ԷկոԼուրի դիմումը ՎԶԵԲ-ին

ԷկոԼուրի դիմումը ՎԶԵԲ-ին

Պարոն Դարիուշ Պրաշեկին` ՎԶԵԲ-ի` շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման գծով դեպարտամենտի տնօրենին

Պարոն Քեւին Բորցին` ՎԶԵԲ-ի բնական ռեսուրսների գծով տնօրենին

Պարոն Պոլ  Վլանդերերին` Նիդերլանդներին, Մոնղոլիային, Մակենդոնիայի եւ Հայաստանի գծով ՎԶԵԲ-ի տնօրենին

Պարոն Պոլ-Անրի Ֆորետեին` Կովկասի, Մոլդովիայի եւ Բելոռուսի գծով տնօրենին

Պարոն Վալերի Ռազլոգին` ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարին

Կրկնօրինակը ՀՀ բնապահպանության նախարարությանը

 ԴԻՄՈՒՄ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հարգելի ներկայացուցիչներ,

ինչպես հայտնի է, ՎԶԵԲ-ն ընդունել է սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության քաղաքականություն, որը պետք է տարածվի  բանկի կողմից իրականացվող բոլոր նախագծերի վրա: Ներկայումս ՎԶԵԲ-ը «Lydian Inbternational» ընկերության բաժնետեր է, որը, ի դեմս Հայաստանում գրանցված «Գեոթիմ» ընկերության, իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման ծրագիրը: Ամուլսարի ծրագիրը ՎԶԵԲ-ի ստանդարտներին համապատասխանելու գնահատական տալիս` խնդրում ենք ի գիտություն ունեցեք, որ 31.07.2012թ. Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությունը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին:

Մեր կարծիքով` հենց դրանով ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտել է բնապահպանական օրենսդրությունը եւ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաները, եւ որ դրանում որոշակի դեր խաղաց ՎԶԵԲ-ը:

Որպես հիմնավորում նշենք հետեւյալ փաստերը.

1. Բնապահպանության նախարարությունն անտեսեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը: Հանձնաժողովն իրավասու մարմին է, որի կարգավիճակն ամրագրված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխում: Այն անկախ եզրակացություն է տրամադրում Սեւանա լճի վրա ազդեցության առնչությամբ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի ստորագրությամբ 14.06.2012թ. թիվ Ե-09/2012 եզրակացության մեջ նշված են հետեւյալ ռիսկերը.

«1. Հանքավայրի լցակույտերը նախատեսվում է 2570-2360մ նիշերի սահմաններում, 735թ. աղետալի երկրաշարժի էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա` 40-50մ բարձրությամբ 4 շերտով շուրջ 100մ միջին բարձրությամբ m=1.0 շեպերի թեքությամբ, առանց միջանկյալ բերմանների: Նախագծում չկան շեպերի կայունությունը հիմնավորող հաշվարկներ` հաշվի առնելով տարածաշրջանի 10 բալ սեյսմիկ ուժգնությունը:

2. Բացի այդ` լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սեւան թունելով նաեւ Սեւանա լիճ: Իջույթի սահմաններում զարգացած են ակտիվ սողանքային տեղամասեր, որոնց վրա լցակույտերի բեռնավորումը և հանքավայրում պայթեցման գործընթացները կարող են առավել ակտիվացնել սողանքային երևույթները, հատկապես գարնանային ամիսներին իրենց անկանխատեսելի հետեւանքներով:

3. Նախագծի Rodman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400 ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:

4. Նախագծի MM 631 հաշվետվությունում նշվում է, որ ծրագրի տարածքը հանդիսանում է երկրի հիմնական արոտավայրերից մեկը մարգագետնային բուսականությամբ, բայց չի նշվում հանքավայրի շահագործման և նրա կոնսերվացումից հետո դրանց օգտագործման հնարավորությունները:

5. Հողային ռեսուրսներին հասցված տնտեսական վնասը գնահատվել է շուրջ 44.6 մլն դրամ, առանց բացատրության, արդյոք նրա փոխհատուցումը նախատեսված է աշխատանքային նախագծում թե ոչ»:

Հանձնաժողովի եզրակացությունը. «Որոշեցին`

Հանձնաժողովը, ելնելով վերոհիշյալից և առավել ևս հաշվի առնելով, որ ըստ ինտերնետային տվյալների, նախատեսվում է տվյալ տարածքում կառուցել հանքաքարի հարստացման ֆաբրիկա, «ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծին տալ բացասական եզրակացություն»:

Հաշվի չառնելով Սեւանի փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը` նախարարությունը դրանով իսկ խախտեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի դրույթները եւ 10-րդ հոդվածը, որն արգելում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող գործունեություն:

2. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` արգելվում է ընդերքի շահագործումն այն վայրերում, որտեղ Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան: Ամուլսարի նախագծի հանրային քննարկումների ժամանակ WWF-Armenia-ի անկախ փորձագետների, ինչպես նաեւ կենսաբանական գիտությունների դոկտոր, «Հայաստանի ֆլորան» 10 հատորանոց աշխատության հեղինակ, Հայաստանի բուսաբանական ընկերության նախագահ Էլիոնորա Գաբրիելյանի կողմից ներկայացվեցին տվյալներ այն մասին, որ այդ տարածքում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, եւ որ տարածքը հիմնական թռչնաբանական տարածք է, Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղաշարժման միջանցք: Փորձագետները հայտարարեցին, որ 2012թ. աշնանը կհրապարակվեն հետազոտությունների արդյունքները:  Սակայն Բնապահպանության նախարարությունն ուշադրություն չդարձրեց այդ գնահատականներին` դրանով իսկ խախտելով «Ընդերքի մասին» օրենսգրքի 26-րդ հոդվածը, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը, ՄԱԿ-Ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիան:

3.  Ջերմուկ առողջարանային քաղաքի Ավագանին նամակ ուղարկեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղ թվում էր Ամուլսարի նախագծի ռիսկերը` Ջերմուկ բրենդի վրա բացասական ազդեցությունը, պոտենցիալ զբոսաշրջիկների կորուստը, բաց հանքավայրում շարունակաբար կատարվող պայթեցումների հետեւանքով Ջերմուկ հանքաջրի բաղադրակազմի հնարավոր փոփոխությունը:  Ավագանին որպես հիմնավորում բերել էր ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» 1064-Ն որոշումը, որի համաձայն` առողջարանային գոտու սահմաններն անցնում են հանքավայրից 2-3 կմ հեռավորության վրա: Եւ այդ հիմնավորմամբ Ավագանին պնդում էր, որ Ջերմուկը պետք է մտնի նախագծի ազդեցության գոտու մեջ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն Բնապահպանության նախարարությունը մերժեց Ջերմուկը ներառել ազդեցության գոտու մեջ` հիմք ընդունելով բացառապես «Գեոթիմ» ընկերության կարծիքն այն մասին, որ Ջերմուկը հանքավայրից գտնվում է 13-15 կմ հեռավորության վրա, եւ փոշու ու աղմուկի անմիջական ազդեցություն քաղաքի վրա չկա: Դրանով իսկ խախտվել է Օրհուսի կոնվենցիայի 2-րդ մասը` էկոլոգիական կարեւոր որշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության վերաբերյալ: 

 

4. Ցիանային արտադրության մասին: Նախարարությունն իր դրական եզրակացության մեջ նշել է. «Ոսկու կորզման գործարանի տեղադրման հարցում առաջնորդվել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներով»: Սա նշանակում է, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանում, որտեղ օրենքով մտնում են Արփա և Որոտան գետերը, ֆաբրիկա չի կարելի կառուցել: Այդ ժամանակ հարց է մնում է, թե «Գեոթիմ» ընկերության որ ցիանային ծրագիրն է Բնապահպանության նախարարության կողմից 2011թ. դեկտեմբերի 5-ին թույլտվություն ստացել, ինչպես այդ մասին գրում է ընկերությունը այն դեպքում, երբ 2012թ. հուլիսի 31-ին պարզվեց, որ նույնիսկ հարթակ չի ընտրվել օբյեկտի կառուցման համար, եւ, հետեւաբար, ցիանային արտադրության վերաբերյալ ՇՄԱԳ կամ չկա, կամ ներկայացված ՇՄԱԳ-ը դրական եզրակացություն չի ստացել:   

Նախարարության պարզաբանումն այս եւ այլ հարցերի առնչությամբ լղոզված է, հակասական բնույթ է կրում: Սրանից կարելի է եզրակացություն անել, որ, չնայած հասարակության ջանքերին եւ բազմաթիվ հանրային քննարկումներին, բնապահպանական փորձաքննության անցկացման գործընթացը թափանցիկ չէ եւ վկայում է, որ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության,  խախտել է Օրհուսի կոնվենցիայի դրույթները` 1-ին մասը`«Էկոլոգիական տեղեկատվության մատչելիության մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետը` «Շրջական միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ելնում է որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքների վրա», 6-րդ հոդվածը` «Նախատեսվող գործունեության իրականացման ծանուցման կարգը»:

5. Նախագծում ոչինչ չի ասվում բնակչության առողջության եւ բարեկեցության վրա ազդեցության մասին, դրանով խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ա կետը` «բնակչության առողջության եւ բարեկեցության», ՀՀ Սահմանադրության 33.2 հոդվածը` առողջության եւ առողջ շրջակա միջավայրի մասին:

Նշենք, որ «Գեոթիմ» ընկերությունը պարզաբանումներ է ներկայացրել վերոնշյալ ռիսկերի վերաբերյալ: «ԷկոԼուր»-ը պաշտոնապես դիմեց ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովին` մեկնաբանություններ ստանալու, ինչին հանձնաժողովը պաշտոնապես պատասխանեց, որ իր տված բացասական եզրակացությունը փոփոխման ենթակա չէ: 

Մենք կարծում ենք, որ Բնապահպանության նախարարության ոչ ադեկվատ դիրքորոշման վրա որոշակի դեր խաղաց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որը մինչեւ բնապահպանական փորձաքննության եզրակացության ստացման գործընթացի ավարտը 09.07.2012թ. մեսիջ է ուղարկել նախարարությանը: Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի տնօրեն Փոլ-Հենրի Ֆորեսթիերը News.am կայքին տված հարցազրույցում (http://news.am/arm/news/112484.html) մասնավորապես հատարարել է. «Այդուհանդերձ մենք զարմացած ենք, եւ որոշ առումով նույնիսկ հիասթափված ենք, նախարարության վերջերս արված հայտարարությամբ, որ նրանք պահանջում են եւս 230 օր` որոշում կայացնելու համար: Շրջակա միջավայրի եւ Սոցիալական ազդեցության գնահատականը, որ ՎԶԵԲ-ի պահանջն է ծրագրի ֆինանասավորման համար, պետք է հաստատվի հուլիսին եւ հնարավորություն տա մեզ գնահատելու, թե արդյոք ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր շատ բարձր չափանիշներին: Առանց հիմնավոր արդարացման, ծրագրի մեկնարկի հետաձգումը կարող է սխալ ազդակներ ուղարկել շուկային եւ բացասաբար անդրադառնալ օտարերկրյա ներդրումների վրա …»:

ՎԶԵԲ-ի  տնօրենի տվյալ հայտարարությունն արվեց Ամուլսարի նախագծի շուրջ բուռն բանավեճերի շրջանում, երբ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանձնարարեց պարզել հասարակայնության կողմից առաջ քաշված խնդիրները, մասնավորապես` Ջերմուկ առողջարանի վրա ազդեցությունը եւ Սեւանա լճի վրա ազդեցությունը: Սրանք Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններն են: Եւ այս իմաստով ռազմավարական առաջնահերթությունների համար ռիսկերն անհամատեղելի են նրա հետ, թե ՎԶԵԲ-ին հարմար է ֆինանսավորել, կամ չֆինանսավորել նախագիծը նախատեսված ժամկետներում:

Հաշվի առնելով վերը ասվածը` ՎԶԵԲ-ի փորձագետներին առաջարկում ենք ուշադրություն դարձնել նախագծի ռիսկերին, որոնք արտացոլված են ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացության եւ Ջերմուկի Ավագանու գրած նամակի մեջ, եւ այդ ռիսկերին հիմնավորված գնահատական տալ: Նաեւ առաջարկում ենք կազմակերպել ՎԶԵԲ-ի փորձագետների հանդիպումը հասարակական կազմակերպությունների եւ անկախ փոձագետների հետ, ովքեր իրենց եզրակացությունն ու փորձագիտական գնահատակնն են ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը:

Սեպտեմբեր 18, 2012 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր