

ԷկոԼուր
Ես նման տեղեկատվություն չունեմ, որ պոչամբարը վատ վիճակում է, ասում է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: «ԷկոԼուր»-ը Ավագյանին հարցրել էր, թե քաղաքի կողքին տեղակայված Արծվանիկի պոչամբարից որքան են Կապանի համար ավելանում ռիսկերը` կապված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության ծավալների ընդլայնման հետ: «Պոչամբարը, որպես երեւույթ, ոչ մի տարածաշրջանի համար լավ չէ, բայց ոչ մի լեռնարդյունաբերական ձեռնարկություն առանց պոչամբարների, ցավոք, չի լինում: Ես ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնում առանց մոնիտորինգ անելու վիճակի գնահատական տալ»,- ասաց Կապանի Oրհուս կենտրոնի համակարգողը:
«ԷկոԼուր»-ի կողմից նշենք, որ կոմբինատն ավելացրել է արդյունահանման ծավալները տարեկան մինչեւ 16 միլիոն տոննա եւ մտադիր է հասցնել տարեկան մինչեւ 20 միլիոն տոննա, մի քանի տարի անց` մինչեւ 30 միլիոն տոննա: Արծվանիկի պոչամբարի վերջնական ծավալը (Հայաստանի շրջակա միջավայրի մասին զեկույց, 2003, ՀՀ բնապահպանության նախարարություն) կազմում է 210 միլիոն խմ: Կոմբինատից պոչամբար եկող պոչատարը 35 կմ երկարություն ունի: Վերջին տարիներին պոչատարի վթարների արդյունքում պոչերը լցվել են անդրսահմանային Ողջի գետ, երկու անգամ լցվել են ձոր եւ վնաս պատճառել Կապանի Շղարշիկ թաղամասին: Սյունիք համայնքում (Կապանից հեռավորությունը 3 կմ է) լցոնումների եւ վթարային իրավիճակների արդյունքում հողի, ջրի եւ գյուղմթերքի աղտոտվածությունը գերազանցում է սահմանային թույլատրելի նորման տասնյակ, իսկ որոշ տոքսիկ տարրերի պահով` հարյուրավոր անգամ (Կապանում շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին զեկույց, էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, 2006):
Մայիս 21, 2012 at 16:05
