Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԼեռնահանքային արդյունաբերություն

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

DEMANDING TO STOP ARMENIAN NATURE ELIMINATION
Մարտ 21, 2011

ԷկոԼուր

Անտառների պաշտպանության միջազգային օրվան նվիրված` հայտարարություն է տարածել Թեղուտի պաշտպանության խումբը:

«Այսօր՝ մարտի 21-ը, անտառների պաշտպանության միջազգային օրն է: Անտառներն ունեն անգնահատելի բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակություն: Դրանք օգնում են կարգավորել մեր մոլորակի ջերմաստիճանը, ապահովում են թթվածնով, կլանում աղտոտվածությունը, պահպանում ջրային ռեսուրսները, հանդիսանում բազմաթիվ բույսերի ու կենդանիների ապրելավայր, ապահովում սնունդ և առողջարար միջավայր մարդկանց համար: Միջազգային հանրությունը գլոբալ տաքացման դեմ պայքարի շրջանակներում նպատակ է դրել մինչև 2012թ. Երկիր մոլորակի ցամաքային շերտի 33%-ը դարձնել անտառածածկ: ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ և իրականացվում են միջազգային համաձայնագրեր` «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան, «Կենսաբազմազանության պահպանության մասին» կոնվենցիան ու «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Չնայած համաշխարհային այս գործընթացներին և այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է վերը նշված կոնվենցիաները, վերջին 20 տարիների ընթացքում երկրի անտառածածկ տարածքը մոտ 12%-ից դարձել է 6-7%: Այն շարունակում է օր օրի նվազել անօրինական ծառահատումների ու ոչ պատշաճ կառավարման ու վերահսկողության հետևանքով: Հազարավոր հեկտարների հասնող անտառներ հողօգտագործման փաստաթղթերում ներկայացվում են այլ կարգավիճակներով և օգտագործվում այլ նպատակներով: Նման գործընթացների արդյունքում խախտվում են երկրի օրենքները և միջազգային պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը` առանց վերլուծելու դրա հետևանքները երկրի կայուն զարգացման ու մրցունակության համատեքստում և առանց ապահովելու համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ:

Համաշխարհային բանկի խորհրդատվությամբ մշակված ընդերքի նոր օրենսգրքի նախագիծը ստեղծել է էլ ավելի բարենպաստ պայմաններ հանքարդյունաբերության զարգացման համար` առանց սահմանափակելու անտառներում ու բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումը և առանց ապահովելու «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը:

Հանքարդյունաբերության ծավալումը մեր երկրում հաճախ ընթանում է անտառների հաշվին: Այս գործելաոճը սկսվել է Թեղուտի անտառի անխնա ոչնչացումից և ներկայումս շարունակվում է` ներառելով Կապանի ու Հրազդանի տարածքները: Միայն 2007-2010թթ. Հայաստանի ավելի քան 1600հա անտառային հողերի նպատակային նշանակությունը փոփոխվել է և տարածքը հատկացվել է այլ նպատակների համար: Փոխարենը անտառային ֆոնդին ավելացվել է մոտ 40հա: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում ընդերքօգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կատարվել է ավելի քան 3100հա հողահատկացում:

Անտառների ոչնչացման արդյունքում մեր երկիրը կարող է վերածվել միլիոնավոր տոննա թունավոր թափոններ պարունակող պոչամբարներով ու գյուղատնտեսության համար անպիտան դարձած հողերով լի, չորացած ջրային աղբյուրներով ու կենդանական ու բուսական աշխարհից զուրկ մի անապատի` ընդամենը մի քանի տասնամյակում հայրենազրկելով երկրի բնակչության մի ստվար զանգված:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից դադարեցնել մեր երկրի բնության ոչնչացումը, ինչը սպասարկում է մի քանի անհատների ու խմբերի շահերը, և ձեռնարկել արմատական քայլեր` արգելելու անտառների ոչնչացումը: Ընդամենը 30,000 քառ. կմ տարածք ունեցող երկիրը չի կարող մի կողմից զարկ տալ լայնածավալ հանքարդյունաբերությանը, մյուս կողմից` ապահովել առողջ շրջակա միջավայր, անվտանգ գյուղատնտեսություն ու զբոսաշրջություն»,- ասված է հայտարարության մեջ:



Առնչվող նյութեր