Փորձաքննությունը պետք է մերժի «GeoProMining Gold» ընկերության Սոտքի նախագիծը

Փորձաքննությունը պետք է մերժի «GeoProMining Gold» ընկերության Սոտքի նախագիծը

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին հայտարարություն է ուղարկել` Սոտքի ոսկու բացահանքի շահագործման նախագծի վերաբերյալ: Նախագիծը ներկայացրել է  «GeoproMining Gold» ընկերությունը:

Հայտարարության մեջ ասված է.

«Սույն թվականի հուլիսի 30-ին Սոտք գյուղում տեղի ունեցան հասարակական լսումներ` Սոտքի ոսկու բացահանքի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ», որը ներկայացրել էր «GeoproMining Gold» ընկերությունը: Նախագիծը չի նշում առկա եւ ակնկալվող ռիսկերը: Նախագծի մի հատվածը, որը վերաբերում է ջարդման-տեսակավորման տեղամասի տեղադրմանը, խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Լճի վրա տոքսիկ եւ ծանր նյութերով աղտոտման ծանրաբեռնվածությունն աճում է մի քանի անգամ եւ կարող է հանգեցնել անդառնալի բացասական հետեւանքների:

  1. Ջարդման-տեսակավորման տեղամասը վերամշակող օբյեկտ է, որը զգալիորեն ավելացնում է բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` հաշվի առնելով այն, որ այն գտնվում է Սեւանա լճի ջրահավաք ավազանի տարածքում եւ հակասում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին (հոդված 10, կետ 1 «Կենտրոնական, անմիջական եւ ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն»):
  2. Ջարդման-տեսակավորման տեղամասը կառուցվել է եւ աշխատում է 2011թ-ից առանց թույլատրող փաստաթղթերի: Սակայն, այդ օբյեկտը ներառված է նախագծի մեջ, որը դեռ անցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն ստանալու գործընթաց: Սա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի, որը վերաբերում է նախատեսվող, այլ ոչ թե իրականացվող գործունեությանը, կոպիտ խախտում է:
  3. Նախագծում նշված է, որ հանքաքարի արդյունահանման արդյունքում առաջացող լցակույտերը պետք է օգտագործվեն ճանապարհների խճապատման համար: Այսինքն` լցակույտերի, որոնք պարունակում են տոքսիկ տարրեր եւ ծանր մետաղներ, տեղակայումը նախագծելու փոխարեն ընկերությունն ազատվում է լցակույտերից` դրանք լցնելով ճանապարհներին, որոնք տանում են դեպի Սեւանա լիճ: Սա ՀՀ կառավարության, ԵԱՀԿ-ի եւ UNEP-ի կողմից ստորագրված փաստաթղթերում ամրագրված էկոլոգիական անվտանգության սկզբունքների կոպիտ խախտում է:
  4. Նախագծում ներկայացված չէ Սեւանա լճի ջրահավաք ավազանի առկա աղտոտվածության վերաբերյալ իրական իրավիճակը: Սեւանա լիճ թափվող Սոտք եւ Մասրիկ գետերն արդեն իսկ աղտոտված են Սոտքի ոսկու հանքավայրին բնորոշ  ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Այդ գետերի հատակի աղտոտվածությունը վկայում է այն մասին, որ Սեւանա լճի ջրահավաք ավազանն արդեն իսկ ենթարկված է Սոտքի հանքավայրի բաց եղանակով շահագործման ազդեցությանը (տես UNEP-ի զեկույցը` «Սեւանա լճի էկոլոգիական իրավիճակի ինտեգրալ գնահատումը», 2012 թ.):
  5. Հուլիսի 30-ի հասարակական լսումների ընթացքում չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի եզրակացությունը` ջարդման-տեսակավորման տեղամասի տեղադրման օրինականության եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի վրա դրա ազդեցության վերաբերյալ: Նպատակահարմար ենք տեսնում մերժել նախագծի դիտարկումն այնքան ժամանակ, մինչեւ աշխատանքային խումբը չներկայացնի իր եզրակացությունը, հակառակ դեպքում դա կնշանակի, որ աշխատանքային խմբի գործունեությունը ձեւական բնույթ է կրում:

Պահանջում ենք`

-  մերժել «GeoProMining Gold» ընկերության Սոտքի ոսկու բացահանքի շահագործման  նախագիծը

-  եզրակացության փոխարեն նշված փաստերի հիման վրա տեսչական ստուգումներ անցկացնել, ֆիքսել խախտումները եւ ակտ կազմել, կիրառել համապատասխան սանկցիաներ «GeoProMining Gold» ընկերության նկատմամբ

- ապամոնտաժել ջարդման-տեսակավորման տեղամասը:

Օգոստոս 09, 2012 at 19:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր