ԷկոԼուր
Բրիտանական «Orogen Gold» ընկերությունը մտադիր է 2017-2019 թթ-ի ընթացքում շարունակել հետախուզել Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքերևակումը: 2013 թ-ին «Orogen Gold»-ը «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ ստորագրել է փոխըմբռման հուշագիր՝ Մուցքի նախագիծն իրականացնելու համար:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները (թվով 2-րդ) նշանակված են սույն թվականի մայիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Մուցքի համայնքապետարանում:
Մուցքի (Բարձրավան) ոսկի-բազմամետաղային հանքերևակումը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, Շաղատ գետի ավազանում:
Ըստ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքի` Մուցքում ոսկուց բացի առկա են պղինձ, կապար, ցինկ, արծաթ, սելլեն, տելլուր, բիսմուտ, թալիում, ինդիում, կադմիում, գալիում, ծծումբ և երկաթ:
Հայտով հետախուզման նպատակով կհորատվի 23 հորատանցք, կկառուցվի 23 հորատահրապարակ: Նախատեսված աշխատանքների տարածքը կազմում է 600 հեկտար: Նշվում է, որ հորատանցքերի հորատահանուկը պետք է ենթարկվի ռադիոմետրիկական չափումների՝ ճառագայթահիգենիկ հատկությունները պարզաբանելու նպատակով:
Ըստ հայտի՝ աշխատանքային շրջանում չկան հատուկ պահպանվող տարածքներ:
Մայիս 11, 2017 at 12:56