

ԷկոԼուր
Մայիսի 13-ին բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ «Deno Gold Mining Company» ընկերության հայցի քննությունը հետաձգվեց: Պատճառը Եղիա Ներսեսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանի ու Լուսինե Հակոբյանի վատառողջությունն էր: Եղիա Ներսեսյանի կողմից ներկայացված միջնորդությունը` հետաձգել դատական նիստը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 10-ին` ժամը 15:00:
Դատական կարճ նիստի ընթացքում «Deno Gold Mining Company» ընկերության իրավախորհրդատու Գևորգ Հակոբյանը դատավորին և Եղիա Ներսեսյանին հանձնեց իրենց դիրքորոշման մեկական օրինակները, օրինակներին կից նաև սկավառակ, որում, ըստ Գեւորգ Հակոբյանի, առկա են ապացույցներ: Իսկ թե ինչ ապացույցների մասին է խոսքը, պարզ կլինի հաջորդ դատական նիստին:
Հիշեցնենք, որ «Deno Gold Mining Company» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ` զրպարտության մեղադրանքով: Ընկերությունը պահանջում է, որպեսզի Եղիա Ներսեսյանը հերքի ԱՄՆ-ում իր ելույթի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարություն. «…գիտեք չէ Հայաստանում ոնց են վերաբերվում արտասահմանյան` օրինակ Ղափանում Գոլդ Մայնինգ կա կանադական, գիտեք չէ, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ 24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատեն: Դա իրականություն է, եկեք, նայեք»:
Մայիս 13, 2013 at 17:34
