Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերգօգտագործման ոլորտում մի շարք բացթողումներ է հայտնաբերել

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերգօգտագործման ոլորտում մի շարք բացթողումներ է հայտնաբերել

ԷկոԼուր

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերգօգտագործման ոլորտում մի շարք բացթողումներ է հայտնաբերել:  Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին ասել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը,  Երվանդ Զախարյանը նշել է, որ ընդերքօգտագործման ոլորտում կատարվել են առկա իրավիճակի ծավալուն ուսումնասիրություններ, որոնց արդյունքում, անհրաժեշտությունից ելնելով, նախապատրաստվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի և այլ նորմատիվ-իրավական ակտերում  անհրաժեշտ փոփոխություններ:

«Նախկինում և առ այսօր Ընդերքի տրամադրման գործընթացում օգտվում էին պայմանական կոորդինատային համակարգից, որը հանգեցրել է ընդերքօգտագործման ոլորտում լուրջ խնդիրների և անհամապա­տասխանությունների:

Դրանց շտկման նպատակով ՀՀ տարածքի 1:10000 տոպոգրաֆիական և կա­դաստրային քարտեզների էլեկտրոնային տարբերակները ներկայումս համադրվում են՝ ընդերքօգտագործողներին կոորդինատները համաշխարհային աշխարհագրական կոորդինատային համակարգով տրամադրելու նպատակով:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ոլորտում բացահայտվել են մի շարք թերություններ և բացթողումներ, թե երկրաբանական հետազոտություններ իրականացնող ընկերությունների մոտ, թե օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների մոտ: Նախարարի խոսքով իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է անպայման ստուգել և չափագրել բոլոր ընդերքօգտագործողների կողմից կատարվող աշխատանքները:

Ներկայումս նախատեսվում է պատրաստել աշխատանքային ծրագիր, այդ թվում նաև՝ աշխատանքների հաշվառման և կառավարման ավտոմատ համակարգի ներդման,  ընդերքի ոլորտի կառավարման համակարգի և կադրային հարցերի վերանայմամբ:

Նախատեսվում է նաև իրականացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա ֆոնդային նյութերն ամբողջությամբ թվայնացնելու և ինտերնետային կայքում տեղադրելու գործընթաց՝ այդ նյութը լայն հասարակայնության համար առավել հասանելի դարձնելու նպատակով»,- գրված է կայքում:

Օգոստոս 29, 2014 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր