞նչ հիմնավորումներ կան Կեչուտն ու Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդեցության գոտուց հանելու համար:

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի գնահատական: Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Ամուլսարի նախագծին: Սեւանա լիճն ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար քաղցրահամ ջրի ռազմավարական օբյեկտ է` 35 միլիարդ խմ պաշարով:  Լիճը համարվում է ազգային հարստություն եւ պետական առաջնահերթություն, որը պաշտպանվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: Փորձագիտական հանձնաժողովի լիազորություններն ամրագրված են  օրենքի 19, 20 եւ 21 հոդվածներով: Հանձնաժողովի պաշտոնական պատասխանում (N Е/18/2012) ասված է. ««ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննության է առել «Գեոթիմ» ՓԲԸ «ՀՀ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագիծը:

Հանձնաժողովն արձանագրել է, որ նախագծում հանքավայրի լցակույտերը նախատեսվում է 2570-2360մ նիշերի սահմաններում, 735թ. աղետալի երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 40-50մ բարձրությամբ  4 շերտով շուրջ 100մ միջին բարձրությամբ m=1.0 շեպերի թեքությամբ, առանց միջանկյալ բերմանների: Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ` հաշվի առնելով տարածշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը:

Բացի այդ` նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սեւան թունելով նաեւ Սեւանա լիճ: Իջույթի սահմաններում զարգացած են ակտիվ սողանքային տեղամասեր, որոնց վրա լցակույտերի բեռնավորումը եւ հանքավայրում պայթեցման գործընթացները կարող են առավել ակտիվացնել սողանքային երեւույթները հատկապես գարնանային ամիսներին իրենց անկանխատեսելի հետեւանքներով:

Նախագծի Radman Associates հատորում (http://www.geoteam.am/media/documents/Technical%20Reports/Impact%20Assessment%20Reports/Radioactivity_Impact_Assessment_Radman.pdf)  նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:

Փորձագիտական հանձնաժողովը ելնելով վերոնշյալից  եւ առավել եւ հաշվի առնելով, որ ըստ ինտերնետային տվյալների նախատեսվում է տվյալ տարածքում կառուցել հանքաքարի հարստացման ֆաբրիկա, «ՀՀ Վայոց Ձորի  եւ Սյունիքի մարզերում սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծին տվել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը վերոնշյալ եզրակացության վերանայման հիմքեր չի արձանագրել»:

Հարց EBRD-ին 2: Որքանո՞վ է Ամուլսարի նախագծի կոնցեպցիան համապատասխանում Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, եւ նշված ռիսկերի նվազեցման համար միջոցառումների ի՞նչ ցուցակ  կարող է առաջարկվել:

Բնապահպանության նախարարության եզրակացություն: Հաշվի առնելով պահանջները, որոնք Ամուլսարի նախագծի համար առաջ են քաշվել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, նախարարությունը պետք է բացասական եզրակացություն տար, սակայն դրական եզրակացություն տվեց նախագծին:  Այսպես, պահանջներից մեկը հետեւյալն է. «Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով»: Մեկ այլ պահանջ.  «Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»: Սակայն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը նշում է. «Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն», այդ թվում «հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը»: Իսկ «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է վերամշակող ձեռնարկությունը տեղադրել Սեւանա լճի ջրահավաք ավազանում: Ամուլսարի հանքավայրից հանքաքարի արդյունահանման եւ ոսկու կորզման հաշվարկներն արված են ցիանային արտադրության հիմքի վրա: «Գեոթիմ» ընկերության պաշտոնական կայքում տեղադրված է Ամուլսարի ոսկու հանքավայրի  «Կույտային տարրալվացման մեթոդով ոսկու կորզման տեխնոլոգիական ռեգլամենտ»-ը: Փաստաթղթի համաձայն. «…տարեկան ընկերությունը մտադիր է արտադրել 39856 ունցիա ոսկի, 138248 ունցիա արծաթ, ինչի համար օգտագործվելու է 2000 տոննա նատրիումի ցիանիդ»:

Հարց EBRD-ին 3: Ինչպե՞ս է ընկերությունը մտադիր ապահովել ոսկու եւ արծաթի հայտարարված քանակը, եթե դա ապահովվելու է ցիանային եղանակով, իսկ Բնապահպանության նախարարության պահանջով արգելվում է ցիանային արտադրության տեղադրումը նախագծով նշված տարածքում:

Հարց EBRD-ին 4: Ինչպե՞ս է ընկերությունը կատարելու «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածով առաջնորդվելու մասին պահանջը, երբ ՇՄԱԳ-ում կան տվյալներ Կարմիր գրքում գրանցված տեսակների մասին, օրինակ` Կարմիր գրքում գրանցված արջ: Իսկ WWF-Հայաստանը պատրաստել է հետազոտություն Ամուլսարի տարածքում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների առկայության մասին:

Ի դեպ, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածը տարածվում է նաեւ պատմամշակութային ժառանգության վրա, ինչի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը տրամադրել է հուշարձանների նկարագրություն այն տարածքներում, որոնք ընկերությունը մտադիր է շահագործել (http://www.ecolur.org/files/uploads/pdf/amulsar.pdf):

Նշենք, որ EBRD-ին պատրաստվում է 2013թ. ամռանը ներկայացնել Ամուլսարի նախագծի սոցիալական եւ էկոլոգիական ազդեցության գնահատականը (ESIA):

Հարց EBRD-ին 5: ESIA-ում կներառվե՞ն Ամուլսարի նախագծի ռիսկերը, որոնք արտացոլված են պետական իրավասու մարմինների, Ջերմուկի քաղաքապետարանի, հասարակայնության գնահատականներում:

Հարց EBRD-ին 6: EBRD-ն ընկերության բաժնետեր է եւ ունի բավականին ուժեղ կոմերցիոն շահագրգռվածություն՝ նախագիծը խթանելու համար: Շահերի բախումի առկայության դեպքում որքանո՞վ օբյեկտիվ կլինի EBRD-ի գնահատականը:

Նկատառում: Սույն թվականի ապրիլին Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընդգրկվեց «Lydian International» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Արմեն Սարգսյանը եղել է EBRD-ի նախագահի հատուկ խորհրդականը, կառավարման խորհրդի անդամ 1999-2000թթ.:

Մայիս 21, 2013 at 14:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր