«Արեւիկ» ազգային պարկը վտանգված է. «Թաթսթոուն»-ը մտադիր է շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը

«Արեւիկ» ազգային պարկը վտանգված է. «Թաթսթոուն»-ը մտադիր է շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը

ԷկոԼուր

«Թաթսթոուն» ՍՊԸ-ն նախատեսում է բաց եղանակով  շահագործել Լիճքի պղնձի հանքավայրը:

Սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում, տեղի կունենա «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ:

Հիշեցնենք, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն Լիճքի հանքավայրի շահագործման համար 2013թ-ի հունվարի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ստացել է դրական եզրակացություն: Սակայն այն կորցրել է ուժը մեկ տարվա ընթացքում հանքի շահագործման նախագիծը չիրականացնելու պատճառով: Ըստ «Թաթսթոուն»-ի` հանքավայրը չի շահագործվել, քանի որ վերագնահատել են հանքավայրի պաշարները:

Ըստ հայտի` նախատեսվող հանքավայրի տարածքում կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն հայտնաբերվել, թեպետ հայտում նկարագրված է Մեղրու տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանությունը եւ կարմիր գրքում գրանցված տեսակները: Մեղրու տարածաշրջանի բնության պահպանությունն իրականացվում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մեջ մտնող «Արեւիկ» ազգային պարկի միջոցով: Հայտում նշվում է. «Նախատեսվող գործունեության տարածքը հնարավոր առնչություն կարող է ունենալ միայն «Արեւիկ» ազգային պարկի պահպանման գոտու հետ» (Էջ 21):

Հանքավայրը շահագործվելու է 2 փուլով:

Ընդհանուր հանքավայրի օքսիդացած հանքաքարի ծավալները 2.7մլն/մ3 է, խառը եւ սուֆիդային հանքաքարի կորզվող պաշարները` 41.5 մլն/մ3, պղնձի միջին պարունակությունը խառը եւ սուֆիդային հանքաքարերում` 0.58%: Բացհանքի վերջնական եզրագծերով խախտվելու է 40 հա տարածք: Բացհանքի տարեկան արտադրողականությունը, ըստ արդյունահանվող հանքաքարի, կազմելու է 1 միլիոն տոննա: Բաց հանքը գործելու է շուրջ 40 տարի:

Այս հայտը վերաբերում է  հանքի շահագործման առաջին փուլին:

Առաջնահերթ շահագործվող հանքավայրի տարածքը կազմելու է 28 հա, այստեղ

օքսիդացած հանքաքարի ծավալները 2.7 մլն/մ3 է, խառը եւ սուֆիդային հանքաքարի կորզվող պաշարները`11.7 մլն/մ3, պղնձի միջին պարունակությունը խառը եւ սուֆիդային հանքաքարերում` 0.81%: Առաջնահերթ շահագործվող հանքավայրը գործելու է 12 տարի:

Հանքավայրի շահագործման սկզբնական փուլում նախատեսվում է օգտագործել միայն խառը եւ սուֆիդային հանքաքարերը, որոնք ավտոինքնաթափերով տեղափոխվելու են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա` պղնձի խտանյութ արտադրելու համար:

Նախատեսվում է օքսիդացված հանքաքարերը պահեստավորել մինչեւ դրանց վերամշակման համար բնապահպանական առումով առավել անվտանգ տեխնոլոգիայի մշակումը: Ինչպես նշված է հայտում, օքսիդացված հանքաքարերից մետաղի կորզումը կույտային տարրալվացման եղանակով բնապահպանական տեսանկյունից ցանկալի չէ: Բայց թե որտեղ են պահվելու այդ 2.7մլն/մ3 ծավալով օքսիդացված հանքաքարերը եւ ինչպես, հայտում նշված չէ: Հանքավայրի շահագործման 2 փուլերում լցակույտերի համար կխախտվի 34 հա տարածք: 2 լցակույտերի տարողությունը կկազմի շուրջ 10 մլն/մ3:

Տարածաշրջանի հիմնական ջրագրական միավորը Մեղրի գետն է:

Ազդակիր համայնքներն են Լիճքը եւ Տաշտունը:

Հայտում ոչ մի խոսք չկա մարդկանց եւ շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի մասին: Նշված չէ, թե հանքավայրի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ «Արեւիկ» ազգային պարկի վրա, Լիճք եւ Տաշտուն համայնքների վրա, չի  նշվում այս համայնքներից եւ «Արեւիկ» ազգային պարկից հանքավայրի հեռավորությունը, չի նշվում, թե տարեկան որքան անօրգանական փոշի կարտանետվի մթնոլորտ, որքան ջուր կօգտագործվի եւ որտեղից այն կվերցվի, ինչ ազդեցություն հանքավայրը կունենա Մեղրի գետի, տեղի կենդանական եւ բուսական աշխարհի վրա, ինչ ազդեցություն կունենան հանքավայրի պայթեցումները, երբ երկրաշարժների հնարավոր ուժգնությունը հանքավայրի տարածքում կազմում է 8-9 բալ, որքան աշխատատեղ կստեղծվի եւ ինչ սոցիալական ծրագրեր կիրականացվեն:

Օգոստոս 06, 2015 at 15:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր