

Tert.am
Բնապահպաններն ու Սյունիքի մարզկենտրոն Կապանի ազգաբնակչությունը մտահոգված է Կապանի Շահումյան և Բանավան թաղամասի բազմամետաղային հանքի՝ բաց եղանակով շահագործման հարցով։ Արդեն իսկ խոսակցություններ կան, որ հանքի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ հանքավայրը բաց եղանակով շահագործել, ինչն, ըստ բնապահպանների, հսկայական բնապահպանական և առողջապահական խնդիրներ կառաջացնի Սյունիքում։
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը դեռ երկու տարի առաջ հայտնաբերել է, որ Սյունիքի որոշ տարածաշրջաններում ջրի, հողի և սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայությունը սահմանային թույլատրելի նորման գերազանցում է մի քանի անգամ։ Նշենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը Շահումյանի բազմամետաղային հանքը նախկինում շահագործել է փակ եղանակով։
Զարաֆյանի խոսքով՝ պատասխանատու պետական գերատեսչությունները չեն հետաքրքվում հիմնախնդրով։ Ըստ նրա՝ Կապան և Քաջարան քաղաքներում առողջապահության նախարարությունը պետք է միջոցառումներն իրականացնի և պետպատվերով բուժզննման ենթարկի մարդկանց։ «Այստեղ արդեն կան դեպքեր, երբ չորս տարեկան երեխաների բոլոր ատամները սևացած են»,– նշեց բնապահպանը։
Բնապահպանները հիշեցնում են՝ ծանր մետաղները շրջակա միջավայրում չեն չեզոքանում. դրանք ժամանակի ընթացքում կուտակվում են հողում և մարդկանց օրգանիզմում՝ առաջացնելով բազմաթիվ ծանր հիվանդություններ»։
Էկոլոգիական հասարակական դաշինքի նախագահ Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ իրենք ստացել են ահազանգեր, ըստ որոնց՝ հանքի շահագործման արդյունքում Կապանում 50 հազար ծառ է հատվելու։ Սակայն Կապանի քաղաքապետը ստել է՝ պաշտոնապես հայտարարելով, որ խոսքը 7000 ծառի մասին է։ «Մինչև ե՞րբ պետք է այս գործողությունները շարունակվեն։ Մենք կորցնում ենք Զանգեզուրը, կոմբինատի շահագործման արդյունքում շուտով այս տարածքում չենք ունենա բնակիչ։ Մնացած բնակիչներն էլ կտառապեն ծանր հիվանդություններով։ Մենք շատ տվյալներ ունենք, որ Քաջարանում արդեն իսկ հիվանդ երեխաներ շատ են ծնվում։ Հիմա մենք այս ամենը տեղափոխում ենք Կապան։ Մենք հարց ենք տալիս մեր կառավարությանը՝ արդյոք կառավարությունը միայն հանքեր շահագործելու մասի՞ն է մտածում»,– ընդգծեց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանները կդիմեն Եվրոպական բանկին, որը ֆինանսավորելու է հանքավայրի շահագործման ծրագիրը՝ խնդրելով կասեցնել ֆինանսավորումը։
Բացի այդ, նրանք կդիմեն նաև «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության սեփականատեր կանադական «Դենդի Փրեշըզ Մեթլզի» ղեկավարներին և Կանադայի վարչապետին՝ ահազանգելով այս աղետի մասին։
Միաժամանակ, բնապահպանները տեղեկացրին, որ ՀՀ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռևս չի տվել։ «Մենք փորձում ենք կանխարգելել այդ նախագծի իրագործումը։ Փորձը ցույց է տալիս, որ քննարկումների ժամանակ արդեն բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում»,– ընդգծեցին բնապահպանները։
«ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՈՒՆԵՆՔ ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ»
Aysor.am
Կապանի բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման վտանգների և բացասական ազդեցությունների շուրջ այսօր մամլո ասուլիսում խոսեց «էկոլուր» հասարակական-տեղեկատվական կենտրոնի նախագահ Ինգա Զարաֆյանը և նշեց, որ հանքի բաց շահագործման նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում նախ և առաջ հասարակության առողջության և կյանքի համար:
«Եթե նախագիծն իրականացվի` Կապանը կգտնվի թակարդում: Մի կողմից ունենք Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի կողմից աղտոտված տարածություն, և հենց Կապանի կոմբինատի գործունեությունը` իր Գեղանուշ պոչամբարով և դատարկ ապարներով, որոնք պարունակում են տոկսիկ ծանր մետաղներ»,- նշեց Ի. Զարաֆյանը:
Բանախոսը ներկայացրեց «Էկոնոսֆերա» կենտրոնի ուսումնասիրությունները` տեղեկացնելով, որ ըստ կենտրոնի հետազոտությունների` Կապանում ջրի, հողի, սննդամթերքի աղտոտվածությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են սահմանված նորմերը:
«Կապանում մենք արդեն ունենք աղետալի վիճակ»,- ընդգծեց բանախոսը և հավելեց, որ տարածաշրջանում աշխատատեղերը դարձել են մի գործոն, որի վրա «խաղում» է «Դենո գոլդ մայնինգ» ընկերությունը և կառվարությունը, և, ըստ հաշվարկների, 5-6 տարուց աշխատատեղեր այլևս չեն լինի:
«Ի՞նչ է անելու այդ ժամանակ Կապանի ժողովուրդը»,- հարց է տալիս Ինգա Զարաֆյանը:
Ի՞ՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՆԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՈՍԿՈՒ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԻ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Panorama.am
Կապանի Շահումյան թաղամասի ոսկու բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման արդյունքում Կապանը կհայտնվի աղետալի վիճակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության, Էկոլոգիական հասարակական դաշինք, «Էկոդար« ՀԿ-ի ներկայացուցիչները` անդրադառնալով հանքի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից հանքավայրը բաց եղանակով շահագործման խնդրին, ինչը հսկայական բնապահպանական և առողջապահական խնդիրներ կառաջացնի Սյունիքում: Նշենք, որ ընկերությունը ներկայումս հանքը շահագործում է փակ եղանակով:
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով, հանքավայրի բաց շահագործման նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում բնակչության առողջության և կյանքի համար: Ըստ նրա, եթե այդ նախագիծն իրականացվի, ապա Կապանը կհայտնվի թակարդում: «Մի կողմից մենք ունենք Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատի կողմից աղտոտված տարածքը, Կապանի կոմբինատի գործունեությունը, որն արդեն իսկ ռիսկեր է պարունակում իր Գեղանուշ պոչամբարով, հիմա էլ այդ հանքավայրի բաց շահագործումը, արդյունքում ի”նչ կստացվի»,- նկատեց Ի.Զարաֆյանը: Ըստ նրա, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը 2-3 տարի առաջ անցկացրել է հետազոտություն, համաձայն որի` Կապանում ջրի, հողի և սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայությունը սահմանային թույլատրելի նորման գերազանցում է մի քանի տասնյակ անգամ:
Ի.Զարաֆյանի տեղեկացմամբ, ընկերությունն ունի հանքի շահագործման լիցենզիա 15 տարի ժամկետով, սակայն այն երկարացվել է ևս 15 տարով: Ներկայումս ընկերությունը արդյունահանում է տարեկան 430 հազար տոննա հանք, եթե նրանք շարունակեն փակ եղանակով շահագործել հանքավայրը, ապա նրանց գործունեությունը կտևի մոտ 25 տարի, իսկ եթե շահագործեն բաց եղանակով` 5-6 տարի: Դա նշանակում է, որ հանքում աշխատող մարդիկ աշխատանք չեն ունենա, մինչդեռ ՀՀ կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ ընկերության համար զիջումներ է անում առաջին հերթին աշխատատեղերի ապահովման առումով: « Եթե Քաջարանում մարդիկ բարձր վարձատրվելու դիմաց իրենց առողջության վրա խաչ են քաշում, ապա Կապանում ինչ պետք է անեն, ոչ մեծ գումար են ստանում, աշխատավարձերն էլ վերջին տարիներին կրճատվել են: Այստեղ պետք է մեծ դեր ունենա կառավարությունը, որն ընդհանրապես չենք տեսնում»,- ասաց Ի.Զարաֆյանը:
Նա միաժամանակ նշեց, որ պատասխանատու պետական գերատեսչությունները նույնպես չեն հետաքրքվում հիմնախնդրով: Առողջապահության նախարարությունը ընդհանրապես չի արձագանքում, ոչ էլ զբաղվում է հետազոտություններով, սակայն նախարարությունը պետք է այդ տարածքի բնակիչների համար պետպատվերով բուժսպասարկում իրականացնի: «Ծանր մետաղները կուտակվում են և հողի մեջ, և մարդկանց օրգանիզմներում: Ոչ ոք չի հետազոտում, թե ինչ է կատարվում այդ մարդկանց հետ: Մենք տեսել ենք, որ փոքր երեխաների ատամներն արդեն սևացած են»,- ասաց «Էկոլուր»-ի նախագահը` հավելելով, որ բնապահպանության նախարարությունից ևս արձագանք չկա:
Նշվեց նաև, որ թեև նախագիծը դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության, սական խոսվում է, որ նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի խոսքերով, իրենք 50 հազար ծառերի հատման մասին ահազանգեր ստացել են, սակայն Կապանի քաղաքապետը հայտարարել է, որ խոսքը 7000 ծառի մասին է: «Մինչև երբ մեր երկրում, մասնավորապես Զանգեզուրի տարածքում պետք է այս գործողությունները շարունակվեն: Միթե մեզ համար, մեր ժողովրդի համար ոչ մի անհանգստանալու, մտորումների տեղիք տվող բան չունեք: Մենք կորցնում ենք Զանգեզուրը, շուտով այս տարածքում չենք ունենա ոչ մի բնակիչ, իսկ մնացածները կտառապեն ծանր հիվանդություններով»,- հայտարարեց Ս.Ադամյանը: Ըստ նրա, Քաջարանում մեծ թվով հիվանդ մարդիկ կան, ինչպես նաև արձանագրվում են անոմալ ծնունդներ: Այս ամենը ավելի սուր վիճակով տեղափոխում են Կապան: «Մենք հարց ենք տալիս մեր կառավարությանը` արդյոք կառավարությունը միայն հանքեր շահագործելու մասի՞ն է մտածում»,- ընդգծեց Ս.Ադամյանը:
Բնապահպանները նշեցին, որ պատրաստվում են դիմել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության սեփականատեր կանադական «Դենդի Փրեշըզ Մեթլզի» ղեկավարներին և Կանադայի վարչապետին՝ ահազանգելով այս աղետի մասին: Բացի դրանից, կդիմեն Եվրոպական բանկին, որը ֆինանսավորելու է հանքավայրի շահագործման ծրագիրը: Նշվեց նաև, որ ՀՀ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռևս չի տվել։ Այսպիսով, իրենք փորձում են կանխարգելել այդ նախագծի իրագործումը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ քննարկումների ժամանակ արդեն բոլոր համաձայնությունները ձեռք են բերվում:
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐ. ԿԱՊԱՆԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԸ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՉԵՆ ՄՆԱ
News.am
Կապանի Շահումյան եւ Բանավան թաղամասում բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործումը «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության կողմից մտահոգել է բնապահպաններին եւ Սյունիքի մարզկենտրոնի բնակչությանը: Հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը բնապահպաններ «Էկոլուր» ,«Էկոդար» եւ «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախագահներ Ինգա Զառաֆյանը, Հրայր Սվազյանը եւ Սիլվա Ադամյանը նշեցին, որ հանքի շահագործումը Սյունիքում առաջացնելու է բազմաթիվ բնապահպանական եւ առողջական խնդիրներ:
«Էկոլուրի» նախագահը տեղեկացրեց, որ Կապանում արդեն գրանցվել է մեկ դեպք, երբ չորս տարեկան երեխայի ատամներն ամբողջությամբ սեւացած են եղել, իսկ Սիլվա Ադամյանն էլ իր հերթին նշեց, որ Սյունիքում` մասնավորապես Քաջարանում, պղնձամոլիբդենային կոմբինատի պատճառով արդեն իսկ բազմաթիվ հիվանդ երեխաներ են ծնվում եւ եթե Կապանում հանքը բաց եղանակով շահագործվի, ապա նույնը կկրկնվի նաե այդտեղ:
Բնապահպանները միաձայն նշեցին, որ համապատասխան պետական գերատեսչություններին այս խնդիրը չի հուզում:
«Մինչեւ ե՞րբ պետք է այս գործողությունները շարունակվեն։ Մենք կորցնում ենք Զանգեզուրը, կոմբինատի շահագործման պատճառով շուտով այս տարածքում բնակիչներ չեն մնա: Իսկ մնացած բնակիչներն էլ կտառապեն ծանր հիվանդություններով։ Արդյոք, կառավարությունը միայն հանքեր շահագործելու մասի՞ն է մտածում»,– նշեց «Թռչնասերների կենտրոն»-ի նախագահը:
Թեեւ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռ չի տվել, սակայն բնապահպանները պատրաստվում են արդեն իսկ դիմել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» ղեկավարությանը, ինչպես նաեւ Եվրոպական բանկին, որպեսզի վերջինս չֆինասնավորի հանքի շահագործումը:
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ
Zhamanak.com
Կապանի Շահումյան և Բանավան թաղամասերի բազմամետաղային հանքի շահագործումը լուրջ բնապահպանական խնդիրներ կառաջացնի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Էկոլուր», «Էկոդար» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախագահներ Ինգա Զառաֆյանը, Հրայր Սվազյանը և Սիլվա Ադամյանը: Նրանց խոսքով` «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև 2011 թ. վերջը հանքավայրը բաց եղանակով շահագործել։
Ըստ «Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանի՝ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը դեռ երկու տարի առաջ հայտնաբերել է, որ Սյունիքի որոշ տարածաշրջաններում ջրի, հողի և սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայությունը սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցում է։ Նրա խոսքով, Կապանում արդեն գրանցվել է մեկ դեպք, երբ չորս տարեկան երեխայի ատամներն ամբողջությամբ սևացած են եղել:
Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ Քաջարանում պղնձամոլիբդենային կոմբինատի պատճառով բազմաթիվ հիվանդ երեխաներ են ծնվում, և եթե Կապանում հանքը բաց եղանակով շահագործվի, ապա նույնը կկրկնվի նաև այստեղ: Բացի այդ, ըստ Ս. Ադամյանի, իրենք ահազանգ են ստացել, ըստ որի՝ հանքի շահագործման արդյունքում Կապանում 50 հազար ծառ է հատվելու։
ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆՔ
Lragir.am
Կապանից ընդամենը մեկ կմ հեոռավորության վրա գտնվող Շահումյան բանավանում գտնվող բազմամետաղային հանքը Դինո Գոլդ մայնինգ ընկերությունը պատրաստվում է շահագործվել բաց եղանակով, որի իրականացման համար պատրաստվում են հատել 50.000 ծառ:
Բացի այդ, բաց հանքի շահագործումը մեծ վնաս է հասցնելու առանց այն էլ էկոլոգիական աղետի եզրին կանգնած Կապանը: Բնապահպանական ՀԿ-ները բազմիցս անդրադարձել են հանքի` բաց եղանակով շահագործելու խնդրին: Էկոլուր տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով` բաց շահագործման նախագիծը շատ մեծ ռիսկեր է պարունակում բնակչության առողջության և կյանքի համար, և եթե նախագիծն իրականացվի, Կապան քաղաքը կհայտվի թակարդում, քանի որ մի կողմից Քաջարանի պղանձամոլիբդենային կոմբինատի, մյուս կողմից Արծվանիկի բաց պոչամբարի աղտոտվածությունը անմիջապես Կապան են լցվում:
Բացի այդ, արդեն Կապանի կոմիբինատի գործունեությունը մեծ ռիսկեր է պարունակում և իր պոչամբարով, և ապարներով, մինչդեռ երկու տարի առաջ անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Կապանում ջրի, հողի, սննդամթերքի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանները: «Հիմա բոլորը խոսում են աշխատատեղերի մասին, և աշխատատեղերը դառնում են գործոն, որի վրա խաղում են թե Դինո գոլդ մայնինգը և թե մեր կառավարությունը, որ աջակցում է ընկերությանը», ասել է Ինգա Զարաֆյանը:
Խնդրի առնչությամբ չեն մտահոգվում ոչ բնապահպանության նախարարությունը, ոչ կառավարությունը, ոչ էլ առողջապահության նախախարությունը: Ավելին, այն որպես նախագիծ` անգամ ներկայացված էլ չէ բնապահպանության նախարարություն:
Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ անհասկանալի է, թե ուր պետք է տանի պետական այրերի, կառավարության այս գործընթացը, մինչև երբ մեր երկրում, մասնավորապես Զանգեզուրի տարածքում պետք է այս գործողությունները շարունակվեն. «Մենք կորցնում ենք Զանգեզուրը, շուտով այս տարածքում չենք ունենա ոչ մի բնակիչ, մնացած բնակիչներն էլ կտառապեն ծանր հիվանդություններով. սրա մասին խոսում են թե տեղի բժիշկները, թե Քաջարանի կոմիբինատի աշխատակիցները», ասել է Սիլվա Ադամյանը` հավելելով, որ շատ են անոմալ ծնունդերը, և այս ամենը Քաջարանից ավելի սուր վիճակով տեղափոխում ենք Կապան:
«Մենք հարց ենք տալիս մեր կառավարությանը` արդյո՞ք մեր կառավարությունը միայն մտածում է հանքեր շահագործելու մասին, չէ՞ որ պետք է մտածի նաև մեր ժողովրդի բարօրության, առողջ ապրելակերպի, հետագա զարգացման մասին, բայց այսդ բոլոր գործողությունները դրա մասին չեն վկայում:
Ինգա Զարաֆյանը, Էկոլոգիական դաշինքը համատեղ որոշել են նամակ գրել Դանդի փրեշըս մեթըլզ կազմակերպության ինվեստրներին, որոնք գտնվում են Կանդայում` փորձելով հանքի հետ կապված իրավիճակը ներկայացնել նրանց, դիմելու են Եվրոպական բանկ /ներքին տեղեկատվության համաձայն, բանկը 50 միլիոն դոլար է տրամադրելու ընկերությանը/` փորձելով կանգնեցնել գործընթացը:
Էկոդար ՀԿ նախագահ Հրայր Սավզյանն էլ անդրադառնալով նամակին, նշել է, որ պետք է Կանադայի իշխանություններին դիմել, ինչպես նաև կանադական զլմ-ներով տարածել խնդիրը, քանի որ, ինչպես նշել է Հրայր Սավզյանը, իրենք գիտեն`կազմակերպությունը ցավով է վերաբերում իր վարքին, հեղինակությանը:
Հրայր Սավզյանը նաև նշել է, որ բաց հանքի շահագործման դեպքում շատ ավելի քիչ աշխատատեղեր կբացվեն,քան փակ հանքի դեպքում: «2007-ին, երբ եղավ Թեղուտի որոշումը հանքի շահագործման վերաբերյալ, մենք նշում էինք, որ սա կարող է վատ նախադեպ դառնալ հանքարդունաբերության նպատակով ծառերի հատման, անտառների ոչնչացման առումով: Հիմա մենք դրա պտուղները տեսնում ենք», ասել է Հրայր Սավզյանը` նշելով, որԿապանի քաղաքապետի հնչեցրած թիվը, թե 7000 ծառ է հատվելու, չի համապատասխանում իրականությանը, խոսքը 50.000 ծառերի հատման մասին է: Նա նաև ասել է, որ շատ հնարավոր է ծառերի հատման ժամանակ շատ էկոլոգներ, ՀԿ ներ հավաքվեն վրաններով ճամբար կազմեն, և ֆիզիկապես թույլ չտան, որ այդ ծառերը հատվեն:
ԸՆԴԴԵՄ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ. ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԿԱՊԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ
Գայանե Մկրտչյան, ԱրմենիաՆաու
Հայաստանի բնապահպանները մտահոգված են, որ Կապանում Շահումյանի բազմամետաղային հանքավայրի սեփականատեր «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ սկսել հանքի բաց շահագործումը:
Մինչ այժմ ընկերությունը հանքը շահագործել է փակ եղանակով, ինչը տնտեսական տեսանկյունից ավելի թանկ է, սակայն կրճատում է բնապահպանական ռիսկերը:
Սակայն տարածքի բնակիչներն անհանգստանում են, որ ընկերությունը կարող է ավելի նպատակահարմար աշխատանքներ` պայթեցումներ իրականացնել «երկրի երեսին»` վտանգավոր մասնիկներ տարածելով:
«Բաց եղանակով շահագործման դեպքում ծանր մետաղներով հագեցած ամբողջ փոշին կգնա դեպի Կապան»,- ասում է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:
Դեռևս 2009 թ. Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հայտնաբերել էր, որ Սյունիքի որոշ տարածաշրջաններում ջրի, հողի և սննդամթերքի մեջ ծանր մետաղների առկայությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանային թույլատրելի նորման։
Բնապահպանները նշում են, որ ծանր մետաղները շրջակա միջավայրում չեն չեզոքանում. դրանք ժամանակի ընթացքում կուտակվում են հողում և մարդկանց օրգանիզմում` առաջացնելով բազմաթիվ ծանր հիվանդություններ:
Հանքի բաց շահագործման դեպքում հատվելու են 50.000 պտղատու ծառեր, որոնք դեռևս երկու տարի առաջ ընկերությունը գնել է այդ տարածքի բնակիչներից փոխհատուցման միջոցով:
ՀՀ կառավարությունը հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվություն դեռևս չի տվել։
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանն ասում է, որ իրենք փորձում են կանխարգելել նախագծի իրագործումը։
«Փորձը ցույց է տալիս, որ քննարկումների ժամանակ արդեն ձեռք են բերվում բոլոր համաձայնությունները»,- ասում է նա:
Զարաֆյանը բացատրում է, որ, որպես կանոն, որոշումն ընդունվում է հետևյալ ձևակերպմամբ` հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը: Այս փաստարկը բերվում է միշտ, երբ մասնավոր ընկերությունը մտադիր է մեծացնել սեփական շահույթը հանրային և ազգային սեփականության` ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթի և, վերջապես, ուրանի հաշվին:
Բնապահպանները պատրաստվում են դիմել Եվրոպական բանկ, որը ֆինանսավորելու է հանքավայրի շահագործման ծրագիրը՝ խնդրելով կասեցնել ֆինանսավորումը: Ինչպես նաև դիմելու են «Դինո գոլդ մայնինգ» ընկերության սեփականատեր կանադական «Դենդի փրեշըզ մեթլզի» ղեկավարներին և Կանադայի վարչապետին` ահազանգելով այս աղետի մասին։
Հունվար 17, 2011
