ԹԵԺ ԳԻԾ › Լեռնահանքային արդյունաբերություն ›
Թեժսարի հանքավայրի վերաբերյալ հասարակական լսումների վայրի փոփոխությունից էությունը չի փոխվում

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն երրորդ անգամ է հայտարարում Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների մասին: Լսումները տեղի կունենան Կոտայքի մարզի Արտավազի գյուղապետարանում հուլիսի 26-ին` ժամը 12.00-ին: Նախագիծը պատրաստվում է իրականացնել «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ առաջին անգամ լսումները նշանակված էին մայիսի 3-ին, ապա հետաձգվեցին անհայտ պատճառներով: Երկրորդ անգամ լսումները պետք է տեղի ունենային մայիսի 30-ին` Հրազդանի Օրհուս կենտրոնում, բայց ընկերության ղեկավարները չներկայացան, իսկ ընկերության տնտեսական գործունեության համար պատասխանատուն հրաժարվեց պատասխանել հարցերին: Այսինքն, լսումները գործնականում տապալվեցին: «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը նախագծի դեմ հանդես եկավ հայտարարությամբ:
Այժմ ներկայացվում է նոր հայտարարություն, որի համաձայն` լսումների վայրը Հրազդանից տեղափոխվում է Արտավազ գյուղ: Բայց ուր էլ տեղափոխես լսումները, էությունը չի փոխվում: Նախագիծն ունի ակնհայտ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Այն պատրաստվում են իրականացնել առողջարանային գոտում` վտանգելով հանքային աղբյուրները, առողջարանային քաղաքներն ու հանգստի գոտիները, ջրային ռեսուրսները:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը