ԷկոԼուր
«GeoProMining» ընկերությունը «ԱրմԻնֆո» գործակալության միջոցով տարածել է հաղորդագրություն, որ ավարտում է Սոտքի հանքավայրի տեխնիկական բազայի թարմացումը: Հաղորդագրության մեջ նշված է ձեռք բերված տեխնիկայի մասին, որի համար ծախսվել 45 միլիոն դոլլար եւ այլն: Ինչպես ընկերության մամլո ծառայությունից հայտնել են «ԱրմԻնֆո»-ին, տեխնիկական վերազինումը թույլ կտա ընդլայնել հանքի շահագործումը, որն անհրաժեշտ է «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրման համար Արարատի ոսկու կորզման գործարանում: 2011-2012թթ. ավելի քան 30 միավոր հանքարդյունաբերական տեխնիկա է ձեռք բերվել, և կառուցվել է արդիական վառելանյութերի և քսելայուղերի պահեստ և մեքենաների տեխսպասարկման վայր: Սույն նախագծի բյուջեն կազմել է ավելի քան 45 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ GPM Gold ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոզլովի խոսքերով` ամբողջ բյուջեն կազմում է 100 միլիոն դոլլար:
Մեր կողմից նշենք, որ տվյալ նախագիծը ստացել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը չնայած նրան, որ նախագծում ներառված է Սեւանի ավազանում վերամշակման գործունեություն, ինչը արգելված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: Մինչեւ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության ստանալը “GPM Gold”-ը Սոտքում կառուցեց հանքաքարի ջարդման-տեսակավորման համալիր: Ստացված կոնցենտրատը տեղափոխվում է Արարատ` ֆաբրիկա, իսկ լցակույտերը կամ դատարկ ապարները, որոնք պարունակում են ծանր մետաղներ, թափվում են անդրսահմանային ճանապարհի երկարությամբ եւ նախագծում դա համարվում է ճանապարհների խճապատում:
Նշենք, որ բնապահպանական հասարակայնությունը դեմ արտահայտվեց այս նախագծին եւ Բնապահպանության նախարարությունը կոչ արեց դրական եզրակացություն չտալ: Բնապահպանները մտավախություն ունեն, որ լցակույտերով ճանապարհի խճապատման արդյուքում տեղումների հետ միասին վտանգվոր նյութերը կթափանցեն Սեւանա լիճ, մինչդեռ նախագծի հեղինակները եւ Բնապահապանության նախարարության փորձագետը նշում էին, որ դատարկ ապարներն իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Այս հարցի պատասխանը տվեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը, որը փաստեց, որ լցակույտերում վտանգավոր բաղադրիչներ կան: Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին բացասական եզրակացություն տալով` Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը մասնավորապես գրել էր. «…նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սեւան թունելով նաեւ Սեւանա լիճ»:
Հոկտեմբեր 22, 2012 at 19:06