

ԷկոԼուր
Անցումային շրջանի երկրներում ուժեղանում են սնդիկի հետ կապված առողջության համար ռիսկերը: Այս մասին ասվում է UNEP-ի` 2013թ. հունվարի 13-18-ի նիստի մասին հաղորդագրության մեջ: Աֆրիկայում, Ասիայում եւ Հարավային Ամերիկայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել ոսկու բաց հանքերի շահագործման, ինչպես նաեւ էլեկտրականություն ստանալու համար քարածխի այրման հետեւանքով սնդիկի արտանետումների աճ: «Սնդիկը օրգանիզմի համար թույն է, ինչի մասին մարդիկ դարեր շարունակ գիտեն: Սակայն այժմ ունենք բազմաթիվ այլընտրանքային տեխնոլոգիաներ և գործընթացներ, որոնք անհրաժեշտ են տասնյակ միլիոնավոր մարդկանց` հատկապես հղի կանաց և երեխաներ համար ռիսկերը նվազեցնելու գործում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UNEP-ի գործադիր տնօրեն Ահիմ Շտայները:
Հաստատվել է, որ 2013թ-ին սնդիկի արտանետումները 2005թ-ից սկսած կրկնապատկվել են: Պատճառներից մեկը ոսկու աճող գներն են, նոր ձեռնարկությունների բացումը: Արտանետումների մյուս աղբյուրներն են` ցեմենտի արտադրությունը, հանածո վառելիքի արդյունահանումն ու այրումը, էլեկտրոնային սարքավորումները, կոսմետիկան, ատամնաբուժական նյութերը, պոլիվինիլքլորիդի արտադրությունը: Սնդիկի առաջնային արդյունահնումը կատարվում է Ղրղզստանում: 260 տոննա սնդիկը, որը գտնվում էր ընդերքում, այժմ գետերում եւ լճերում է: Սնդիկն աղտոտել է նաեւ Խաղաղ օվկիանոսը, որտեղ 100մ խորության վրա նրա պարունակությունը 100 տարվա ընթացքում կրկնապատկվել է, իսկ ավելի խորը շերտերում աճել է 25%-ով:
Նշենք, որ Հայաստանում շահագործվող ոսկու հանքավայրերի մեծամասնությունը որպես ուղեկցող տարր պարունակում են սնդիկ: Սակայն հանքավայրերի շահագործման ոչ մի նախագծում եւ բնապահպանական փորձաքննության ոչ մի եզրակացության մեջ սնդիկի մասին ոչինչ ասված չէ: Սնդիկով թունավորվելու ռիսկերի նվազեցման համար որեւէ միջոցառում նախատեսված չէ: Սնդիկի հնարավոր արտանետումների ազդեցության տակ գտնվող տարածքների մշտական մոնիտորինգի պետական պատվեր չկա, չնայած նրան, որ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2006թ-ի գնահատականով, սնդիկով աղտոտված են Կապանի հարեւանությամբ գտնվող Սյունիք գյուղի հողերը:
Հունվար 15, 2013 at 14:17
