

ԷկոԼուր
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`առաջարկելով մերժել «Ալյումինա քորփորեյշն» ընկերությանը` շահագործել Թեժսարի նեֆիլինային սիենիտների հանքավայրը: «Հակառակ պարագայում մեր կասկածները, թե բնապահպանության նախարարությունը հանդիսանում է հիշյալ հանքը շահագործելու գործընթացում շահագրգիռ կողմ, մեզ կդրդի դիմելու օրենքով սահմանված ու չարգելված բոլոր հնարավոր միջոցներին հանքի շահագործման գործընթացը այս փուլում դադարեցնելու համար»,- ասված է նամակում: Նախաձեռնությունն իր նամակով նաեւ նախարարի ուշադրությունն է հրավիրել մի շարք բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների կարծիքները հանքի շահագործման նախագծի ռիսկերի վերաբերյալ: «Թեժ սարը ընդգրկված է տուրիստական երթուղիների ցանկում, հարուստ է խմելու անարատ աղբյուրներով, հանդիսանում է Արարատյան դաշտավայրը ոռոգող ջրերի ջրահավաք կարեւորագույն ավազան` տարածքին կից արդեն գործող Մարմարիկ ջրամբարով: Տարածաշրջանը հարուստ է բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով, բնական անտառներով եւ համարվում է Հայաստանի առողջարանային, ինչպես նաեւ տուրիզմի զարգացման լավագույն գոտիներից մեկը: Այլ կերպ ասած` այստեղ առկա է երկարաժամկետ, եւ որ ամենակարեւորն է, անվտանգ եւ շարունակական զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություն: Հանքարդյունաբերությունը, առավել եւս անհաջող, անտրամաբանական եւ անընդունելի նախագծի հիման վրա կազմված դրա իրագործումը, ոչ միայն սպառնում է, այլեւ միանշանակորեն վերջ կդնի վերոգրյալ արժեքներին եւ հնարավորություններին»,- մասնավորապես նշված է նամակում:
Օգոստոս 17, 2012 at 15:54
