Շեկաղբյուրի հանքի տապալված լսումները և Արդվիի բնակիչների իրավունքների խախտումները (Լուսանկարներ)

Շեկաղբյուրի հանքի տապալված լսումները և Արդվիի բնակիչների իրավունքների խախտումները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հուլիսի 26-ին Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները փակեցին համայնք տանող ճանապարհը «Միռամ» ընկերության առջև՝ թույլ չտալով անցկացնել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման հետախուզման հայտի վերաբերյալ հանրային լսումները:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքը զբաղեցնում է 200 հեկտար, որից 146 հեկտարը Արդվի համայնքի վարչական տարածքում է, մնացած 54-ը՝ Մղարթի: Բնակիչները կտրականապես դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեությանն իրենց համայնքի տարածքում և բողոքի ձայն արտահայտեցին` ճանապարհ փակելով: Բնակիչները նշեցին, որ հանքարդյունաբերական գործունեության դեպքում խախտվելու է իրենց
ԱՊՐԵԼՈՒ, ՀԱՆԳՍՏԻ, ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՄԱՔՈՒՐ ՕԴ, ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ, ՄԱՔՈՒՐ ՀՈՂ ունենալու ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ.

Բնակիչներ.
-…Ոտնահարվում է մեր ապրելու իրավունքը: …Գալիս են մեր գյուղը քանդելու, միակ նպատակն իրենց դա է, ոչ մի լսում էլ չի լինելու, գյուղի տերը մենք ենք, մեր գյուղի տակից պետք է հետ գնան:

-Ծանր մետաղներն արդեն իսկ իրենք իրենցով առողջությանը վնաս են: Հանքի տարածքը հենց մեր գյուղի գլխին է, մեր գյուղի ամբողջ քամին գալիս է հենց այդտեղից. փոշին, ծանր մետաղները, ջրի աղտոտումը: …

- Ջուր չկա, շատ քիչ է: Մի հատ պայթյուն, ու էդ երկու կաթիլն էլ կվերանա…

- Երկու հատ պայթուն եղավ, վերջ, արդեն կսկեն փլվել գյուղերը: Մարդիկ տուն են ստեղծել, ապրել են, ո՞վ է այդ իրավունքը նրանց տվել…

- Ընդամենը մի քանի հոգու հարստանալու համար ասում են` ձեր կյանքը, ձեր առողջությունը, ձեր ամեն ինչը մի կողմ, մեր հարստանալը մի կողմ:

- Գյուղի գլխին անմիջապես մեր նախնիների գերեզմանոցն է, որ իրենց գերզմաններին կպչող լիներ, կհանդուրժեի՞ն…

- Ընկերություն, որ ստեղծվել է 2 ամիս առաջ, երկու ամսվա պատմություն ունի, դարերից ի վեր եկած գյու՞ղ են վերացնում…

Ըստ բնակիչների` հանքերևակումը գտնվում է Լալվարի անտառտնտեսության տարածքում, որտեղ հանդիպում են վարդագույն փայտից կաղնիներ, որոնք ամբողջ աշխարհում հազվագյուտ են համարվում, կան լորենիներ, եղևնիներ, բոխիներ, հաճարենիներ: «Հանքարդյունաբերության համար հնարավոր են անտառահատումներ, եթե չհատեն էլ, մեկ է, այդ անտառները կչորանան», -ասացին բնակիչները:

Արդվին ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն՝ 7-րդ դարի Սուրբ Հովհաննես վանքը, 4-5-րդ դարերի խաչքարեր, «Օձի պորտ» բուժիչ ջրի բնական հուշարձանը, որոնց շնորհիվ զբոսաշրջիկներ են այցելում համայնք: Բնակիչները որպես համայնքի զարգացման հեռանկար տեսնում են տուրիզմն ու գյուղատնտեսությունը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ աջակցելու են արդվեցիներին: «Փաստացի ոչ մի լսում չի կատարվել: Սա ոչ միայն բնապահպանության նախարարության, սա նաև մշակույթի նախարարության, կաթողիկոսարանի խնդիրն է, որոնք պետք է խնդրով մտահոգված լինեն:…»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

«Մենք և բնության պահպանմամբ մտահոգ մարդիկ օգնելու ենք, որպեսզի այս ծրագիրը չսկսվի: Ամբողջ գյուղի ջրերը այդ երեք ձորերում է ձևավորվում և գալիս դեպի գյուղ: Եթե հանկարծ այդտեղ հանք շահագործվի, ուրեմն մենք այդ ջրերի մասին կարող ենք ընդհանրապես մոռանալ և քանականան և որականան առումով: Եթե դա կորցրեցինք, այս գյուղը այստեղից պետք է թողնի ու գնա»,- ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

«Հանքերևակումը պարունակում է բազմամետաղներ՝ ծարիր, կապար, ցինկ և այլն: Այդ ծանր մետաղներով հարուստ ջրերը լցվելու են նաև Դեբեդ գետը: Այդ տարածքը նաև ցրված ուրանի տարածք է, իսկ դա նշանակում է, որ ընդհանրապես այստեղ որևէ ուսումնասիրություն կամ հանքարդյունաբերություն ընդհանրապես պետք է արգելվի»,- ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Արդեն իսկ խախտվել է բնակիչների՝ որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքը: Հուլիսի 26-ի լսումները թվով երկրորդը պետք է լինեին, իսկ առաջին լսումների մասին տեղացիներն ընդհանրապես տեղյակ չէին: Բոլորը պնդում էին՝ ոչ մի հանդիպման չեն մասնակցել: ԷկոԼուրը Արդվիի համայնքապետարանից խնդրեց տրամադրել առաջին լսումների արձանագրությունը, սակայն համայնքապետարանի աշխատակիցները հայտնեցին, որ արձանագրություն չունեն:
Տարածքում շրջող անծանոթները, տեղացիների խոսքով՝ ընկերության ներկայացուցիչներն էին, սակայն որևէ մեկը չներկայացավ: Այնտեղ էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Զարուհի Զուռնաչյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանրային լսումների առաքելությունն ինչում է, որպեսզի գանք, համայնքի մտահոգությունը, կարծիքները լսենք, գնանք գյուղապետարան, խոսենք: Կարգ գոյություն ունի, օրենք գոյություն ունի, օրենքով սահմանված կարգով շարժվենք»:

Ճանապարհը բնակիչները բացեցին փակելուց մոտ երկու ժամ անց, երբ հեռացան ընկերության ներկայացուցիչներն ու պետական պաշտոնյաները:


Մանրամասները՝ տեսանյութում:



Հուլիս 28, 2017 at 20:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր