Երեխաները լողանում են գետում՝ չկասկածելով, որ ջրում ֆաբրիկայի հանքարդյունաբերական թափոններն են

Երեխաները լողանում են գետում՝ չկասկածելով, որ ջրում ֆաբրիկայի հանքարդյունաբերական թափոններն են

ԷկոԼուր

Վառ նարնջագույն հեղուկ ջրատարում՝ դա Արմանիսի հանքարդյունաբերական կոմբինատի արտանետումներն են: Ջրատարն անցնում է Ստեփանավանի՝ Արմանիս գյուղի ճանապարհի կողքով: Գյուղի տարածքում է գտնվում Արմանիսի ոսկու հանքավայրը, հարստացուցիչ կոմբինատը եւ պոչամբարը: Ոսկին արդյունահանում է «Սագամար» ընկերությունը՝ «Նեւա-Ռուս» ընկերության դուստր ձեռնարկությունը: «Նեւա-Ռուս» ընկերության ներդրումների տնօրեն, հայաստանյան ծրագրերի ղեկավար Կարեն Ղազարյանը, ձեռնարկության աշխատանքները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով, վստահեցրեց, որ «Սագամար»-ն առաջին ձեռնարկությունն է, որն օգտագործում է կանադական եւ գերմանական տեխնոլոգիաներ,որոնք նվազագույնի են հասցնում շրջակա միջավայրի աղտոտումը:

Նայելով թափոններով աղտոտված Ձորագետին, ջրատարով հոսող անհայտ բաղադրությամբ հեղուկին, ճանապարհի երկարությամբ լցված լցակույտերին, կարելի է վստահությամբ ասել, որ գերմանական եւ կանադական ֆիրմաները կամ իրենց չեն արդարացրել, կամ նրանց փոխարինող է գտնվել:

Տեխնոլոգիայի որակի, գետի աղտոտման եւ առողջարանային Ստեփանավան քաղաքից 1-2 կմ հեռավորության վրա փոշու արտանետումների հարցերն արդեն 2 տարի անընդմեջ բարձրացնում է տեղական «Լոռե» էկոակումբ ՀԿ-ն: Սակայն ահազանգերին որեւէ պատշաճ արձագանք չկա:  Սովորաբար արտանետումները լինում են հինգշաբթիից ուրբաթ` հանգստյան օրերից առաջ: Ակտիվիստներն անմիջապես զանգահարում են ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ եւ խնդրում են տեսուչ ուղարկել: Ահազանգն ընդունում են, բայց բնապահպանական տեսչությունը չի գալիս: Նախարարությունից «ԷկոԼուր»-ին բացատրեցին, որ ահազանգերին տեսչությունը կարող է արձագանքել միայն նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ: Ստացվում է, որ եթե նախարարն արձակուրդում է, կամ հանգստյան օրերին հանգստանում է եւ նախարարությունում չէ, ապա տեսչությունն անզոր է խախտողների դեմ: Ձեռնարկության ստուգումները կանցկացնեն 2012թ.:

Իսկ մինչ այդ գործողությունները ծրագրվում են, գետի կիրճում հանգստանում են տուրիստները: Նրանց երեխաները լողում են գետում` չկասկածելով, որ կիրճի վերջում ֆաբրիկան չափաբաժնով թույն է լցնում:

Լուսանկարը` Մանյա Մելիքջանյանի



Օգոստոս 14, 2012 at 13:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր