ՋԵՐՄՈՒԿ ԱՌՈՂՋԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՆՔԱՎԱՅՐ…

ՋԵՐՄՈՒԿ ԱՌՈՂՋԱՐԱ՞Ն, ԹԵ՞ ՀԱՆՔԱՎԱՅՐ…

Թեհմինե Ենոքյան, ԷկոԼուր

Անցած ամառ դասընկերներիցս մեկն իր բջջային հեռախոսով նկարել էր մի մեծ քար, այն ամբողջովին փայլատակում էր: Այդ կադրը միանգամից գրավեց  ուշադրությունս: Պարզվեց` որ դասընկերս  աշխատում է «Գեոթիմ»  ընկերությունում, որը ոսկու հետախուզման աշխատանքներ է իրականացնում Ամուլսարի շրջակայքում: Ամուլսարը գտնվում է Վայոց Ձոր եւ Սյունիք մարզերի սահմանին: Հանքավայրից ոչ հեռու գտնվում են Գնդեվազ, Գորայք, Սարավան, Սարալանջ եւ Կեչուտ ոչ մեծ համայնքները, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքը:

«ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբի հետ ուղեւորվեցինք Վայոց Ձոր, որպեսզի իրավիճակին մոտիկից ծանոթանանք:

Սկզբում նշենք, որ ընկերության բաժնետեր է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):  IFC-ի պահանջներից մեկն է` համայնքներում սոցիալական ծրագրեր իրականացնել, աշխատանքային պայմաններ ստեղծել, պաշտպանել նրանց իրավունքները, և, որ ամենակարևորն է, ապահովել մարդկանց առոջության անվտանգությունը: Դա արտացոլված է ընկերության տեղեկատվական ամսաթերթիկներում, որոնք բաժանում են համայնքներում:

Օրինակ, Գորայք համայնքում «Գեոթիմ» ընկերությունն արդեն իսկ վերանորոգել է ճանապարհները, գյուղապետարանի տանիքը, նվիրել է ջրաֆիլտրացման սարք, ապահովել է աղբահանություն:

Մենք ժամանեցինք Գնդեվազ: Առաջինը, որ իմացանք, այն էր, որ մարդիկ աշխատում են ընկերությունում գյուղի համար բավականին բարձր աշխատավարձով` 100 հազարից ավելի դրամով: Մեզ ասացին, որ «Գեոթիմը» վերանորոգում է գյուղի մանկապարտեզը եւ որ շուտով Գնդեվազում պատրաստվում են նախկին կարի արհեստանոցը աշխատեցնել` տոպրակների արտադրության համար, որոնցով հանքանյութ են տեղափոխելու: Կարճ ասած, գյուղում մարդիկ շատ գոհ էին ընկերությունից: Համայնքում տպավորություն է ստեղծված, որ դա բարեգործական ընկերություն է: Բայց ի վերջո, անվճար պանիրը միայն թակարդում է լինում:

Հարց է առաջանում, թե ինչ նպատակ են հետապնդում այդ ծրագրերը: Մենք չտեսանք փաստաթղթեր, որոնցով կարելի էր ծանոթանալ ձեռնարկվող քայլերի տրամաբանության հետ: Հարցին, թե դուք ընկերությանը հարցրել եք սոցիալական միջոցառումների ցուցակի կամ ընկերության գործունեության ծրագրի, ծախսերի մասին, բնակիչներից մեկը պատասխանեց. «Անգամ անհարմար եմ զգում հարցնել այդ մասին, դա նույնն է, ինչ հարևանդ տունը վերանորոգի, ու գնաս, հարցնես` ինչքան ես ծախսել»:

Իրականությունն այն է, որ ընկերությունը մտադիր է ոսկի արդյունահանել, իսկ միջոցառումներն ուղղված են բնակիչների առողջության փոխհատուցմանը, քանի որ մարդկանց առողջությանը հանքի շահագործումից մեծ վնաս կպատճառվի: Ռիսկերի մասին մարդիկ գիտեն` այստեղից, այնտեղից լսելով:

Մեզ պատմեցին, որ Ամուլսարի կողքին եւս մի հանքավայր է շահագործվում` արծաթի եւ կապարի բարձր պարունակությամբ: Աշխատողները նույնիսկ չգիտեն, թե ով է սեփականատերը: Գիտեն միայն, որ «Երևանից է»: Աշխատողները մեզ ասացին, որ հանքերում ուրան կա, եւ ով աշխատում է, ճառագայթման ազդեցության տակ է գտնվում: «Բա կազդի, բա ինչ կանի, ուղղակի ես քիչ եմ աշխատել` իմ վրա այդքան չեմ զգում, իսկ նրանք, ովքեր արդեն 1-2 տարի աշխատում են, բա ոնց չի ազդի»,- ասաց գյուղացիներից մեկը:

«Գեոթիմ» ընկերությունը նախատեսում է հանքը բաց եղանակով շահագործել և հավաստիացնում է, որ   բնակչության համար ոչ մի ռիսկ չկա: Գնդեվազի բնակիչներն ասում են, որ ընկերությունն իրենց ասել է. «Գիտենք, որտեղ կոնկրետ ուրան կա և այդքան խորությամբ չենք պատրաստվում  պայթեցնել»:

Բաց եղանակով շահագործումը  հարցականի տակ է դնում  մարդկանց առողջությունը, շրջակա միջավայրի մաքրությունը: Նույնիսկ եթե հանքում ուրանի և կապարի պարունակությունը ընկերության համար արդյունաբերական նշանակության չէ, պայթյունի ժամանակ տոքսիկ տարրերը փոշու հետ կարող են տարածվել մեծ տարածություններ: Վերամշակման ժամանակ առաջանում են միլիոնավոր տոննա լցակույտեր եւ դատարկ ապարներ: Նրանց մեջ առկա ագրեսիվ տարրերը տեղումների հետ կներթափանցեն ստորգետնյա եւ գրունտային ջրերի մեջ: Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն հետեւանքները:

Ռիսկային գոտում ներառված են 5-6  փոքր համայնքներ: Նրանցից մեկը` Կեչուտը, գտնվում է Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում` քաղաքից 2-3 կմ հեռավորության վրա: Զարմանալին այն է, որ «Գեոթիմ» ընկերությունը ջերմուկցիներին վստահեցնում է, որ փոշին եւ աղտոտվածությունը Ջերմուկ չեն հասնի, քանի որ Ջերմուկի եւ հանքավայրի միջեւ ընկած տարածությունը մեծ է:

Այդ հիմնավորմամբ Ջերմուկը ներառված չէ բաց շահագործման նախագծի ազդեցության գոտու մեջ: Ջերմուկում հասարակական լսումներ չեն անցկացվել: Իսկ Գնդեվազում մարդկանց մի մասն ասում է, որ մասնակցել է քննարկումներին, իսկ մյուս մասն ընդհանրապես չի լսել, որ ինչ-որ լսումներ են եղել: Ջերմուկում հանդիպումներ են ունեցել առանձին մարդկանց հետ, բայց հիմնականում ջերմուկցիները անհանգստացած են, թե արդյոք Ամուլսարի հանքում ուրան կա, թե ոչ եւ չգիտեն` ում դիմեն:

Ջերմուկը միջազգային մասշտաբի առողջարան է: Արդյոք առողջարան կմնա՞ Ջերմուկն այն բանից հետո, երբ կսկսի Ամուլսարի բաց շահագործումը, թե՞ մենք պետք է հայտարարենք  SOS Ջերմուկ:

Ապրիլ 20, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր