

ԷկոԼուր
Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը ընդլայնում է իր արտադրությունը տարեկան մինչև 3,5 մլն տոննա: Ս.թ հոկտեմբերի 5-ին ժամը 12.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանում տեղի կունենան «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) վերաբերյալ հասարակական լսումներ: Տվյալ աշխատանքի նպատակն է գնահատել Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մինչև ձեռնարկության վերազինումը և վերազինումից հետո:
Փաստաթուղթը պարունակում է 230 էջից բաղկացած հատուկ տեքստ, աղյուսակներ, բանաձևեր, հաշվարկներ, և այլն: Մեջբերում ենք մի քանի տողեր. «Ինչպես երևում է 9.1.1 աղյուսակից, Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի արտանետումներից տնտեսությանը հասված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 14.972 մնլ.դրամ մինչ վերազինումը և 17.5 մնլ. դրամ վերազինումից հետո: Վերազինման արդյունքում շրջակա ջրային ավազաններին հասցված տարեկան տնտեսական վնասը 7.222 մլն. դրամից կնվազի 1.62 մլն.դրամ: Տնտեսական վնասը 1 տարվա կտրվածքով` 31.95 մլն.դրամ»:
Բոլոր այս թվերը վիրտուալ են, քանի որ իրականում մեր օրենսդրությունը չի ենթադրում, որ այդ գումարները կվճարվեն, որի մասին էլ ՇՄԱԳ-ը ասում է. «Ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորվածություն»:
Մեր հարցը Բնապահպանության նախարարությանը`
- Ի՞նչպես եք գնահատում այն փաստը, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում, նույնիսկ այն նվազեցված ռիսկերի համար, որոնք ներկայացված են նախագծում,
- Ի՞նչպես կարող են տեղացիները լիարժեք մասնակցել հասարակական լսումներին, եթե նույնիսկ փորձագետին է պահանջվում զգալի ժամանակ և որակավորում, որպեսզի հասկանա, եթե ոչ ամբողջ նախագիծը, այլ գոնե ռիսկերը: ՇՄԱԳ-ում ներկայացված ռիսկերը` բաց հանք, ջրաղաց, վերամշակման գործարան, լցակույտ, արդյունաբերական թափոններ, և այլն, անմիջական սպառնալիք են հանդիսանում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա:
Հոկտեմբեր 04, 2012 at 18:29
