

ԷկոԼուր
Ջերմուկի բնակիչները բացասական են ընդունել այն, որ Բնապահպանության նախարարությունը չի ներառել Ջերմուկը այն համայնքների ցանկում, որոնց վրա ազդեցություն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Մեկ տարուց ավելի է, ինչ այս հարցը մտահոգում է բնակիչներին, ինչի մասին նրանք պաշտոնապես հայտնել են Բնապահպանության նախարարությանը: Նրանք նշել են, որ առողջարանային գոտու սահմանը, որի կենտրոնը Ջերմուկն է, գտնվում է հանքավայրից մոտ 2-3 կմ հեռավորության վրա: Սակայն, Ամուլսարի նախագծին դրական եզրակացություն տալիս`Բնապահպանության նախարարությունը հաշվի չառավ բնակիչների կարծիքը և ներկայացված հիմնավորումները: Ամուլսարի նախագիծն իրականացնում է «Lydian International» ընկերությունը` ի դեմս տեղի «Գեոթիմ» տեղական ընկերության, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսական աջակցությամբ:
Վազգեն Գալստյան`«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ. «Մենք ոչ թե հիասթափվել ենք մեր նախարարությունից, այլ զայրացել ենք ու գտնում ենք, որ նախարարի դրական եզրակացությունը ոչ թե հանքի շահագործման լիցենզիայի իդելական լինելն էր, այլ մեր պայքարի մեթոդների մեղմ լինելն էր, որովհետեւ այն բացթողումները, որ «Գեոթիմ» ընկերությունը ներկայացնում էր, հետազոտությունների այն բացթողումները, որ իրենք կատարել են, մենք երեւի ճիշտ ձեւով չենք կարողացել ներկայացնել կամ մեղմ ձեւով ենք ներկայացրել նախարարությանը: … Առաջին մեղադրումը կառավարությանն է: Մեղադրել հանքարդյունաբերական ընկերությանը չեմ պատրաստվում, որովհետեւ իրենք օգտվում են ընդամենը օրենքի բացթողումներից…»:
Գեւորգ Հովհաննիսյան` Ջերմուկի ավագանու անդամի թեկնածու. «Ջերմուկը չպետք է ցուցակի վերջում լինի կամ ցուցակից դուրս: Առաջին ցուցակում պետք է լինի, որովհետեւ սա կուրորտային քաղաք է, սա հանրապետության մարգարիտն է, նման քաղաքներ տարածաշրջանում չկան եւ պետք է դիտել որպես ազդակիր գոտի:… Հանքը շահագործելուց հետո նաեւ մենք ենք վնասներ կրելու, ազդակներ նաեւ մենք ենք կրելու: Թե ինչու չեն ընդգրկել, դա արդեն, ինձ թվում է, դիտավորություն է»:
Նարեկ Միրզոյան` Ջերմուկի բնակիչ. «Որպես Ջերմուկ քաղաքի բնակիչ` ես կպայքարեմ, քանի որ պայքարել եմ ոսկու հանքի հետագա շահագործման դեմ: Եթե հանքը շարունակի աշխատել, իր թունավոր նյութերը կհասնեն մեզ, ոնց էլ չլինի շնչառական օրգանների միջոցով կհասնեն: Ջերմուկ քաղաքի բնակիչներին մասերի են բաժանել, մեկը դեմ է, մեկը կողմ, մեկը ընդհանրապես տեղյակ չի խնդրին: Լավ կլինի, որ բոլորը համախմբվեն եւ դեմ լինեն հանքին: Մենք ոչ մեկի հացին վայիս չենք ուզում լինել, ուղղակի մենք ուզում ենք կարգին ապրենք, մաքուր ապրենք քաղաքում, ոչ թե փոշու, աղմուկի, թունավոր նյութերի մինուսավոր ազդեցության տակ ապրենք»:
Մակեդոն Ալեքսանյան, Ջերմուկի բնակիչ. «Այնտեղի հանքերը նորություն չեն, դրանք դեռեւս 1830թ. ռուսական “Кавказский календарь”, եթե չեմ սխալվում, Ոսկոբոյնիկովը` ռուս երկրաբանը, ուսումնասիրել է եւ այնտեղ գտել է կապարի հանքավայր, իսկ կապարը եւ ուրանը երկվորյակ եղբայրներ են: Դեռ այն ժամանակներից հզոր Սովետական Միությունը դրանք չշահագործեց, պատճառը հենց նա է, որ շրջակայքում շատ հանքային աղբյուրներ կան: Պետշինը դեռեւս 40 տարի առաջ որոշում էր կայացրել, որ Ջերմուկում եւ շրջակա միջավայրում պայթեցման աշխատանքներ չի կարելի, եւ երբ որ պատվիրատուն բերում էր չգիտեմ որ կարգի գրունտը քանդելու եւ այլնի մասին նախագիծ էր ներկայացնում, մենք դա հետ էինք տալիս եւ ասում, որ ձեռքով կամ մեխանիզմով պետք է արվի: Այդպես էլ արվում էր, որովհետեւ հանքային ջուրը կարող է իր հունը փոխի եւ գնա, չգիտեմ, Ադրբեջանից դուրս գա: Մենք ընդերքում չգիտենք, թե այդ ուղիներն ինչպես են գնում»:
Գեւորգ Հովհաննիսյան` Ջերմուկի ավագանու անդամի թեկնածու.
«Ի վերջո, մենք այստեղ ապրելու ենք, իրենք գալու են ու գնան: Մենք ենք մնալու այստեղ»:
Սեպտեմբեր 19, 2012 at 14:07
