

ԷկոԼուր
Չինական «Fortune Resources» ընկերությունը Հրազդանի երկաթահանքում հորատման աշխատանքներ է իրականացրել հողի` 120-ից ավելի սեփականատերերի տարածքում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե արդյոք ընկերությունը սեփականատերերի հետ բանակցել է, պայմանավորվածություն է ձեռք բերել այդ տարածքում գործողություններ իրականացնելու համար, Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց. «Ես զրուցել եմ հողի սեփականատերերի հետ, նրանք ինձ ասացին, որ ընդամենը այն մարդկանց հետ, ովքեր փորձել են բարձրաձայնել, բողոքել, թե ինչու եք մեր հողերում այսպիսի աշխատանքներ տանում, համաձայնության են եկել, տվյալ տարածքում աճող խոտի` տվյալ տարվա հողի գինը վճարել են ու վերջ: Որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել… Տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն բացառվում, որ կլինեն սեփականատերեր, որ դատարան չեն մտնի, բայց վստահ եմ, որ բավականին շատ մարդիկ կլինեն, որոնք անպայման կգան եւ այս հարցը կփորձեն դատական ատյաններում որոշել: Մենք պայքարելու ենք, մենք տարածքներ չունենք, որպեսզի նահանջենք եւ տեղում լեռնահանքային արդյունաբերությունը զարգացնենք: Սրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են, սեփականաշնորհված հողեր են: Այստեղ նույնիսկ օրենքի տարրական պայմանները չի պահպանվել, առանց մարդկանց հարցնելու մտել են, սկսել են հորատանքեր բացել, ուսումնասիրություններ անցկացնել: Պետք է այս ամենը կարգավորվի, բերվի օրենքի դաշտ»:
«ԷկոԼուր»-ի լուսանկարներում պարզ երեւում է հանքի ստորոտում գտնվող Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը, հետախուզման ենթարկված տարածքի անմիջապես հարեւանությամբ գյուղատնտեսական նշանակության աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ հանքի մոտով անցնող Սեւանի կասկադի ոռոգման ջրատարը, որով ոռոգման շրջանում Սեւանից բաց թողվող ջուրը հոսում է դեպի Արարատյան դաշտավայր: «Հրազդանի հանքը որ շահագործեն, այս գերեզմանը լռիվ ոչնչացվելու է:.. Այստեղ` բլրի ստորոտում, խմելու ջրի աղբյուրներ կան, ամբողջովին վնասվելու են այդ խմելու ջրի աղբյուրները: …Եթե հանքը շահագործվի, գյուղատնտեսական նշանակության աշխատանքները դադարեցվելու են, կամ էլ չգիտեմ, թե միմյանց հետ ինչպես են ներդաշնակելու: … Հանքի պայթեցումներից առաջացող փոշին եւ, առհասարակ, արտադրական գործընթացում առաջացող փոշին կարող է նաեւ ջրի վրա ազդեցություն ունենալ: Հանքից մինչեւ Սեւանի կասկադի ոռոգման ջրատարը 50-100 մետր հեռավորություն է,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը,- Մենք միշտ հանքի փոշու մասին ենք խոսում, բայց որպես հրազդանցի, ինձ ավելի շատ ռադիոակտիվ ֆոնն է անհանգստացնում, որովհետեւ երկաթի հանքավայրում մենակ երկաթ չէ: Սա, ըստ էության, բազմամետաղ հանքավայր է: Եւ բաց շահագործման ժամանակ, պայթեցումից հետո ինչ ռադիոակտիվ ֆոն բացվեց, բացվեց: Սա մի անապատային տարածք չէ բնակավայրերից հեռու, որ մենք անհանգստանալու կարիք չունենանք: Հանքի կենտրոնից 1-ին տանը հեռավորությունը 650 մետր է»:
Մայիս 21, 2012 at 18:06





