Վատ նախագիծը մերժելու փոխարեն ՀՀ բնապահպանության նախարարությունը անցկացնում է Հանքավանի մոլիբդենի հանքավայրի հասարակական լսումներ

Վատ նախագիծը մերժելու փոխարեն ՀՀ բնապահպանության նախարարությունը անցկացնում է Հանքավանի մոլիբդենի հանքավայրի հասարակական լսումներ

ԷկոԼուր

Հայաստանի հանգստյան-առողջարանային Հանքավանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հանքավանի մոլիբդենի հանքավայրի բաց եղանակով շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:  Կազմակերպիչը հանքը շահագործել նախապատրասվող «Գոլդեն Օրե» ՍՊԸ-ն է: Նախագիծը պատրաստել է «ՌԱԿԵ» ՍՊԸ-ն:

Մոլիբդենի հանքավայրը գտնվում է ՀՀ կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Հանքավան գյուղից ընդամենը 0,5կմ հեռավորության վրա եւ Հրազդան քաղաքից` 37կմ հեռավորության վրա: Նշենք, որ «ՌԱԿԵ» ՍՊԸ-ի նախագիծը հիմնված է բացառապես խորհրդային տարիների  հետազոտությունների վրա: Տվյալների համաձայն` հանքավայրը զբաղեցնում է 10 քառ.կմ տարածք:  Այս տարածքում կտեղակայվեն բացհանքը, ջարդիչ արտադրամասը, արտադրական հրապարակը,  լցակույտերը:  Արտադրական հրապարակը կառուցվելու է Հանքավան գյուղից 250մ դեպի հարավ-արևմուտք գետի հունով` Մարմարիկ գետի աջ ափին, և գրավելու է 40x80մ տարածք:

Բացի  մոլիբդենից եւ  խալկոպիրիտից  հանքավայրը պարունակում է ոչ արդյունաբերական նշանակության մի շարք մետաղներ եւ միացություններ: Դրանց թվում են պղինձը, մալախիտը, ֆեռոմոլիբդենիտը, ռենիումը, գերմանիումը, բիսմութը, սելենը, թելուրը, ոսկին, արծաթը: Ինչպես եւ այլ բացհանքերում, այստեղ նույնպես պայթեցումների ժամանակ փոշին, որն իր մեջ պարունակում է Մենդելեեւի աղյուսակը, կտարածվի շրջակա միջավայրում` ջրում, հողում:

«Գոլդեն Օրե» ՍՊԸ-ն նախատեսում է հանքի շահագործման միայն առաջին փուլի համար օգտագործել 715 տոննա պայթուցիկ նյութ, իսկ երկրորդ փուլում` 2620 տոննա:

Ընկերությունը մտադիր է «անհրաժեշտության դեպքում կատարել հանքավայրի տարածք մտնող գետերի տեղափոխում»:

Տարածքի հիմնական ջրային զարկերակը Մարմարիկ գետն է իր Ուլյաշիկ, Միսխանա, Թեժգետ վտակներով, որոնք գլխավորապես սնվում են հալոցքային ջրերից եւ բազմաթիվ աղբյուրներից: Նախագծի հեղինակները նշում են, որ հենց Միսխանա և Մարմարիկ գետերի ջուրը կօգտագործվի հանքի աշխատանքների համար: Խմելու ջուրը նույնպես կվերցվի խմելու ջրի աղբյուրներով հարուստ միեւնույն տեղամասից: Թե ինչ ճակատագիր  կունենան աղբյուրները պայթեցումների արդյունքում, անհայտ է: Սակայն սա դեռ վերջը չէ: Հանքը շահագործողները մտադիր են  բացահանքի տարածքում հետագայում ընդգրկել Դամիր-Մողարա գետի ներքին հոսանքները, ինչի համար էլ շեղելու են գետի հունը` կառուցելով ջրհեռացնող ջրատար:

Նախագծում նշված չէ, թե ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա բացհանքի շահագործումը: Խոսք չկա թունավոր փոշու տարածման, ջրի, անտառների, արոտավայրերի, էկոհամակարգերի, բնակչության առողջության, կենսաբազմազանության համար ռիսկերի մասին: Եթե ռիսկերի մասին չի նշվում, ապա պարզ է, որ այդ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների մասին նույնպես խոսք չկա:

Առաջին անգամը չէ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հասարակական լսումներ է անցկացնում վատ նախագծերի վերաբերյալ` փոխանակ մերժելու դրանք անպիտանիության համար:

17:18 Հոկտեմբեր 26, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news